Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սրտի վիրահատությունը թանկ հաճույք է

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Աղքատները, որքան էլ ծանր սրտային հիվանդություն ունենան՝ «Փարոսի» երեսից չեն կարողանում վիրահատվել:

«Մեր երկրում առկա են սրտային հիվանդությունների զարգացմանը նպաստող բոլոր պայմանները: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ մարդիկ այսքան շատ ծխեն ու այսպես սխալ սնվեն: Չնայած գենետիկորեն մեր ազգը սրտային հիվանդությունների հակում չունի, բայց ճարպերով հարուստ սննդամթերքի օգտագործումը, սպորտով չզբաղվելն ու չափազանց շատ ծխելը հանգեցնում են նրան, որ ամեն տարի սրտային անբավարարությամբ տառապող հիվանդների աճ է արձանագրվում»,- «Առավոտի» հետ զրույցում մեր բնակիչների անառողջ ապրելակերպի մասին այսպիսի մտահոգիչ կարծիք հայտնեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբան Վահագ Սարգսյանը: Ըստ նրա, գնալով մեր երկրում սրտային հիվանդությունները երիտասարդանում են. «28 տարեկան հիվանդ էլ ենք ունենում, նույնիսկ սրտային բնածին արատներով նորածինների ենք վիրահատում»:

Բուժկենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի աշխատանքային փորձը ցույց է տվել, որ սրտային սուր հիվանդություններով հիմնականում հիվանդանոց են դիմում սոցիալապես կարիքավոր մարդիկ: Քանի որ սրտի վիրահատությունը ամենաթանկն է Հայաստանում, հիվանդանոցի տնօրինությունը անգամ մահվան շեմին հայտնված աղքատներին երբեմն ստիպված է լինում մերժել ու վիրահատություն չանել: Կախված հիվանդության բարդությունից եւ վաղեմությունից՝ սրտի վիրահատության համար պետք է վճարել 1 մլն 200 հազարից մինչեւ 2 միլիոն 700.000 դրամ, ինչը նույնիսկ միջին աշխատավարձով ապրող ընտանիքների համար բավականին մեծ գումար է: Տնօրենի պարզաբանմամբ՝ իրենք վիրահատության գումարի 60 տոկոսը բժշկական նյութերի վրա են ծախսում, ուստի չեն կարող հիվանդանոցի բյուջեից անընդմեջ մարդկանց զեղչեր անել կամ առավել եւս՝ անվճար վիրահատել:

Այս տարի առաջին անգամ սրտի վիրահատության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների համար «Նորք-Մարաշ» հիվանդանոցին պետբյուջեից տրամադրվել է 170 միլիոն դրամ: Հիվանդանոցի տնօրեն Լիդա Մուրադյանի տեղեկացմամբ, այս գումարը կբավականացնի մոտ 110 անապահով հիվանդների անվճար վիրահատության համար: Ինչպես տեղեկացանք առողջապահության նախարարությունից, անապահով են համարվում «Փարոսում» հաշվառված այն ընտանիքները, որոնց աղքատությունը 36 եւ ավելի բալ է գնահատվել: Այս առնչությամբ Լիդա Մուրադյանն իր դժգոհությունը հայտնեց, որ շատ հաճախ հիվանդանոցին դիմում են աղքատության նպաստ ստացող ծայրահեղ կարիքավոր ընտանիքներ, որոնց չքավորությունը «Փարոսը» գնահատել է, ասենք, 35.4 կամ 33.7 բալ. «Անհասկանալի է, թե այդ հաշվարկներն ինչ մեթոդներով են կատարվում: Վերջերս վիրահատության կարիք ունեցող մի խիստ անապահով մարդու «Փարոսը» տեղեկանք չէր տվել՝ նրա կարիքավորության աստիճանը 36 բալից 1-2 բալ ցածր գնահատելով: Պատճառաբանել էին, թե տանը հեռուստացույց ունի: Ստացվում է, որ կարիքավոր համարվելու համար մարդը սեփական ոչ մի բան ունենալու իրավունք չունի՞»: Հիվանդանոցի տնօրենը պատրաստվում է բողոքով դիմել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ բողոքելու, որ իրենց աչքի առաջ աղքատ մարդիկ սրտի հիվանդությունից մահանում են՝ իրենք սահմանված այդ 36 բալի համար չեն կարողանում մարդկանց օգնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել