Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ԿԱ, ՕՐԻՆԱԽԱԽՏԸ ԿԱ՝ ՏՈՒԳԱՆՈՂ ՉԿԱ

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Ոչ մի նախարարություն ծխախոտամոլության դեմ պայքարելու գործն իր վրա չի վերցնում \"\"

Լուսանկարում պատկերված անչափահաս երեխաներին, որոնք օրը ցերեկով Ամիրյան փողոցում «նարգիլե» էին ծխում, հանդիպեցինք պատահաբար: Տղաներից մեկը 9 տարեկան էր, մյուսը՝ 14: Ծխում էին, իրենց խոսքերով ասած՝ «հավեսի համար»: «Նարգիլեն» երեխաներից մեկը բերել էր իրենց տնից: Երբ հետաքրքրվեցինք, թե չե՞ն վախենում, որ հանկարծ ծնողները բռնացնեն փողոցում ծխելիս, տղաները ծիծաղեցին. «Իրանք մեզ չեն արգելում, էդքան հետամնաց չեն: Յեքա տղերք ենք, ծխելու մեջ ի՞նչ կա: Էս տարիքում չծխելն ա ամոթ»:

Նկատենք, որ մեր այս փոքր երկրում ծխախոտամոլության դեմ պայքարող 23-ից ավելի հ/կ-ներ կան, որոնք արդեն քանի տարի է՝ տեղական ու միջազգային դոնորներից մեծ դրամաշնորհներ են ստանում՝ իբր ծխողներին «դարձի բերելու» համար: Փաստորեն, այս տարիների ընթացքում նրանց նույնիսկ չի հաջողվել հասարակությանը տեղեկացնել, որ ծխելն արգելելը հետամնացություն չէ, եւ որ 9 տարեկան երեխան իրավունք չունի ծխել: Նրան խանութում ծխախոտ վաճառել չի թույլատրվում, իսկ հասարակական վայրերում ծխելու դեպքում պետք է առնվազն կարգի հրավիրեն, ծխախոտն էլ վերցնեն: Համենայնդեպս, այդպես է սահմանվում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքով: Չնայած այդ օրենքն ամեն քայլափոխի խախտվում է, եւ փողոցներում, դպրոցներում ծխող երեխաների թիվը՝ ավելանում, չգիտես ինչպես, հ/կ-ների տվյալներով, ծխողները Հայաստանում ոչ թե տարեցտարի, այլ նույնիսկ օրեցօր նվազում են: Առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի կոորդինատոր Ալեքսանդր Բազարչյանը մեզ հետ զրույցում վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ իրենց պայքարի արդյունքում ամենօրյա ծխող տղամարդկանց թիվը 4-5 տոկոսով նվազել է: Թե ինչ հաշվարկով են այդպիսի եզրակացոթյան եկել՝ հայտնի չէ:

Նկատենք, որ ծխախոտամոլության դեմ պայքարի ընթացքում հ/կ-ների ամենամեծ ձեռքբերումը օրենքի ընդունումն է եղել: Չնայած արդեն մոտ 3 տարի է՝ ինչ օրենքը գործում է, սակայն ներկայումս այդ օրենքի որոշ հոդվածներից անգամ օրենքի վերահսկողները տեղյակ չեն:

Օրինակ, 8-րդ հոդվածի համաձայն, ծխախոտի վաճառքի բոլոր կետերում՝ դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում պարտադիր պետք է փակցվեն նախազգուշացումներն այն մասին, որ այստեղ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում, իսկ լիազորված մարմինն էլ իր հերթին պետք է խանութների մոտ զգուշացումներ փակցնի՝ մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ: Մինչդեռ որեւէ խանութի կամ դրամարկղի մոտ այդպիսի զգուշացումներ չկան, փոխարենը՝ ծխախոտ արտադրող ընկերությունների գովազդներն են, որոնք խանութ մտնող-ելնողին ստիպում են փորձել մենթոլի, տարբեր մրգերի կամ պարզապես փափուկ համով ծխախոտները: Պարզվում է, որ մինչ օրս դեռ չկա մեկը, որի վրա դրված կլինի խանութների մոտ զգուշացումներ տեղադրելու պարտավորությունը: Առողջապահության նախարարությունից վստահեցրին, որ օրենքի այդ պահանջը պետք է կատարի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը: Սակայն այդտեղից էլ պարզաբանեցին, որ դա իրենց գործառույթը չէ: «Մենք այդ օրենքի լիազոր մարմինը չենք: Օրենքը չի ասում՝ ով պիտի ստուգի, ով պիտի տույժի ենթարկի, ով պիտի զգուշացումներ փակցնի: Այդ առումով իրավական դաշտը լրիվ ձեւավորված չէ: Իմ կարծիքով՝ դա առողջապահության նախարարության խնդիրն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նախարարության առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Թաղային համայնքները նույնպես իրենց վրա չվերցրին զգուշացում փակցնելու գործը:

Շրջելով մայրաքաղաքի 12 առեւտրի կետերում, որտեղ ծխախոտ է իրացվում, պարզեցինք, որ դրանցից ոչ մեկում վաճառողները չգիտեին, որ անչափահասներին իրավունք չունեն ծխախոտ վաճառել: Ավելին՝ մեր ներկայության ժամանակ էլ մոտ 10 տարեկան մի երեխա 1 տուփ «L&M» գնեց՝ առանց որեւէ արգելքի: Մինչդեռ, ըստ օրենքի, նույնիսկ 17-ամյա պատանուն իրավունք չունեն ծխախոտ վաճառել, իսկ կասկածելու դեպքում խանութը պետք է անձնագիր պահանջի: «Ամեն մեկից որ պասպորտ ուզենք, ո՞ւր կհասնի, փաստորեն՝ խանութում մեկն էլ պետք է, որ պասպորտ ստուգի: Երեխան էլ մեզ համար գնորդ ա, ի՞նչ տարբերություն, եթե նրան սիգարետ չտանք՝ կգնա ուրիշ խանութից կառնի, ու էլ մեր խանութ չի գա, մենք էլ կլիենտ կկորցնենք»,- այսպես արդարացավ սուպերմարքեթներից մեկի մենեջերը:

Չնայած օրենքը պահանջում է, որ հատիկով ծխախոտ արգելվում է վաճառել, Րաֆֆու փողոցում՝ Անդրանիկի արձանի հարեւանությամբ, Արշակունյաց եւ Ալեք Մանուկյան փողոցներում տեղակայված խանութներում բաց տուփերով ու հատիկով այն ազատ վաճառում են, նույնիսկ երբեմն հաճախորդներին մանրադրամի փոխարեն են տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել