Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեփոխումների փոխարեն՝ կոռուպցիոն վերափոխումներ

Սեպտեմբեր 15,2007 00:00

Բաց նամակ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին

Հայաստանի անկախությունից սկսած, ԳԱԱ նախագահության եւ ԿԳ նախարարության կողմից իրականացվող խմբակային եւ կոռումպածին քաղաքականության հետեւանքով տեղի է ունենում ազգային գիտական ներուժի սրընթաց ոչնչացում եւ համալսարանական կրթության մակարդակի անհանդուրժելի անկում: Մինչդեռ, երկրում տարիներ ի վեր տիրող կայուն քաղաքական իրավիճակի պայմաններում, երբ անընդհատ տնտեսական աճ է արձանագրվում, կարելի էր համազգային գիտական ներուժի ինտեգրացմամբ գիտությունը դարձնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը օժանդակող հզոր գործոն: Ցավոք, այդ ապաշնորհ քաղաքականությունը ոչ միայն շարունակվում է այսօր, այլեւ փորձ է արվում ձախողել երկրի նախագահի կողմից ուշացած, բայց խիստ կարեւոր նախաձեռնությունը՝ շտկելու ոլորտում տիրող անհսկելի եւ արդեն կրիմինալի հասած իրավիճակը:

«Համահայկական գիտական խորհուրդ» (ՀՀԳԽ) հ/կ-ի նախագահությունը գտնում է, որ վերջերս ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված «Գիտության ոլորտի բարեփոխումների նոր հայեցակարգը»՝ խորհրդային տոտալիտար հասարակարգից ժառանգված, շուկայական հարաբերություններին խորթ ու կործանարար «Գիտության եւ գիտատեխնիկական քաղաքականության մասին» գործող հակագիտական օրենքի վատթարագույն կոռումպածին տարբերակն է, որը կշարունակի վտանգել երկրի քաղաքակիրթ ապագան:

Եթե գործող օրենքը քննադատվում է նրա համար, որ երկրի գիտատեխնիկական քաղաքականության թելադրողը ոչ թե երկրի գիտնականների ընտրանին է, այլ անբարոյական կանոնակարգով ընտրված ակադեմիկոսների թիմը, որի շատ չնչին տոկոսն ունի գիտության իրական լիդերի վարկանիշ, ըստ նոր հայեցակարգի, գիտության ճակատագրի որոշման գործընթացից ընդհանրապես մեկուսացված են գիտնականները եւ այն լիովին վստահված է ԿԳ նախարարության չինովնիկներին: Թե ինչպիսի՞ նոր աղետի կարող է բերել մեր գիտությանը նման հայեցակարգը, կարելի է դատել ԿԳ նախարարության կողմից տարիներ շարունակ իրականացվող գիտական թեմաների ֆինանսավորման, ասպիրանտական տեղերի բաշխման, գիտնականների ատեստավորման (ԲՈՀ) եւ գիտության համար ճակատագրական հանդիսացող այլ բազմաթիվ գործառույթների կոռուպցիոն եւ խմբակային բնույթից:

Այն փաստը, որ հանրապետության հիմնական գիտական կորիզի՝ ԳԱԱ-ի բարեփոխումների մասին հստակ ոչինչ չի ասված «գիտության բարեփոխումների» հայեցակարգում, խոսում է նրա մասին, որ հեղինակներին ավելի շատ հուզել է գիտատեխնիկական քաղաքականության իրականացման գործընթացներում պետական չինովնիկների իրավունքների ընդլայնումը, քան թե հայրենի գիտության ճակատագիրը:

Մինչդեռ բնագավառի իրական բարեփոխումն անհրաժեշտ է սկսել երկրի հիմնական օրենքից՝ այն կոռումպածին դրույթների բացառումից, ըստ որոնց պետական չինովնիկին իրավունք է տրվում համատեղությամբ աշխատել գիտության եւ կրթության ոլորտներում, տիրանալ գիտական աստիճանների ու տիտղոսների: Այդ դրույթներն արդեն իսկ խոսում են գիտության եւ կրթության նկատմամբ մեզանում տիրող անլուրջ եւ արհամարհական վերաբերմունքի մասին, որի ցայտուն ապացույցն է պետության կողմից գիտնականին տրվող ծաղրանքի արժանի 28 հազար դրամ աշխատավարձը:

Նշենք, որ ԱՄՆ-ում եւ այլ զարգացած երկրներում, նույնիսկ Ազգային գիտական խորհրդի անդամ ընտրված առաջատար գիտնականը, իր պաշտոնավարման ժամանակահատվածում, հասկանալի պատճառով, չի կարող համատեղել իր չինովնիկությունը գիտական կամ դասախոսական աշխատանքի հետ: Իսկ Հայաստանում բազմաթիվ պետական չինովնիկներ հանդես են գալիս միաժամանակ որպես գիտնականներ եւ համալսարանների դասախոսներ ու ավելի արագ ու հեշտությամբ են տիրանում գիտական աստիճանների ու տիտղոսների, քան գիտության իրական մշակները: Իսկ թե ինչքան լուրջ կարող է լինել նրանց կողմից խորհրդակցությունների ընդմիջումների ժամանակ գիտությամբ զբաղվելը եւ ինչ որակ կարող են ունենալ նրանց մատուցած դասախոսությունները, բավական է քաղաքակիրթ երկրների օրինակով, միջազգային ընդունված չափանիշներով գնահատել օրեցօր խիստ անկում ապրող մեր համալսարանների ու գիտական հիմնարկների վարկանիշները: Ակնհայտ է, որ նման վարկանիշային գնահատման դեպքում կբացահայտվի, որ մեր գիտա-համալսարանական համակարգը զարգացման փոխարեն կործանման է գնում եւ բնագավառի առաջընթացի մասին խոսելն անիմաստ է:

Հաշվի առնելով գիտության դարում գիտության որոշիչ դերը մեր երկրի քաղաքակիրթ ապագայի եւ նրա սոցիալ-տնտեսական զարգացման գործում, «ՀՀԳԽ» հ/կ-ն շահագրգիռ անձանց հրավիրում է անկախ փորձագետների մասնակցությամբ հեռուստատեսային բանավեճի՝ գիտության ոլորտի բարեփոխումների հետեւյալ հիմնադրույթների շուրջ.

Գիտության ոլորտի պետական կառավարման միասնական համակարգի ստեղծումը եւ նրա մեջ ԳԱԱ-ի համակարգող դերը:

Գիտական կադրերի պատրաստում եւ նրանց ատեստավորում:

Գիտության գերակայող ուղղությունների որոշման եւ նրանց ֆինանսավորման ձեւերը:

Գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրացման ճանապարհները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել