Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԿՍԱՏԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակը

Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա խոսեց ՀՀ նախագահի Բաթում կատարելիք այցից, այնուհետեւ դառնալով Ջավախքում քրեակատարողական հիմնարկի կառուցմանը եւ ԱԺ պատգամավորներից մեկի մտավախությանը, թե գաղութի կառուցումը կնպաստի Ջավախքի քրեականացմանը, պատասխանեց. «Հայաստանի տարածքում շատ կալանավայրեր կան, օրինակ՝ Արթիկում, Սեւանում, Կոշում, սակայն դա չի նշանակում, թե այդ բնակավայրերը վերածվել են քրեական տարածքների»: Նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ, նախագահը հոկտեմբերի սկզբին էլ կմասնակցի Դուշամբեում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների նիստին եւ ԵՎՐԱԶԵՍ-ի նիստին՝ դիտորդի կարգավիճակով: Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակի ընթացքում Ռ. Քոչարյանը կայցելի Բրյուսել՝ կհանդիպի Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ, իսկ նոյեմբերի առաջին տասնօրյակում կմեկնի Ֆինլանդիա:

Վ. Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Հայաստան՝ այլ երկրների նախագահների այցեր, եւս սպասելի են: Խոսքը վերաբերում է մասնավորապես Իրանի նախագահին, որի այցելության ժամկետներն ու օրակարգը դեռեւս հայտնի չեն: Նախագահի խոսնակը նաեւ հայտնեց, որ վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթական այցով կլինեն Երեւանում, ապա այցելելով ԼՂՀ՝ կհանդիպեն տեղի ղեկավարության հետ, իսկ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, հաջորդ օրն էլ համանախագահները կմեկնեն Բաքու: Վ. Սողոմոնյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է. «Այն, ինչ նրանք անում են ամեն անգամ՝ նրանք իրականացնում են իրենց միջնորդական գործունեությունը, փորձում իրար մոտեցնել կողմերի մոտեցումները: Աշխատում են այն փաստաթղթի վրա, որն այսօր դրված է սեղանին»: Լրագրողներից մեկի հարցին, թե Ռ. Քոչարյանը հայ-թուրքական հարաբերությունների բեկման որեւէ ակնկալիք ունի՞՝ նկատի ունենալով Թուրքիայի նոր նախագահին, Սողոմոնյանը պատասխանեց. «Թուրքիայի նոր նախագահ Աբդուլլահ Գյուլը, մինչ նախագահ դառնալը, երկար տարիներ աշխատել է արտգործնախարար: Եթե ինչ-որ քայլեր ձեռնարկելու լինեին, ապա դա կլիներ հենց Գյուլի արտգործնախարար աշխատելու տարիներին: Այնպես որ, Գյուլի նախագահ դառնալուց հետո Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ որեւէ ակնկալիք չունի»: Վ. Սողոմոնյանը չբացառեց, որ հոկտեմբերին, Դուշամբեում, ԱՊՀ վեհաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն: «Համանախագահների այցից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Իմ կարծիքով՝ հանդիպում կլինի միայն այն դեպքում, երբ քննարկելիք լինի»,- նշեց նա:

«Ռոբերտ Քոչարյանը ոչ թե պատրաստվում է, այլ արդեն մի քանի անգամ ասել է այն քաղաքական, պետական գործչի անունը, ում ցանկանում է տեսնել հաջորդ նախագահի պաշտոնում. Առիթներ եղել են, երբ նախագահը հստակ ասել է, որ ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում պատկերացնում է միայն գործող վարչապետին: Այդ մասին նա վաղուց է ասել, իսկ ես ձեզ ուղղակի հիշեցնեմ, որ, մասնավորապես, «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում, լրագրողի հարցին, թե կսատարե՞ք Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ նախագահը պատասխանել է՝ այո՛: Հայաստանում չկա այլ պետական, քաղաքական գործիչ, որն այդքան փորձառու է եւ ի զորու՝ իրականացնելու այդ լիազորությունը: Այսինքն՝ նախագահի եւ մեր տեսանկյունից այդ թեկնածուն գործող վարչապետն է»,- լրագրողների հետաքրքրությանն ի պատասխան՝ ասաց Վ. Սողոմոնյանը: Դառնալով նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանականության փաստի առիթով Ռ. Քոչարյանի մոտեցմանը, Վ. Սողոմոնյանը նշեց. «Առաջադրմանը վերաբերվում ենք հանգիստ: Դա նրա սահմանադրական իրավունքն է, եւ ինքն էլ պետք է որոշի, թե որքանով է նպատակահարմար իր առաջադրումը»: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման մասին օրինագծին, նախագահի մամուլի խոսնակը հայտնեց. «Անտեղի է… Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը տեղի է ունեցել վաղուց: Անընդունելի են քաղաքական շահաբաժիններ ստանալու նպատակով ԼՂՀ-ն օգտագործելու փորձերը»: Իսկ թե ինչով է զբաղվելու Ռ. Քոչարյանը պաշտոնաթողությունից հետո, նրա խոսնակը տեղյակ չէ, որովհետեւ այդ հարցը նախագահի հետ դեռ չեն քննարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել