Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԷԼԻՏԱՐ» ԼՍԱՐԱՆ՝ ԹԱՏԵՐԱԿԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Թիվ 420 լսարանում պարապող հայտնի մարդկանց զավակները արտոնյալ պայմաններում են

Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտից ընդհանուր առմամբ «խորհրդային» հոտ է փչում՝ ամենուր խունացած պլակատներ ու ծեծված կարգախոսներ, ջարդոտված սեղան-աթոռներ, անհրապույր լսարաններ, կարճ ասած՝ արտաքինից արվեստի հետ ոչ մի աղերս: Իհարկե, քիչ թվով վերանորոգված սենյակներ էլ կան, որոնցից մեկը լսարան է, այն էլ՝ «գլազոկով»: Պարզվում է, այդտեղ 5-6 հոգանոց «էլիտար» մի կուրս «Արվեստի կառավարում» է ուսումնասիրում՝ «Շարմ» ընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանի ղեկավարությամբ: Այս կուրսում են հայտնի մարդկանց, այդ թվում՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանի եւ այլոց զավակները: Լսարանը շքեղ կահավորված է, առկա են հանգստի համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ DVD, փափուկ բազմոցներ եւ այլն: Բանալին էլ ուսանողների մոտ է, որոնք, ըստ մեր տեղեկությունների, նույն բուհի «հասարակ» սովորողների հետ «լայեղ» չեն անում շփվել:

Երեկ չհաջողվեց այդ կուրսի ղեկավար Ռուբեն Ջաղինյանից պարզաբանումներ ստանալ՝ նրա զբաղվածության պատճառով:

Բուհի ռեկտոր Հրաչյա Գասպարյանին էլ զայրացրեց «Առավոտի» հարցը էլիտար լսարանի եւ նման ուսանողների վերաբերյալ: «Ուզում եք կրիմինա՞լ գտնել այդտեղ, թե՞ ինչ… Կամաց-կամաց բոլոր լսարաններն այդպիսին կդառնան»: Մեր հաջորդ հարցին էլ՝ պարտադի՞ր է «գլազոկը» լսարանի համար, եթե այո, ինչո՞ւ բոլորն այդպիսին չեն, ռեկտորը պատասխանեց. «Սա արվեստի բուհ է, եթե դուռը ծեծում են, պետք է նայել ու որոշել՝ բացե՞լ, թե՞ ոչ: Եթե ռեկտորն է լինում կամ պրոռեկտորը՝ բացում են, եթե ուսանող՝ ոչ, որովհետեւ դասը կխանգարվի»: Մի քանի հարց էլ պրն Գասպարյանն իր կողմից տվեց. «Ձեզ ո՞վ է էդ մասին ասել եւ ի՞նչ գործ ունեիք մեր չորրորդ հարկում»: Երբ պատասխանեցի, որ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը մասնավոր տարածք չէ եւ շենք մտնելով՝ ես ոչ մի օրենք չեմ խախտել, ռեկտորը նախատելով նշեց. «Ուրախացե՛ք, դա մի դիտեք որպես վատ երեւույթ: Ուղղակի ուզում ենք, որ էս երեխեքը մի քիչ նորմալ ապրեն: Մեզ մոտ էլիտար կուրսեր չկան, կան լավ եւ վատ կուրսեր: Իհարկե, լավ կլիներ, որ այդպիսի կուրս լիներ, բայց, ցավոք, էլիտար մարդիկ մեզ մոտ շատ քիչ են… Ուզում ենք մյուս տարի մի քիչ վերանորոգման աշխատանքներ կատարել, նստարանները փոխել: Ամեն օր էս էրեխեքի հետ զրույց եմ ունենում, ասում եմ՝ ծխախոտը մի՛ գցեք գետնին, պատի վրա սիգարետ մի՛ հանգցրեք: Մենք պետք է դաստիարակենք վաղվա քաղաքացուն, որպեսզի հասկանա, որ պետք է ապրել գեղեցիկի ու գեղագիտության մեջ»:

Մեր դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, նույն թեւի վրա գտնվող խղճուկ լսարանների շարքում «շողշողացող» 420-րդ լսարանը աչք է ծակում, ու ճիշտ չէ ուսանողների համար նման անհավասարություն ստեղծելը, պրն Գասպարյանը հարցով պատասխանեց. «Բա ձեր աչքը չի՞ ծակում, որ քաղաքում էլիտար տներ են սարքում… Եթե հովանավոր է գտնվում, մեծ հաճույքով տալիս ենք իրենց, որ վերանորոգի: Այո, հնարավոր է մի կուրս ասի՝ իսկ ինչո՞ւ նույնը մեզ մոտ էլ չկա: Ես էլ միշտ բացատրում եմ, թե նրանք (Ջաղինյանի կուրսի ուսանողները- Գ. Հ.) մենեջերներ են, ասում եմ՝ դուք էլ հովանավոր ճարեք, ձեր լսարանն էլ վերանորոգեք: Ասում եմ՝ այնպիսի բարեկամ չունե՞ք, որ գա մի հատ էլ էլիտար սենյակ ինքը սարքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել