Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Գյուղացիները կարող են գնել միջատասպան դեղ, բայց սրվակի մեջ լցված լինի սովորական մկնդեղ

Հայաստանում ագրոքիմիկատներ վաճառելու համար տնտեսվարողն անպայման պետք է ունենա գյուղատնտեսության նախարարության տրամադրած հատուկ լիցենզիա եւ վճարի 50 հազար դրամ պետտուրք: Մինչ օրս նախարարությունը արտոնագիր է տվել ընդամենը 26 տնտեսվարողի, մինչդեռ ոչ միայն մարզերում, այլեւ մայրաքաղաքում էլ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել թունաքիմիկատների վաճառքի կետի: Ամենահամեստ հաշվարկներով՝ այսօր միայն մայրաքաղաքում 80-ից ավելի ագրոքիմիկատների վաճառքի կետ կա՝ տոնավաճառների մանր-մունր վաճառակետերը չհաշված: Դրանք բոլորը գործում են ստվերում, ազատ վաճառում են կեղծ, ժամկետանց կամ մարդկանց առողջության համար խիստ վնասակար ագրոքիմիկատներ, որոնք օգտագործվելով գյուղատնտեսության մեջ՝ կարող են մարդու օրգանիզմում մի շարք վտանգավոր հիվանդությունների պատճառ դառնալ: Առեւտրականներն անգամ իրենց ավտոտնակներում կամ նկուղներում թունաքիմիկատներ են վաճառում, մինչդեռ, ըստ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի, թունաքիմիկատների վաճառակետը պետք է համապատասխանի մի շարք նորմատիվների: Մասնավորապես, այն բնակելի հատվածներից պետք է գտնվի նվազագույնը 50 մետր հեռավորության վրա, քանի որ թունաքիմիկատներից արտանետվող գազերը մարդկանց առողջության վրա բացասաբար են անդրադառնում: Վաճառակետը պետք է ունենա նաեւ ամենաքիչը 35 քմ մակերես, իսկ վաճառողն անպայման պետք է լինի որակավորված մասնագետ:

Նկատենք, որ ոչ միայն այս, այլեւ ընդհանրապես օրենքի ոչ մի կետը չի պահպանվում, քանի որ Հայաստանում թունաքիմիկատների շուկան, ըստ էության, չի վերահսկվում: Լիցենզիա տվողը, այսինքն՝ գյուղնախարարությունը, պետք է հետեւի, որպեսզի ոչ ոք առանց արտոնագրի թունաքիմիկատ չվաճառի, որովհետեւ դրանից առաջին հերթին տուժում է գյուղացին, որը թանկուկրակ ամեն պատահածից քիմիկատներ է գնում ու ամբողջ բերքը ջուրը լցնում: Մինչեւ այս տարվա հունվարի 1-ը, եթե նույնիսկ գյուղնախարարությունը ստուգումներ աներ ու կեղծ ագրոքիմիկատ վաճառողին բռներ՝ նրա համար պատժի չափը ծիծաղելի էր՝ ընդամենը մի քանի հարյուր դրամ: «Առավոտի» հետ զրույցում գյուղնախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը նկատեց, որ թեեւ իրենց տեսուչները նախորդ տարվա ընթացքում մի քանի վաճառակետերում հայտնաբերել են ժամկետանց եւ անթույլատրելի քիմիկատներ, սակայն տուգանքն այնքան քիչ է եղել, որ ամաչել են այդ մի քանի 100 դրամը վերցնել: Այս տարի տուգանքների չափերն ավելացել են ու, ըստ պարոն Պետրոսյանի, արդեն քիմիկատների ապօրինի վաճառքով զբաղվողները պետք է զգուշանան. եթե բռնվեն՝ տակից դուրս չեն գա:

«Նատալի Ֆարմ» ընկերությունն ագրոքիմիկատ վաճառելու արտոնագիր ունի եւ արդեն քանի տարի է՝ այդ շուկայում է: Մեզ հետ զրույցում ընկերության տնօրեն Ասատուր Ասատրյանը դժգոհեց, որ, իսկապես, թունաքիմիկատների շուկայում ով ասես, որ բիզնես չի անում. «Շատ վաճառակետերում իրացվում են կեղծ պատրաստուկներ, ասենք, Չինաստանում արտադրված քիմիկատի վրա գերմանական արտադրության պիտակ են փակցնում ու անհամեմատ ավելի թանկ են վաճառում»:

Ագրոքիմիկատների վաճառքի մի քանի կետեր այցելելիս նկատեցինք, որ քիմիկատների շատ սրվակների վրա պիտանելիության ժամկետ չկար: Մեր հարցին, թե գյուղացին ինչպե՞ս կարող է վստահ լինել՝ այդ թունաքիմիկատը ժամկետա՞նց է, թե՞ ոչ, վաճառականներն ասում էին՝ «թող մեզ հարցնեն՝ կասենք»:

Տարիներ շարունակ վաճառականները գյուղացիներին ծախել են այնպիսի միջատասպան քիմիկատներ, որոնք թունավոր գազեր են արտադրում եւ մարդը շնչելիս կարող է թունավորվել: Օրինակ, այդպիսի քիմիկատներ են «քլորոֆոսն» ու «մետաֆոսը»: Գյուղնախարարությունը միայն վերջերս է արգելել այդ քիմիկատների վաճառքը, բայց օրինախախտների համար սահմանված տուգանքի չափն այնքան փոքր է, որ նախարարության արգելքը չի խոչընդոտում այդ քիմիկատների վաճառքին:

Այսօր մեր երկրում շատ կան նաեւ այնպիսի թունաքիմիկատներ, որոնք արտերկրից ներկրվում են անլեգալ ճանապարհով: Օրինական ներկրված թունաքիմիկատները գոնե ստուգվում են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, գրանցվում արդարադատության նախարարությունում, դրանց նմուշներն էլ փորձաքննության են ենթարկվում, իսկ անլեգալ բերված քիմիկատների որակը, ժամկետներն ու բաղադրությունն ընդհանրապես չի ստուգվում. այն միանգամից հայտնվում է շուկաներում ու մատչելի գներով իրացվում գյուղացիներին: Արդյունքում՝ գյուղացու լոլիկները, միրգը մնում են գաճաճ: Որպեսզի իր բերքն ամեն գնով իրացվի՝ գյուղացին էլ իր հերթին է խորամանկության դիմում ու բերքի արհեստական աճի քիմիական խթանիչներ է օգտագործում, որի հետեւանքով էլ բույսը ժամանակից շուտ է հասունանում: Ըստ մասնագետների, այդ դեպքում մրգի ու բանջարեղենի տեսքը տեղն է լինում, բայց դրանք, մեղմ ասած, ուտելու չեն լինում: Օրինակ՝ լոլիկի ծաղիկը հիբերելինի մեջ թաթախելով՝ այն 15 օր շուտ է հասունանում ու անհամեմատ երկար է պահպանվում: Սակայն այդ լոլիկն ուտելու համար պիտանի չէ: Գառնիկ Պետրոսյանը սպառողներին խորհուրդ է տալիս սննդամթերքի տեսքին չխաբվել եւ էկոլոգիապես մաքուր սննդամթերքը տարբերել պարարտանյութերով ու քիմիական դեղամիջոցներով «համեմված» սննդամթերքից: Օրինակ, ըստ նրա, շուկայում շատ կան մաքուր, սիրուն, հարթ, նկարած կարտոֆիլներ, որոնց մեջ ազոտի պարունակությունը շատ մեծ է: Նման կարտոֆիլներն առողջության համար վտանգավոր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել