Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԻ Է ԲՌՆՎԵԼ»

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Շուշիում ՀՅԴ Գերագույն ժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ում էլ, ըստ ամենայնի, մի քանի օրից Դաշնակցությունը կհայտարարի նախագահի թեկնածու:

Դաշնակցությունը երեկ, լրագրողներին ի տես, Շուշիի մշակույթի տանը հանդիսավոր բացեց իր Գերագույն ժողովը: Ժողովին հրավիրված էին հայաստանյան կուսակցությունների ղեկավարները, սակայն Ղարաբաղ գալու ուժ եւ կարողություն էին գտել միայն Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Ժողովին ներկա էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Դաշնակցականները իրենց ժողովն սկսեցին Արցախի, Հայաստանի եւ Դաշնակցության օրհներգերով: Ի տարբերություն նախընտրական քարոզարշավի, երբ բոլոր դաշնակցականները՝ շարքայինից մինչեւ գլխավոր, երգում էին դաշնակցական օրհներգը, երեկ միայն բեմում կանգնած Արմեն Ռուստամյանն էր ցածրաձայն արձագանքում երգին, մյուսները հանդիսավոր լռում էին: Մեկ րոպե լռությամբ դաշնակցականնները հարգեցին արցախյան պատերազմի զոհերի հիշատակը, ժողովի հանդիսավոր բացման ավարտին ծաղկեպսակներ դրեցին զոհերի հուշարձաններին եւ երգեցին ԼՂՀ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի, Բեկորի եւ մյուսների գերեզմաններին:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ Գերագույն ժողովը Շուշիում գումարելով՝ Դաշնակցությունը «գալիս է վերանորոգելու իր ուխտը՝ Ղարաբաղի պայքարը մինչեւ իր վերջնական կետ հասցնելու»: Ասաց, որ բանակցությունների ընթացքը «ձախող է թվում», եւ այդ «ձախող ընթացքը մեզ պարտավորեցնում է նոր շեշտադրումներով մոտենալ հարցին: Արցախի բանակցությունների սեղանին Ղարաբաղի հարցը դրվել է ծուռ ուղղությամբ, մեր պայքարը միշտ եղել է եւ է Ղարաբաղը, ոչ թե ստալինա-ադրբեջանական քմահաճույքով ճշտված վարչական տարածքը՝ ԼՂԻՄ-ը: Եվ քանի դեռ բանակցությունների հիմքում դրված է ԼՂԻՄ-ի հարցը, ոչ թե Ղարաբաղի հարցը, բանակցությունները դատապարտված են ձախողման»: Հրանտ Մարգարյանը Դաշնակցության ժողովը համարեց «բավական բախտորոշ»: Անդրադարձավ խորհրդարանական ընտրություններին. «Հակառակ այն բանին, որ անցած 8 տարիների ընթացքում մենք իշխանության կողքին ենք եղել եւ մեզ վերագրվել են իշխանության թե վատը, թե լավը», ժողովուրդը «մեզ ճիշտ էր հասկացել»: Ասաց, որ նույնիսկ իշխանության մեջ գտնվելու տարիներին Դաշնակցությունը չի նույնացել իշխանության հետ՝ «անարդարությունների առումով»: «Խորքային վերլուծություն» կատարած Դաշնակցությունը երեկ հայտարարեց, որ իրենք իրավունք չունեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները նույնացնել հայտարարված թվերին: Պրն Մարգարյանը ինքնաքննադատաբար հայտարարեց, որ չկարողացան իրենց իրավունքները պաշտպանել, չկարողացան ընտրությունների արդարացիությունն ապահովել: Ու երբ բանախոսը հայտարարեց՝ «արդար ընտրությունների երաշխիքը միայն կարող է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը լինել», ՀՀԿ փոխնախագահը նստած էր անտարբեր եւ անդրդվելի դեմքով:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթից հետո դաշնակցականները եւ լրագրողները բուռն ծափահարեցին, հատկապես, երբ պարոն Մանուկյանը կոչ արեց Դաշնակցությանը. «Հատուկ ուզում եմ դիմել Դաշնակցությանը: Չնայած մենք հիմա իրար հետ վիճաբանության մեջ ենք, մենք իրար հետ կռված ենք, տարբեր կողմերում ենք գտնվում համարյա, այսպես ձեւակերպեմ, բայց Դաշնակցության մեջ կարեւոր երկու հատկություն եղել է՝ ռոմանտիզմ եւ պրագմատիզմ: Երբ Դաշնակցությունը տարվել է միայն ռոմանտիզմով, դա կործանարար է եղել ժողովրդի համար, որովհետեւ ռոմանտիզմով քաղաքականությունն առաջ տանել չես կարող: Հիմա վախ ունեմ, որ ռոմանտիզմը կորցնելով՝ Դաշնակցությունը մտնի միայն պրագմատիզմի մեջ եւ այդ պրագմատիզմը վերածվի ցինիզմի, դա մյուս վտանգավոր բանն է: Ես կոչ կանեմ՝ դեռ ժամանակը չի դառնալ սովորական կուսակցություն, պահպանեք ռոմանտիզմը, ամեն ինչ լավ կլինի»:

Իր հերթին Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Սա այն կուսակցությունն է, որը իր գործելակերպը կապում է ոչ թե իշխանատենչության, իշխանակերպության, այլ տարիներ շարունակ կրելով, կոփելով ազգային գաղափարախոսությունը՝ փորձում է իր խոսքն ասել»:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթից առաջ դաշնակցականները երկարատեւ եւ բուռն ծափահարեցին: Իսկ նորընտիր նախագահը ուղղակի ողջույնի խոսք ասաց՝ հիշելով արցախյան պատերազմի ժամանակ Դաշնակցության ակտիվ մասնակցությունը. «Անգնահատելի է ՀՅԴ ներդրումը Արցախի ազգային-ազատագրական պայքարում, մանավանդ՝ մեր ժողովրդի համախմբման եւ հակառակորդին զինված դիմադրության գործում»:

ՀՅԴ քաղաքական ելույթի իրավունքը վերապահված էր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: Վերջինս հայտարարեց, որ երկրին հարկավոր են փոփոխություններ. «Այդպիսի փոփոխություններ տեղի կունենան այն դեպքում, երբ կընտրվի այնպիսի նախագահ, որը իր պատվի եւ պատասխանատվության թիվ մեկ հարցը կհամարի թղթին չթողնել ՀՀ սահմանադրության եւ ոչ մի հոդված»: Նաեւ վստահություն հայտնեց, որ իրենք կարող են «հասունացնել ժողովրդի այդպիսի ընտրությունը»: Արմեն Ռուստամյանը ասաց, որ Դաշնակցությունը ժողովրդին ներկայացնելու է իր պատկերացրած «այլընտրանքը»: Արմեն Ռուստամյանը որպես գլխավոր խնդիր որակեց հետեւալը. «Կասեցնել իշխանության եւ պետության նույնացմանը տանող հետագա սերտաճումը: Այլապես պետությունը կարող է կորցնել ազգ կազմակերպելու եւ ժողովրդի կամքն իրականացնելու իր հիմնական գործառույթը եւ կդառնա գործիք իշխող վարչակազմի ձեռքին»: Անդրադառնալով այն մտքին, որ խորհրդարանական ընտրություններով արդեն լուծված է նաեւ նախագահական ընտրությունների հարցը, պրն Ռուստամյանը զգուշացրեց. «Եթե այդպես է, ապա նախագահական ընտրությունները երկրի ապագայի համար առավել լուրջ փորձություն են, որովհետեւ կամ դրա արդյունքում կարող է ավարտին հասցվել իշխանության եւ պետության նույնացումը՝ իր կործանարար հետեւանքներով, կամ էլ իրականացվել իշխանության եւ պետության այնքան անհրաժեշտ տարանջատումը: Մենք հավատում ենք այս վերջին հեռանկարին եւ պատրաստ ենք վճռականորեն պայքարել այս գաղափարն ընդունող բոլոր ուժերի հետ: Եվ թող մեզ առաջնորդի Շուշին ազատագրած ազատամարտիկների ոգին, որոնք այն գրավեցին՝ ազատություն կամ մահ գոչելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել