Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ-ում ընդդիմություն չկա

Սեպտեմբեր 15,2007 00:00

Այդ կարծիքին է «Հանրապետության» ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ խորհրդարանը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցած 125 պատգամավորներից 118-ը «կողմ» էր քվեարկել, 3-ը՝ «դեմ» եւ 4 քվեաթերթիկ համարվել էր անվավեր: Սա այն դեպքում, երբ ՀՀ խորհրդարանում ներկայացված երկու՝ իրենց ընդդիմադիր համարող խմբակցությունները՝ ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», ունեն ընդհանուր հաշվով 15 մանդատ: «Ժառանգությունը» հայտարարել էր, որ խմբակցությունը քվեարկելու է «խղճի մտոք», իսկ ՕԵԿ-ը որոշել էր քվեարկել «ազատ ռեժիմով»: Քվեարկության այս արդյունքները լրագրողների մոտ տարակուսանք էին առաջացրել: Երեկ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այս առնչությամբ հայտարարեց. «Ես չեմ պատրաստվում բարձրաձայնել, թե մեր խմբակցությունն ինչպես է քվեարկել, որովհետեւ քվեարկությունը գաղտնի է եղել, բայց մենք վստահ ենք, որ 7 հոգի («Ժառանգություն» խմբակցությունից) կողմ չի քվեարկել, եւ գիտենք, որ «կողմ» չքվեարկած 7-ից 6-ը մենք ենք»: Նույն խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի մատուցմամբ, «Ժառանգության» 3 պատգամավոր «դեմ» է քվեարկել, մյուսները երեւի քվեարկել էին, իրոք, իրենց «խղճի մտոք»: «Խղճի մտոքի հետ կապված՝ մեզ համար անընդունելի է փակ, գաղտնի քվեարկության պարագայում խմբակցության դիրքորոշում ներկայացնել եւ ներկայացնել, որ բոլորս «կողմ» ենք քվեարկելու: Այդ դեպքում կարելի էր քվեարկության ընթացակարգը շատ հանգիստ փոխել եւ հանգիստ կոչ անել քվեարկության մեխանիզմ նշանակել: Մենք հարգում ենք ցանկացած ինստիտուտ եւ փորձում ենք այդ ինստիտուտին համահունչ լինել»,- երեկ արդարացել է Ստ. Սաֆարյանը:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Առավոտին» ասաց. «ՕԵԿ-ի՝ ազատ ռեժիմով քվեարկությունը տեղավորվում է այս քաղաքակիրթ տրամաբանության մեջ: Չգիտեմ, թե ով եւ ինչպես է մեկնաբանում քվեարկության արդյունքները, բայց կարող եմ ասել, որ գլոբալ առումով, եթե որեւէ խմբակցություն ամբողջությամբ դեմ է, ապա դա արտահայտվում է խմբակցության պաշտոնական դիրքորոշմամբ»: Հովհ. Մարգարյանը հավելեց, որ «ձայների հաշվարկման ընթացքում ակնհայտ «կողմ» քվեաթերթիկների «կողմ» բառի վրա կար թանաքի հետք: Ինքս առաջարկեցի քննարկել քվեաթերթիկի վավերականության հարցը, սակայն հաշվիչ հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ դա կարող է ծալվելուց է արտատպվել, կարող է իր քվեաթերթիկը լինել, եւ առաջարկեց համարել վավեր: Իսկ ՕԵԿ խմբակցության մասով նշեմ, որ ազատ ռեժիմով փակ, գաղտնի քվեարկությունն անիմաստ է մեկնաբանել, քանի որ յուրաքանչյուրը քվեարկել է այնպես, ինչպես նպատակահարմար է գտել»:

Այս քվեարկության ժամանակ խորհրդարանական ընդդիմության պահվածքի վերաբերյալ փորձեցինք ստանալ նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների մեկնաբանությունը: Մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կարծիքով, քվեարկության նման արդյունքի պարագայում «տրամաբանությունն ասում է, որ ԱԺ-ում ընդդիմություն չկա: Ես դժվար եմ պատկերացնում նման իրավիճակ, որովհետեւ անհնարին բան է՝ եթե կար ընդդիմություն, ուրեմն նրանք պարտավոր էին դեմ քվեարկել: Այդ երեք «դեմ» քվեարկածները անձամբ գիտեմ, թե ովքեր են եղել: Նրանք ընդդիմության հետ կապ չունեցող մարդիկ են: Անուններ չեմ տալիս, որովհետեւ նրանք տվյալ դեպքում «դեմ» են քվեարկել անձնական մոտիվացիաներով: Ընդդիմությունը չգիտեմ՝ ինչ է արել: Ամեն դեպքում այն, ինչ արվել է, ընդդիմության վարվելակերպ չէր, ընդդիմությունն իրավունք չուներ այդ կոնկրետ դեպքում ազատ քվեարկություն անել»: Ս. Այվազյանին հարցրինք՝ այդ քվեարկությունը նկատի ունենալով՝ կուսակցությունը հնարավո՞ր է, որ իր դիրքորոշումը փոխի ԱԺ ընդդիմության հետ իր հարաբերություններում: «Բնականաբար, այդ քվեարկությունը խորհելու տեղիք է տալիս»,- կարճ ասաց «Հանրապետության» ներկայացուցիչը:

Պարզվեց, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն էլ է բացասաբար վերաբերվում ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքներին եւ մասնավորապես՝ նաեւ ընդդիմության կեցվածքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել