Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՏԱՆԸ ՄՆԱՆ

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Հարազատներն իրենց հիվանդին տանում են ծերանոց ու տնօրինությանը խնդրում անգամ նրա մահանալու դեպքում իրենց տեղյակ չպահեն, որ աղջիկների ուզողները «հուշտ» չլինեն:

«Շատ հարազատներ ու ազգուտակ ունեմ, բայց էսօրվա օրով մենակ եմ մնացել: Դրա համար էլ երբ ինձ հարցնում են հարազատների մասին, ասում եմ՝ ոչ մի բարեկամ չունեմ, եթե ունենայի՝ ստե՞ղ կլինեի: Ավելի լավ է ըտենց իմանան, քան իմ երեխեքին ամոթանք տան, որ ինձ ծերանոց են գցել»,- Վարդենիսի տուն-ինտերնատում բնակվող 75-ամյա Նվարդ Աթոյանը «Առավոտի» հետ զրույցում այսպես սկսեց իր պատմությունը, թե ինչպես է բազմանդամ ընտանիք ունենալով հայտնվել ծերանոցում՝ մենության մեջ: Նա արդեն 3 տարի ինտերնատում է: Մինչեւ ծերանոց գալն ապրել է եղբոր տանը, սակայն վերջինիս մահից հետո հարսի հետ լեզու չի գտել ու ինքն իր կամքով, ուրիշին նեղություն չտալու համար թողել-հեռացել է: Նվարդ տատը ծերանոցում իրեն շատ լավ է զգում: Ասում է, որ այստեղ իրեն շատ ավելի լավ են վերաբերվում, քան հարազատները. «Ամբողջ օրը սերիալներ եմ նայում, լուրերն եմ լսում, քնում եմ՝ օրն անցնում է: Էս տուն-ինտերնատն իմ փրկությունն է, էստեղ ինձ լավ են հասկանում: Ոնց որ նոր ծնված երեխա լինեմ, ինձ այ ըտենց պահում են, էնպիսի ճաշեր եմ ուտում, որ մեր տանը նույնիսկ անունը լսած չկայի»:

Չնայած տուն-ինտերնատի աշխատակիցների հոգատար վերաբերմունքին՝ ծերեր կային, որոնք դժգոհ էին թե՛ ուտելիքից, թե՛ ինտերնատի աշխատողներից: Օրինակ՝ 78-ամյա Վանդա Բաբայանը մեզ հետ զրույցում դժգոհեց. «Մի ամիս այստեղ եմ՝ բաղնիք չեն տանում, կեղտի մեջ կորել եմ, կուշտ փորով հաց էլ չեն տալիս, ճաշարանի աշխատողը գալիս՝ հացիս կեսը տանում է»: Նա նաեւ պատմեց, որ ինտերնատում իրեն ծեծում են, նույնիսկ մի դեպք հիշեց, թե ինչպես են իրեն ինտերնատի զուգարանում անխղճորեն ու առանց պատճառի աքացիների տակ գցել: Սակայն տուն-ինտերնատի բուժքույրերից մեկը տեղեկացրեց, որ Վանդան տառապում է ծերունական կարծրախտով (սկլերոզ), անընդհատ պատմում է, թե իրեն ծեծել են, նեղ օրվա համար պահած 39 հազար դրամն էլ գողացել: Աշխատակցուհու պատմելով՝ Վանդան իրենց մոտ է տեղափոխվել հոգեկան շատ վատ վիճակում: Նա ոչ մի հարազատ չունի: Նրան տիրություն են արել հարեւանները: «Ամուսնացա, երեխա ունեցա, բայց փոքր-փոքր մահացավ, ամուսինս էլ է մահացել, ու ես մնացել եմ լրիվ մենակ»,- պատմեց տիկին Վանդան: Նա ապրել է Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում եւ, իր ասելով՝ այնտեղ սեփական շքեղ առանձնատուն ունի. «Ուզում եմ տուն գնալ, կարոտել եմ տանս, բա չգնա՞մ տեսնեմ այգիս, տունս ինչ վիճակում են, դռները փակել եմ, բանալին տվել եմ գյուղապետարանի աշխատող Ալլային, ասել եմ, որ նորմալ տեր կանգնի, մինչեւ գամ»:

Վարդենիսի տուն-ինտերնատում բնակվում են ոչ միայն ծերեր, որոնց կյանքի բերումով հարազատները տիրություն չեն արել կամ մենակ են մնացել, այլ նաեւ օլիգոֆրենիկ, ծերունական փսիխոզով հիվանդներ, հաշմանդամներ եւ այլն:

Ինտերնատի աշխատակիցները պատմում են, որ հատկապես հիվանդ ծերունիներն իրենց հարազատների կարիքը շատ են զգում, ամեն օր հիշում են իրենց երեխաներին ու լալիս՝ սպասելով, թե երբ են հարազատներն իրենց հիշելու ու այցի գալու: «Մեր բաժանմունքում մոտ 80 հիվանդ կա: Նրանք ոնց որ երեխա լինեն, երբ որեւէ մեկի բարեկամը գալիս է այցելության, մյուսներն անկեղծորեն նախանձում են ու հայտնվում վատ հոգեկան վիճակում, երեխայի պես լացում են ու իրենց հարազատին ուզում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տուն-ինտերնատի ավագ քույր, դիետոլոգ Նարինե Վարդանյանը: Նրա պատմելով՝ չնայած տուն-ինտերնատի բնակիչների աչքն իրենց բարեկամների ճամփին է, վերջիններս ոչ միայն հազվադեպ են գալիս ծերանոց՝ այցելության, այլեւ երբեմն տուն-ինտերնատի տնօրինությանը հատուկ զգուշացնում են՝ «եթե մեր հիվանդը վատանա կամ մեռնի՝ մեզ տեղյակ չպահեք, որովհետեւ ամուսնանալու աղջիկ ունենք. եթե իմանան, որ փսիխոզով հիվանդ հարազատ ունենք՝ նրանց ուզող չի լինի»: Եթե նույնիսկ ամուսնանալու աղջիկ էլ չեն ունենում՝ հարազատները, պատճառաբանելով, որ իրենց տղաներին աղջիկ տվող չի լինի՝ դարձյալ խնդրում են հույժ գաղտնի պահել իրենց հիվանդ հարազատի մասին ցանկացած տեղեկություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել