Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազապաստարանի մուտքը փակել են

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Շենգավիթցիները մեծ դժվարությամբ կօգտվեն համայնքի՝ արտակարգ իրավիճակների համար նախատեսված գազապաստարանից:

Վերին Շենգավիթ համայնքի շենքերից մեկի (հասցեն չենք նշում, քանի որ տվյալ տարածքը ռազմավարական նշանակություն ունի) բնակիչներն օրերս դիմել էին «Առավոտին»՝ հայտնելով, որ իրենց շենքի բնակիչներից մեկը որոշել է իր մեկ սենյականոց տունը շենքի ճակատային մասից մոտ 50 քմ-ով մեծացնել: Մայրաքաղաքում շենքերին կցակառույցներ ավելացնելը զանգվածային բնույթ է կրում, սակայն այս դեպքում ոչ միայն կտուժեն տվյալ շենքի, այլեւ ողջ համայնքի բնակիչները: Բանն այն է, որ այդ շենքի տակ գտնվում է ռազմավարական նշանակության վայր համարվող գազապաստարանը, որը արտակարգ իրավիճակների դեպքում նախատեսված է մեծ թվով մարդկանց պատսպարելու համար: Բնակիչների ներկայացմամբ, բացի այն, որ կառույցը կփակի ներքեւի հարկերի բնակարանների լուսավորությունը եւ խաթարում է շենքի ճարտարապետական տեսքը, այն նաեւ կառուցապատումից հետո փակելու է գազապաստարանի մուտքը.

«Այդ ապաստարանն ապահովված է ջրամատակարարմամբ, ունի ջրահեռացման համակարգ, լոգասենյակներ, երկաթյա դուռ»: Բնակիչների խոսքերով, այս շինարարությունը ձգձգվում է արդեն 4 տարի, քանի որ 41-րդ բնակարանի սեփականատեր Ռոբերտ Գեւորգյանը երկար ժամանակ է՝ չի կարողանում այս շինարարության համար օրինական թույլտվություն ձեռք բերել: Շենքի բնակիչների տեղեկություններով, Ռ. Գեւորգյանին կցակառույցի համար թույլտվություն ստանալու հարցում աջակցում են վերջինիս՝ քաղաքապետարանում եւ կադաստրում ունեցած ծանոթները. «Մնում է համոզեն այդ մուտքի մեկ սենյականոց բնակարանների 5 սեփականատերերին, որ տան իրենց համաձայնությունը: Այս բնակիչները նաեւ պետք է որոշ գումար տան, որպեսզի Ռոբերտ Գեւորգյանի քցած հիմքի վրա ավելացվեն նաեւ մնացած հարեւանների տան տարածքները»: Ըստ բնակիչների, Ռ. Գեւորգյանն աշխատում է ՀՀ ոստիկանությունում. «Օրենքի պահապանն ինքն օրենք է խախտում: Սա միակ խախտումը չէ, որը նա անում է: Իր շնորհիվ մեր շենքը հայտնվել է փակուղու մեջ, քանի որ շենքին հարակից մարզադաշտերը կրկին Ռ. Գեւորգյանի թեթեւ ձեռքով վերածվել են ավտոտնակների եւ բակում արդեն տեղ ու դադար չի մնացել»:

Բնակիչների բողոքներին ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանից եւ Շենգավիթի թաղապետարանից պարզաբանել են, որ կցակառույցն օրինական է եւ որ այն ունի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության համապատասխան թույլտվությունը:

Այս առնչությամբ Շենգավիթ համայնքի թաղապետարանից «Առավոտին» պարզաբանեցին, որ այս տարածքում կառուցապատում իրականացնողը ոչ թե մեկ անձ է, այլ՝ 5. «Այսինքն՝ բոլոր 5 հարեւաններն էլ տվել են իրենց համաձայնությունը: Բացի այդ, կառույցը չի փակում ապաստարանի մուտքը եւ մեր տեսուչները ոչ մի խախտում էլ չեն հայտնաբերել»:

Երեկ մենք եղանք շինարարության վայրում: Կցակառույցը վեր է խոյանում անմիջապես գազապաստարանի մուտքին կպած եւ արտակարգ իրավիճակի դեպքում մարդիկ ստիպված կլինեն ապաստարան մտնել կռացած, էլ չենք ասում, որ որեւէ անհրաժեշտ տեխնիկա չեն կարող ներս մտցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել