Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԱՏ ԲԱՆ ՉԵՄ ԱՐԵԼ»

Սեպտեմբեր 15,2007 00:00

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռուստահարցազրույց տվեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին:

Հարցազրույցի ընթացքում Ս. Սարգսյանը մի քանի անգամ նշեց, որ իր ղեկավարած կառավարության արդյունավետ աշխատանքն ինչպես իր նախորդների, այնպես էլ՝ «առաջին հերթին», ՀՀ նախագահի աշխատանքի կատարած աշխատանքների շնորհիվ է: Խոսելով թոշակների սպասվող աճից՝ նա նշեց, որ հունվարի 1-ից դրանք կբարձրանան 60%-ով եւ կդառնան 21300 դրամ, իսկ ՀՀԿ, նաեւ կառավարության ծրագրերում նախատեսվում է մինչեւ 2012թ.-ն կենսաթոշակները հասցնել մինչեւ 42000 դրամի:

Պրն Սարգսյանը խոսեց նաեւ իր «մեծ թիմից», որի «մի մասնիկն» է ինքը. «Միշտ եղել եմ թիմային աշխատանքի կողմնակից, ունեցել եմ իմ թիմը եւ այդ աշխատանքի մեջ տեսել եմ հաջողության գրավականը»: Իսկ այդ թիմում մեծ տեղ ունեն նաեւ գործարարները, որոնց նա մի քանի ակնարկներ արեց: «Վստահ եմ, որ մեր գործարարները շուտով գիտակցելու են, որ իրենց բարեկեցության, հարստության աղբյուրը ժողովուրդն է՝ իրենց աշխատողները, եւ իրենք պիտի շոյեն, փայփայեն իրենց եկամտի, բարեկեցության, հարստության աղբյուրը: Պիտի գիտակցեն, որ իրենց համար շատ ավելի լավ կլինի, որ երկրում աղքատներ չլինեն, որովհետեւ եթե կան սոված երեխաներ, հարուստի երեխան չի կարող երջանիկ լինել: Անշուշտ, նրանք պետք է զբաղվեն բարեգործությամբ, բայց պետք է զբաղվեն ճիշտ բարեգործությամբ, այսինքն՝ մաս հանեն իրենց եկամուտներից, շահույթից, այլ ոչ թե՝ հարկերից խուսափելու եղանակով: Բացի այդ, բարեգործությունը պետք է լինի երկարաժամկետ, ոչ թե ընտրությունից ընտրություն, միջոցառումից միջոցառում, այսինքն՝ մարդ պետք է ներքին պահանջ ունենա բարեգործություն անելու: Վերջիվերջո, հարուստ մարդիկ պիտի հստակ հասկանան, որ փող ունենալը շատ իրավունքներ չի նշանակում, շատ պարտականություններ է նշանակում: Բոլոր հարուստները պիտի հասկանան, որ փողը չի կարող պատճառ լինել, որպեսզի նրանք հայտնվեն դրախտում: Փող ունենալը դեռ չի նշանակում, որ նրանք դժոխք չեն գնալու, իսկ դժոխք չգնալու միակ ամենաճիշտ ճանապարհը մեղքերը քավելն է, ապաշխարելը, իսկ ավելի լավ է, որ ընդհանրապես մեղք չգործեն»,- ասաց պրն վարչապետը: Այս համատեքստում էր նաեւ նրա հետեւյալ խոստովանությունը. «Ասեմ, թե ինչ չե՛մ արել ընտրություններից հետո: Աստված վկա է, որ վատ բան չեմ արել: Ընդամենը հինգ ամսից քիչ ավելի եմ աշխատում, եւ անլուրջ կլինի, որ այսօրվա իրավիճակն ինձ վերագրեմ: Չեմ խնայել ոչ ինձ, ոչ իմ շրջապատին: Աշխատել եմ: Շատերը կարող են վկայել, թե մինչեւ որ ժամը եւ ինչպես»:

Վարչապետը խոսեց նաեւ ԱԺ ընտրություններում իր կուսակցության տարած հաղթանակի մասին ու ասաց. «Ինձ երբեք դուր չի գալիս, երբ հարցին՝ ո՞վ հաղթեց ԱԺ ընտրություններում, հետեւում է պատասխան՝ ՀՀԿ-ն: Ո՛չ: ՀՀԿ-ն այդ ընտրություններում տարավ առավելագույն քվեներ, իսկ հաղթեց Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ-ն իրոք մեծ օգուտներ ունեցավ այդպիսի ընտրություններ անցկացնելու արդյունքում: Հիմա դեռեւս ծաղիկներն են, մենք բերքը պիտի կարողանանք հավաքել, եւ որպեսզի կարողանանք առատ բերք հավաքել, պիտի կարողանանք անցկացնել լավ նախագահական ընտրություններ, որ իր որակով չի զիջի ԱԺ ընտրություններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել