Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԷՇ ԿԱՄ ՁԻ ՔՇԵԼ ՍՈՎՈՐԵՆ

Սեպտեմբեր 15,2007 00:00

Մեր պաշտոնյաները չգիտեն, թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակիչները որքան շատ խնդիրներ ունեն, քանի որ նրանց այցելությունները մարզ՝ սահմանափակվում են միայն շրջկենտրոնով:

Տավուշի մարզ այցելելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հասնում են մինչեւ Բերդի տարածաշրջան ու այդքանով ավարտում իրենց շրջայցը: Բերդից այն կողմ՝ տարածաշրջանի գյուղեր գնալու համար պաշտոնյաները ստիպված են էշ կամ ձի նստել, որովհետեւ ճանապարհներն այնքան քարուքանդ են, որ անգամ նրանց թանկարժեք «ջիփերը» չեն կարող ճանապարհը հաղթահարել: Մինչեւ Բերդ քաղաքը տանող ճանապարհն էլ վերջին տարիներին բարեկարգվել ու ասֆալտապատվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով:

Չնայած կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ սահմանամերձ գոտիներն իրենց ուշադրության կենտրոնում են, որ ֆինանսական միջոցներն ուղղելու են հենց այդ տարածաշրջանների զարգացմանը, սակայն նախկին Շամշադինի շրջանի բնակիչները կառավարության նման մտատանջություններից տեղյակ չեն, քանի որ տարիներ ի վեր ոչ մի դրական տեղաշարժ իրենց գյուղերում չեն նկատել:

Այս սեզոնին գյուղացիները բերքի իրացման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Ճանապարհների նման իրավիճակը մեծ խոչընդոտներ է ստեղծում անգամ մի գյուղից մյուսը գյուղացիական արտադրանքը տեղաշարժելու եւ վաճառելու համար: Ճանապարհների խնդիրը մարզում միակը չէ: Տավուշի սահմանամերձ գյուղերը ոռոգման ջուր էլ չունեն, ինչի պատճառով վարելահողերի զգալի մասը մնում է անմշակ: Սա այն դեպքում, երբ մարզի տարբեր գյուղերի տարածքներով անցնող Աղստեւ գետը հոսում է հարեւան ադրբեջանական գյուղեր եւ ծառայում նրանց՝ որպես ոռոգման ջրի աղբյուր: Երկու տարի առաջ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող ջրամբարից «Լինսի» հիմնադրամի միջոցներով ոռոգման ջրի խողովակներ են անցկացվել դեպի գյուղ, սակայն, բնակիչների հավաստմամբ՝ անհասկանալի պատճառներով այդ խողովակներով ոչ մի կաթիլ ջուր մինչ օրս չի հոսել: Չինարի եւ Այգեձոր գյուղերի բնակիչները նաեւ բողոքում էին, որ առողջապահությունն իրենց մատչելի չէ: Այդ երկու գյուղերին սպասարկում էր Այգեձորի հիվանդանոցը: Այժմ մարզային իշխանությունները ցանկանում են օպտիմալացնել այդ հիվանդանոցը, իսկ դա նշանակում է, որ ծանր հիվանդները կամ ծննդկան հարսները պետք է գնան շրջկենտրոնի հիվանդանոց, որը բավականին հեռու է:

Հեռուստացույց դիտելը սահմանամերձ գյուղերի երիտասարդների համար միակ զբաղմունքն է: Սակայն բացի Հանրային հեռուստատեսությունից, մնացած բոլոր հեռուստաալիքներն անհասանելի են: Փոխարենը՝ բնակիչների խոսքերով, «փայլուն բռնում են ադրբեջանական ալիքները, մենք արդեն ադրբեջաներեն ենք սովորել՝ էնքան ենք կինոներ ու հաղորդումներ նայել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել