Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծափերով դիմավորեցին «ամբաստանյալներին»

Սեպտեմբեր 15,2007 00:00

Դատավորը հորդորում է կինո, թատրոն գնալ

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի, նախաձեռնության անդամ, 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Մալխասյանի եւ 2 տարվա ազատազրկման դատապարտված Վահան Արոյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Նրանք կրկին դատարան բերվեցին ձեռնաշղթաներով: Սակայն դա չխանգարեց, որ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերի եւ ապօրինի զենք կրելու մեղադրանքով դատապարտվածներին դիմավորեն ծափերով: Դեռ դատը չսկսված, ներկաներից մեկը բղավեց. «Հերոսների հետ անասունների պես մի վարվեք»: Ծափերն ակնհայտորեն դուր չեկան վերաքննիչի «տրոյկային»: Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանը կոչ արեց. «Ծափահարել եք ուզում՝ կինո, թատրոն գնացեք, ավելի հետաքրքիր կլինի»:

Դատական անդրանիկ նիստը սկսվեց Ժ. Սեֆիլյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Արա Զաքարյանի միջնորդություններով: Նա միջնորդեց, որ վերաքննիչ դատարանը անօրինական ճանապարհով ձեռք բերած ապացույցները չճանաչի՝ որպես իրեղեն ապացույց: «Դուք ոնց որ ասեք՝ կարագը փտած ա, գցեք: Մենք պետք է հետազոտենք գործում առկա ապացույցները եւ ինքներս համոզվենք»,- ասաց նախագահողը, որն ակնհայտ վճռական էր տրամադրված:

Փաստաբանները միջնորդեցին, որպեսզի փոխվի իրենց պաշտպանյալների խափանման միջոցը: Արոնյանը, որը զենք կրելու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, չուներ փաստաբան եւ միջնորդեց, որ իր նկատմամբ նույնպես փոխվի կալանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել