Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են զբաղված ուսուցիչները

Սեպտեմբեր 15,2007 00:00

4-րդ անգամ կազմակերպված ուսուցիչների հանրապետական մրցույթը նաեւ այս հարցը պարզելու նպատակ ունի:

«Ուսուցիչների՝ բուհում ստացած գիտելիքներն այսօր նորացման կարիք ունեն, կյանքը փոխվել է, փոխվել են նաեւ աշակերտները, դասագրքերը եւ ամբողջ կրթական համակարգը: Հետաքրքիր է, թե ինչ է այսօր անում ուսուցիչը, ինչ է հարկավոր նրան»,- ըստ հայոց լեզու եւ գրականություն առարկայի ուսուցիչների հանրապետական մրցույթի հանձնաժողովի նախագահ Նաիրա Տողանյանի՝ ԿԳ նախարարության եւ Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած մրցույթը այս նպատակն ունի: Երեկ 4-րդ անգամ այսպիսի մրցույթ էր անցկացվում հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից: Եզրափակիչ փուլին մասնակցում էին Երեւանի եւ մարզերի 41 ուսուցիչներ, որոնք շրջաններում կազմակերպված մրցույթների հաղթողներն էին: Եզրափակիչ փուլի հաղթողները կստանան դրամական պարգեւներ:

«Հայոց լեզվի եւ գրականության» մրցույթն իրականացվեց 2 փուլով՝ բանավոր եւ գրավոր: Առաջինի դեպքում ուսուցիչները պատմեցին, թե ինչ է տվել իրենց վերապատրաստումը, ինչքանով են ծանոթ նոր կրթակարգին, իսկ երկրորդում ներկայացրին որեւէ դասի ընդարձակ նկարագրություն: Ն. Տողանյանը «Առավոտին» ներկայացրեց, թե հատկապես ինչից են դժգոհում ուսուցիչները. «Մեթոդական գրականության եւ վերապատրաստման պակաս կա մարզերում: Խոսում ենք ինտերնետից, նոր դասավանդման մեթոդներից: Եթե Երեւանում այդ հարցերը կիսով չափ լուծված են, ապա մարզերում վիճակը ծանր է»:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 2 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Թամարա Թովմասյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Փաստորեն, մեզանից պահանջում են կրթակարգի, չափորոշիչների, կրթական նոր մեթոդների իմացություն: Բայց դպրոցը, բացի դրանից, ուրիշ խնդիրներ էլ ունի: Օրինակ՝ դասասենյակները չեն բավարարում այսօրվա չափորոշիչներին, նյութատեխնիկական բազան հին է: Նոր մեթոդներին անցնելուց առաջ նախ տնօրենները պիտի վերապատրաստվեն, հետո՝ ուսուցիչները: Առայժմ հատուկենտ տնօրեններ են անցել այդ գործընթացը»:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, հայոց եկեղեցու պատմություն առարկայի մրցութային հանձնաժողովի նախագահ Վարդան Ղանդիլյանն էլ ասաց. «Մեր նպատակն է բացահայտել ուսուցիչների առարկայական պատրաստվածության, դասավանդման մեթոդիկային տիրապետելու աստիճանը»: «Առավոտի» հարցին, թե ինչքանո՞վ է նպատակահարմար հայ եկեղեցու պատմությունը դասավանդել մեկ առանձին առարկայով, պրն Ղանդիլյանը պատասխանեց. «Այս դասընթացը մի քանի բաղադրիչներից է բաղկացած՝ կրոնի պատմությունից, ծեսերից, բարոյագիտությունից եւ այլն: Ուստի այն պիտի առանձին դասավանդվի: Մեր դասագրքերն էլ մատչելի են՝ չհաշված 7-րդ դասարանի դասագրքերը, որ մի քիչ խրթին են»:

Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 1 դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լարիսա Հարությունյանը պատմեց. «Մասնագիտությամբ պատմաբան եմ, սկզբնական շրջանում այս առարկայի դասավանդման ժամանակ բարդություններ ունեի, սակայն դրանք արագ հարթվեցին: Ուսուցիչը հմուտ պիտի լինի: Իսկ ինչ վերաբերում է այս առարկան հայոց պատմության հետ միավորելուն, այդպես գուցե նպատակահարմար կլինի 10-15 տարի հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել