Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ՉԵՆ ԳՆԱ

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Դիտորդները ԿԳԲ-ի մեկուսարանը տեղափոխելու հարց են բարձրացնում

Երեկ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային հանդիպում քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի հետ: Վերջիններս զարմացան, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցում են նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, սակայն իրենց մտահոգությունները ԶԼՄ-ներից չթաքցրին: Նախ, դիտորդները անպատրաստ չէին ներկայացել հանդիպմանը, նրանց բերած բոլոր օրինակները վերաբերում էին 2006-ին: Խումբն իրենց կանոնադրության համաձայն պետք է արդարադատության նախարարին ներկայացներ ամենամյա զեկույցը ՔԿՀ դիտարկումների մասին: Վերջին անգամ նրանք զեկույցը ներկայացրել են 2005-ին:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել դիտորդներին, բայց եւ նկատեց. «Եթե ՔԿՀ գնաք պետական մեքենայով, ձեր նկատմամբ միգուցե վստահությունը նվազի»: ԱՆ նախարարի դիտարկմամբ, քրեակատարողական հիմնարկներում ստեղծված թեժ գծերը հնարավորություն են տալիս օպերատիվ կերպով արձագանքել ցանկացած ահազանգի: Հանդիպմանը ներկա քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանն էլ ասաց, որ չկա մի բողոք, որը չարձանագրվի:

Դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Միքայել Բաղդասարյանը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներ իրենց այցերի 70 տոկոսը բողոքների հիման վրա են լինում: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գտնում էր, որ ՔԿՀ-ներում բուժծառայությունը պետք է լինի հնարավորինս անկախ՝ ազատազրկման վայրերի ղեկավարությունից: Նրա կարծիքով, կասկածյալների քրեակատարողական հիմնարկ «ընդունման-հանձնման» մատյաններում միշտ չէ, որ տեղեկությունները սպառիչ են լինում: Մասնավորապես, մեկուսարան բերվողները ոստիկանների ներկայությամբ խուսափում են ասել, թե ծեծվել են վերջիններիս կողմից: Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ «ընդունվողը» 7 օր գտնվում է կարանտինի մեջ, ստուգվում է նրա առողջական վիճակը, արձանագրվում է առողջության հետ կապված ցանկացած բողոք: Ինչ վերաբերում էր բժիշկների անկախությանը, ՔԿՀ պետն ասաց, որ նրանք ամենից անկախն են: Դիտորդական խմբի անդամ Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ, քրեակատարողական հիմնարկների աշխատողների վիճակն ավելի ծանր է, քան դատապարտյալներինը: Նա նկատի ուներ սոցիալական, հոգեբանական վիճակը, նյութական հնարավորությունները: «Իրենք այստեղ ասես նույնպես կալանավորված լինեն: Հարկավոր է նրանց համար սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոններ ստեղծել»,- առաջարկեց հոգեբանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը տեղեկացրեց, որ դեռ անցյալ տարվանից առաջարկություն են արել, որպեսզի Ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող մեկուսարանը դուրս հանվի այդ տարածքից, նոր մեկուսարան կառուցվի:

Նոր մեկուսարանների կառուցման վերաբերյալ ՔԿՀ պետը՝ պրն Մարտիրոսյանն ասաց, որ մինչեւ դեկտեմբեր շահագործման կհանձնվի Հրազդանի 200 տեղանոց կալանատունը: Նախատեսված է սկսել կանանց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կառուցումը: Արմավիրում սկսվել է փակ տիպի՝ 1200 տեղանոց հիմնարկի շինարարությունը: Իսկ Գորիսի 1918թ. բանտի (նախկին ձիանոցի) փոխարեն նոր շենք կկառուցվի:

Իրավապաշտպան Միքայել Արամյանի խնդիրը նույնպես առնչվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի հետ: «Քանի այդ հիմնարկը գտնվում է ԿԳԲ-ի տարածքում, հնարավոր չէ ճշգրիտ տեղեկություններ ու լիարժեք վերահսկողություն իրականացնել»,- շարունակեց նա:

Նախարար Գ. Դանիելյանը կարեւորեց դիտորդական խմբի հետ հաճախակի հանդիպումներն ու անգամ առաջարկ արեց նրանց հետ միասին այցելել ազատազրկման վայրերում գտնվողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել