Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՊԻԴԸ ՀԱՃՈՒՅՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է»

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Այդ հաճույքի ամբողջ ողբերգությունը վարակակիրները զգում են միայն իրենց կարգավիճակն իմանալուց հետո \"\"

«28 տարեկան էի, երբ գնացի Լեհաստան՝ աշխատելու: Էնտեղ առաջին անգամ նարկոտիկ փորձեցի: Իմ կարծիքով՝ ես ասեղից եմ վարակվել, ոչ թե սեռական ճանապարհով, քանի որ նույն ասեղով մի քանի հոգով սրսկվում էինք: Այդ ժամանակ տեղյակ էլ չէի, որ հնարավոր է նման հիվանդությամբ վարակվել ու էդ ճանապարհով: Լեհաստանում ամեն 4-5-րդը նարկոման է, դեղն էլ շատ հեշտ էր ճարվում, էնքան էլ էժան էր: Դրսում նարկոմանությունը նորմալ երեւույթ է, կարելի է ասել, որ եթե չեն սրսկվում, ուրեմն կամ խմում են, կամ էլ պլան են ծխում: Սկզբում 6 ամիս արեցի, հետո թարգեցի: Մի մոմենտ էլի սկսեցի: Որ մեջն ես՝ չես կարում թարգես: Անընդհատ պիտի օգտագործես: Եթե անգամ իմանայի, որ դեղերից ու սրսկվելուց կարող ա վարակվեմ՝ ընենց պահեր էր մոտս, ցավեր… բան, չէի կարող թարգել: Պարացետամոլ էին տալիս, որ խմեի, ասում էին կօգնի, բայց ավելի վատ էի լինում ու թարգելու փոխարեն նորից էի սկսում հերոին օգտագործել: Ես առանց նարկոտիկի մի ամիս չէի կարում քնել, գլուխս բարձին չէի կարում դնել, ահավոր ցավեր էին, անտանելի,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 38-ամյա Կարենը, որը ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակակիր է:- Երբ իմացա, որ իմ մոտ ՄԻԱՎ են հայտնաբերել, հավատս չէր գալիս, որ դա ինձ հետ է կատարվել, բայց հետո, երբ հետ նայեցի՝ հասկացա, որ նման կյանքով ապրելուց հետո մեծ էր հավանականությունը, որ կվարակվեի: Ախպորս հետ էի ապրում ու հիվանդությանս մասին առաջինն իրան ասեցի: Ինքը շատ նորմալ ընդունեց, դե, իսկ ծնողները միշտ էլ դժվար են տանում: Կամաց-կամաց ընտելացան էդ մտքին, որ հիվանդ եմ: Իմ կարծիքով՝ սպիդը հաճույքի հիվանդություն է, կամ սեռական կապից են վարակվում, կամ՝ թմրադեղերից: Ես, կարելի է ասել, գիտակցաբար եմ գնացել դրան»: Կարենը ամուսնացած չէ: Նրա խոսքերով՝ «չհասցրի ամուսնանալ»: Մինչեւ հիվանդության մասին իմանալն ընկերուհի է ունեցել, նույնիսկ որոշել է ամուսնանալ, բայց իմանալով, որ վարակակիր է, այդ մտքից մեկընդմիշտ հրաժարվել է ու ընկերուհու հետ կապը խզել. «Չնայած երեխա շատ եմ սիրում, բայց էլ ընտանիք չեմ ուզում կազմել: Իմ տարիքն էլ էն չի, ես սովորել եմ ամեն ինչ թեթեւ տանել, ամուսնանալու մասին չեմ մտածում»: Կարենը շատ ընկերներ ունի, բայց նրանցից ոչ մեկին իր հիվանդության մասին չի պատմել՝ վախենում է իրենից խուսափեն ու լավ չընդունեն:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրները բժշկի դիմելիս, ներառյալ ատամնաբուժարանը, պարտավոր են բժշկին տեղեկացնել իրենց հիվանդության մասին: Կարենը գերադասում է ընդհանրապես բժշկի չդիմել, քան նրանց հայտնել, որ ինքը ՄԻԱՎ վարակակիր է:

Այժմ Կարենը թմրամոլ չէ. «Նույնիսկ մի կաթիլ էլ չեմ խմում, միայն ծխախոտ եմ ծխում, այ, որ էդ էլ թարգեմ՝ լավ կլինի»: Ընդհանրապես բոլոր ՄԻԱՎ վարակակիրները հույսով ու հավատով սպասում են, որ մի օր կհայտնաբերվի այն դեղամիջոցը, որը կբուժի իրենց: Բայց Կարենն այդ հարցում ընդհանրապես լավատես չէ. «Ես չեմ հավատում, որ մի օր կգտնեն այդ դեղը եւ կբուժեն մեզ: Էս 10 տարի է՝ հիվանդ եմ ու ապրում եմ, օրենքով պիտի մեռած լինեի: Կապրեմ էնքան, ինչքան հնարավոր կլինի»:

Ի տարբերություն Կարենի, Նարինեին ստիպում է ապրել այն հույսը, որ իրենց հիվանդության բուժումը, այնուամենայնիվ, կհայտնաբերվի: Նարինեն պատմում է, որ եթե հարազատներն իրենից երես թեքեին՝ նա վաղուց ինքնասպան կլիներ: Վարակի մասին նա իմացել է դիահերձարանում, երբ երեխայի մահանալուց հետո հերձողները եզրակացություն են տվել, որ վերջինս ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) վարակակիր է եղել. «Տղաս 3 տարեկան չկար, որ մահացավ: Երբ զգացինք, որ մեր բալիկը մի փոքր թույլ է իրեն զգում, սկզբում մտածում էինք, թե ատամներից է, հետո աստիճանաբար սկսեց ավելի վատ զգալ իրեն: Քաղաքում էլ մանկական հիվանդանոց չմնաց, որ չպառկենք: Մե՛կ թոքաբորբի դեմ էին բուժում, մե՛կ վիրուսների: Բուժում-պրծնում էին, դուրս գրում հիվանդանոցից, գալիս էինք տուն, 10 օր հետո երեխաս նորից վատանում էր: Երբ առաջին անգամ վերակենդանացման բաժնում մեզ ասեցին, որ երեխայի արյունը պիտի սպիդի համար ստուգվի, ես սարսափեցի: Բոլոր բժիշկներին մեղադրում էի, ասում էի՝ չեք կարողանում բուժել, սպի՞դ եք հանում: Չկարողացան փրկել տղայիս, մահացավ»: Անգամ տղայի մահանալուց հետո Նարինեի մտքով չի անցել, որ իր փոքրիկ Գրիգորի մահվան պատճառն իսկապես ՁԻԱՀ-ն է եղել, որը երեխային է փոխանցվել ծնողներից. «Խեղճ երեխայիս ինչի դեմ ասես՝ բուժում էին: Էն պուճուր քիթիկին ապարատներ էին միացնում, որ թթվածին տան: Թեւերն արդեն կապտել էին ասեղներից: Շատ խելացի երեխա էր, որ տեսնում էր բժիշկները ասեղներով մոտենում էին, խելոք, առանց լացելու թեւերը մոտեցնում էր»: Երեխայի մահից հետո Նարինեն խոր դեպրեսիա է ապրել, ընտանիքը գրեթե քայքայման եզրին է եղել, քանի որ տղայի մահից հետո ամուսինը սկսել է խմել. «Ոչ մի բանի մասին չէի կարողանում մտածել, մեկուսացել էի, սենյակից դուրս չէի գալիս, հաց չէի ուտում, ամբողջ աշխարհին մեղադրում էի: Ախր չհասցրեցի նույնիսկ մանկապարտեզ տանել երեխուս, խեղճն ի՞նչ տեսավ որ: Մենակ տեսավ սիստեմաներ ու հիվանդանոցներ: Դեռ մեր բալիկի մահվան քառասունքն էլ դուրս չէր եկել՝ ամուսնուս հետ որոշեցինք գնալ «մորգ» ու վերջապես ճշտել, թե ինչից է մահացել Գրիգորը: Այդ ժամանակ էլ իմացանք, որ նա սպիդով հիվանդ է եղել: Մենք ապշել էինք, չգիտեինք՝ դա ինչ հիվանդություն է: Բժիշկը մեզ խորհուրդ տվեց, որ մենք էլ անպայման ստուգվենք: Բառ չեմ գտնում արտահայտելու վիճակս: Մտածում էի՝ ո՞ր մեղքիս համար: Ախր ես իմ ամբողջ կյանքում տուժած եմ եղել: Փոքր տարիքում ծնողներիս եմ կորցրել, ոչ մեկին վատություն չեմ արել…»:

Նարինեն ընդամենը 27 տարեկան է: Նա 6 տարի է՝ ՄԻԱՎ վարակակիր է: Իր պատմելով՝ հիվանդության պատճառով շատ ծանր օրեր է ապրել. «Իմունիտետս իջել էր, հասել 260-ի: Վատանում էի՝ «սկորի» էինք կանչում, գալիս էին՝ երեխուս նման ինձ էլ թթվածին էին տալիս-գնում: Ես վախենում էի բժիշկներին ցույց տալ ինֆեկցիոն հիվանդանոցի «նապրավլենիան»: Չէի կարողանում ասել, որ ՄԻԱՎ վարակ ունեմ, վախենում էի խտրականությունից, վախենում էի, որ սպիդի խարանը կդնեին իմ վրա: Ասում էի՝ ավելի լավ է տանջվեմ, մեռնեմ, բայց ոչ մեկը չիմանա, որ վիրուս ունեմ, որովհետեւ գիտեի, որ ինձ վատ աչքով էին նայելու»: Երբ վարակի մասին իմանալուց հետո Նարինեն դիմել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին տեղեկանքը կարդալուց հետո, նրա պատմելով՝ ոչ բոլոր բուժաշխատողներն են բարեհամբույր վերաբերվել, որից հետո Նարինեն մտածել է՝ եթե հիվանդանոցում են էսպես վերաբերվում, բա հարեւաններն ու ծանոթնե՞րն ինչ կմտածեն. «Վիճակս այնքան էր վատացել, որ հույս չէին տալիս, եղբորս ասել էին գնա՝ պատրաստվի…: Այդ ժամանակ ամուսնուս հետ ընդհանրապես չէի շփվում, չէի ուզում նրան տեսնել, քանի որ նրանից էի վարակվել ու նրա պատճառով էր երեխաս մահացել: Ես կիսամեռ վիճակում էի, օր օրի նիհարում էի ու հյուծվում, բայց, ինչպես տեսնում եք, մինչեւ հիմա ապրում եմ»:

Քիչ թե շատ կազդուրվելուց եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Նարինեն վերականգնել է կապերն ամուսնու հետ, քանի որ, նրա խոսքերով՝ «Առանց ինձ՝ կկործանվեր ամուսինս: Նա երկար տարիներ ապրել է Ուկրաինայում, հենց էնտեղ էլ վարակվել է: Չնայած ես իրեն էի մեղադրում, բայց… կյանք է: Մենք որոշել ենք մեր կյանքը նոր էջից սկսել: Ես ուզում եմ ապրել ու երեխա ունենալ: Բժիշկներն ինձ բացատրել են, որ եթե հետեւեմ իրենց խորհուրդներին, առողջ երեխա կունենամ: Հիմա ես միայն երեխա ունենալու մասին եմ երազում»: Ներկայումս Նարինեի հիվանդության մասին գիտեն նրա եղբայրը եւ շատ մոտ հարազատները: Բայց նրանք իրենց վերաբերմունքը չեն փոխել, չեն խուսափում շփվել Նարինեի հետ: Հիվանդության հետ ամենադժվարը համակերպվել է Նարինեի սկեսուրը: Նրանից մեծ ջանքեր են պահանջվել ծեր կնոջը բացատրելու, որ սովորական շփումից վարակը ոչ մեկին չի փոխանցվի: Հիմա առանց վախենալու նրանք միեւնույն սպասքից, լոգարանից են օգտվում. «Եթե առաջ մտածում էի՝ Աստված, հոգիս առ, պրծնեմ, հիմա մտածում եմ՝ սա էլ մի փորձություն էր, հասկանում եմ, որ Աստված ուժեղներին է փորձության ենթարկում: Սրան էլ դիմացա ու դեռ ապրելու տեղ ու ժամանակ ունեմ: Ես ապրում եմ այսօրվա օրով: Արդեն արտաքինիս, հագուստիս հետեւում եմ, ես ապրում եմ»: Մեր հարցին՝ եթե ինքդ այդ վիճակում չհայտնվեիր ու ՄԻԱՎ-ի մասին տեղեկություններ չունենայիր, ինչպե՞ս կվերաբերվեիր նման մարդկանց, Նարինեն պատասխանեց՝ վատ. «Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր խուսափում են շփվել սպիդով հիվանդների հետ, նրանք ինֆորմացված չեն, նրանք գիտեն, եթե մատով կպան՝ վերջ, իրենք էլ կհիվանդանան: Ես ուզում եմ մարդկանց բացատրել ու հասկացնել, որ չխուսափեն ու չփախչեն մեզանից»:

Հ. Գ. Մարդու իմունային անբավարարության վարակակիրների հետ մենք զրուցեցինք «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության միջոցով: Նյութում տեղ գտած վարակակիրների անունները պայմանական են:

Հ/կ-ի աշխատակիցները վերջերս են եղել Ուկրաինայում՝ սեմինարի: Նրանք պատմեցին, որ այդ երկրի ու Հայաստանի վարակակիրների հոգեբանության միջեւ մեծ տարբերություն կա. այնտեղ հիվանդները բաց ճակատով ման են գալիս, իրենց հիվանդությունից չեն ամաչում, հասարակությունից չեն փախչում: Իսկ այստեղ ոչ մի ՄԻԱՎ վարակակիր իր հարեւանին չի խոստովանի, որ ինքը նման վարակ ունի, որովհետեւ մեր երկրում մարդիկ տեղեկացված չեն, գիտեն, թե դա այնպիսի սարսափելի հիվանդություն է, որ նույնիսկ դեմ-դիմաց խոսելիս էլ կվարակվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել