Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղացած սուրճի մեջ ինչ ասես, որ չեն խառնում

Սեպտեմբեր 15,2007 00:00

Սակայն սուրճ արտադրողներն արդարանում են, որ իրենց դաստիարակությունը թույլ չի տա նման խարդախություն անել:

Այսօր սուրճի շուկայում գործում են հարյուրավոր աղացած սուրճ արտադրող տեղական ու արտասահմանյան ընկերություններ: Թե այդ ընկերություններից քանիսն իրենց արտադրանքի մեջ գարի, կաղինի կեղեւ, պղինձ ու աղանձի փոշի չեն խառնում՝ կարելի է մատների վրա հաշվել: Չնայած դրան, «Առավոտի» հետ զրույցում սուրճ արտադրող բոլոր ընկերություններն էլ հավաստիացնում էին, որ իրենք 100%-անոց մաքուր սուրճ են վաճառում:

Նշենք, որ Հայաստանում աղացած եւ կիլոգրամով վաճառվող հատիկավոր սուրճի գների միջեւ մեծ տարբերություն կա. տրամաբանությունը հուշում է, որ հատիկավոր սուրճը պետք է ավելի էժան լինի, քան աղացածը, որովհետեւ աղացած սուրճը վաճառվում է փաթեթավորված, բացի այդ, արտադրողը, փաստորեն, աղալու համար լրացուցիչ ծառայություն է մատուցում:

Մինչդեռ մեր շուկայում աղացած սուրճի գները կասկածելիորեն էժան են: Հատիկավոր սուրճի ամենացածրորակ տեսակի մեծածախ գինը 1100-1300 դրամ է: «Լուս աստղ» ընկերության 100-գրամանոց աղացած սուրճի մեկ տուփն արժե ընդամենը 110 դրամ: Նույն գնով են վաճառվում նաեւ այլ ընկերությունների 100 գրամանոց սուրճերը: Հաշվի առնելով, որ 1 տուփի փաթեթավորումը, աղալը ընկերության վրա պետք է արժենա առնվազն 100 դրամ, ստացվում է, որ արտադրողները վնասով են աշխատում:

Այս առնչությամբ, օրինակ, «Լատինո» սուրճ արտադրող ընկերությունից վստահեցրին, որ իրենց 110-120 դրամանոց սուրճերը բարձրորակ են եւ որ սուրճից բացի ուրիշ «համեմունքներ»՝ գարի, կապար իրենք չեն աղում: Նույնը հավաստիացրին նաեւ այլ ընկերություններից: Մեր հարցին՝ ինչպե՞ս համոզվենք, որ ձեր սուրճի մեջ խառնուրդներ չկան՝ «Փարիզյան սուրճ» ընկերությունից առաջարկեցին հետեւյալ վարժությունն անել. «Փարիզյան սուրճի» N 5-ը լցրեք ամանի մեջ ու հոտ քաշեք, հետո մեկ այլ ամանի մեջ լցրեք էժանագին կոֆե ու դրանից էլ հոտ քաշեք. կհամոզվեք, որ մեր արտադրանքը լավն է»: Նշենք, որ եթե աղացած սուրճի մեջ խառնուրդներն ընդամենը 5-10% են կազմում, սպառողները ո՛չ համից, ո՛չ էլ հոտից չեն կարող կողմնորոշվել արտադրանքում ավելորդ նյութ կա՞, թե՝ ոչ: Բացի այդ, փաստորեն, եթե սպառողը լավ հոտառություն չունի ու չի կարող ամանների մեջ տարբեր ընկերությունների սուրճերը լցնել ու հոտ քաշել՝ այդպես էլ չի հասկանա՝ որ սուրճի մեջ ինչ են խառնում:

«Ռաֆայել» կոնցեռնի տնօրեն Րաֆֆի Մխչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը տեղական շուկայում մեծ վնասով է արտադրում իր «Ռիոգրանդե» աղացած սուրճի 100-գրամանոց փաթեթները. «Տեղական շուկայում դրանք արժեն 160-180 դրամ, բայց ինձ վրա ավելի թանկ է նստում: Իմ հիմնական շահույթը լինում է արտահանումից, բայց քանի որ դոլարը գնալով արժեզրկվում է, արտահանումից էլ սկսեցի վնասներ կրել: Այնպես են անում, որ փակվենք ու թողնենք հեռանանք»: Մեր հարցին, թե ինչ-որ նյութեր խառնո՞ւմ եք ձեր արտադրանքին, պարոն Մխչյանը պատասխանեց. «Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս, որ ես այդպիսի բաներ անեմ: Վերջերս Վրաստանում աղացած սուրճերի լաբորատոր ստուգումներ անցկացվեցին եւ մեր արտադրանքում ոչ մի խառնուրդ էլ չգտան»:

Թե ինչու է մեր շուկայում աղացած սուրճը էժան վաճառվում՝ «Պրեմիեր» սուրճն արտադրող «Վալլետա» ընկերությունից այն պայմանավորեցին նրանով, որ սուրճը ճանապարհներին երկար է մնում, մինչեւ հասնում է Հայաստան՝ համը փոխում է, դրա համար էլ էժան են վաճառում:

«Ռոյալ Արմենիա» ընկերության գովազդային բաժնի տնօրեն Սերգեյ Գեւորգյանը մեզ հետ զրույցում նույնպես հավաստիացրեց, որ «մենք արտադրում ենք մաքուր սուրճ: Մեր սուրճը ոչ մի տեսակ ցածրորակ ակցիաներ չի կազմակերպում, այսինքն՝ շահումներ չկան, դա էլ է սպառողների շրջանում վստահություն ներշնչում»: Ըստ Ս. Գեւորգյանի, իրենք 100 գրամանոց սուրճի տուփի մեջ 1-2 գրամ էլ ավելի են լցնում, որ սպառողները միշտ գոհ մնան: Ինչ վերաբերում է սուրճի մեջ աղացած գարի կամ կաղինի կեղեւ խառնելուն՝ պարոն Գեւորգյանն ասաց, որ բոլոր զարգացած երկրներում էլ դա ընդունված է. «Դա արվում է կոֆեինի քանակությունը նվազեցնելու համար, բայց այդ դեպքում տուփի վրա դրա մասին գրվում է, եւ այն կոչվում է ոչ թե սուրճ, այլ սրճային ըմպելիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել