Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԿԱ՛ՆՋԴ ԿԱՆՉԻ, ԿՈՄԲԻԿԵՐԻ ՎԼԱԴ

Սեպտեմբեր 15,2007 00:00

Նրա բացակայությամբ ԱԺ-ում «Անասնակերի մասին» օրինագծի քննարկումները դառնում են կարծես անիմաստ

Փա՛ռք հայրենի կառավարությանը, որ փորձում է օրենքով կարգավորել նույնիսկ այն ոլորտները, որոնք կանոնակարգելու համար թերեւս բավական լինեին անգամ համապատասխան նախարարության որոշումները: Ամեն ինչ օրենքով սահմանելու այս յուրօրինակ մոլուցքի մի արտահայտությունն էլ «Անասնակերի մասին» օրենքի նախագիծն է, որը կառավարությունը ներկայացրել է ԱԺ: Օրակարգում այն 2-րդն էր, ուղղակի այս քառօրյայում պատգամավորները զբաղվեցին պակաս կարեւոր բաներով՝ բյուջեի կատարողականը գնահատեցին, դատախազության գործունեությունը քննարկեցին եւ այլն: Հաջորդ քառօրյայում թերեւս բախտավորություն կունենանք ըմբոշխնելու այս օրենքի քննարկումները:

Իսկ մինչ այդ՝ մի քանի մեջբերումներ «Անասնակերի մասին» օրինագծից:

Այս նախագիծը պատմական է՝ նրանով սահմանված է, թե ինչ է, ասենք, կոմբիկերը: Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված են օրենքում օգտագործվող հասկացությունները, եւ մասնավորապես նշված է. «Համակցված /կոմբինացված/ կեր՝ կերերի տարբեր քանակական հարաբերությամբ պատրաստված խառնուրդ»:

Սահմանված է, թե ինչ է կոպիտ կերը եւ ավելին՝ հյութալի կերը. «Շատ ջուր պարունակող, մեծածավալ, բուսական ծագման կեր»:

Մեզ հատկապես դուր եկավ խոտի կամ, ինչպես օրինագծում է նշված՝ կանաչ կերի սահմանումը. «Կերաբույսերի վերգետնյա թարմ զանգված՝ օժտված չոր նյութի  կենսաբանական  լիարժեքությամբ»: Սակայն ոչ միայն կերով են սահմանափակվել օրենքի հեղինակները. նրանք նաեւ սահմանել են, թե ինչ է պահեստամանը. «Կերի տեղափոխման համար նախատեսված տարա»:

«Անասնակերի մասին» օրենքով սահմանվում են կերի արտադրությանը ներկայացվող պահանջները, որոնցից մեկն է. «Կերարտադրության կազմակերպումը օդափոխիչներով, կոյուղով,  լուսավորությամբ, սանհանգույցով, հանդերձարանով, տաք եւ սառը  ջրով ապահովված տարածքներում»: Մեզ թույլ չենք տա ենթադրություններ անել, թե հատկապես որ անասունն է բողոքել, որ իր կերը պատրաստվել է առանց կոյուղի եւ տաք ջուր ունեցող տարածքում:

Մեկ այլ պահանջով սահմանվում է. «Կերի թափոնների՝ միայն  եփելուց հետո օգտագործումը»: Հետաքրքիր է իմանալ, թե մինչ այժմ ում էին կերակրում անասնակերի թափոններով՝ առանց դրանք եփելու:

Չլիներ օրենքի այս նախագիծը՝ գյուղացիները երբեւէ գլխի չէին ընկնի, թե ինչպես կարելի է փոխադրել անասնակերը: Մինչդեռ այժմ սահմանվում են կերի փոխադրմանը ներկայացվող պահանջները, այն է՝ պիտի օգտագործվեն շարժակա՛ն եւ ոչ մի դեպքում՝ անշարժ փոխադրամիջոցներ. «Ավտոմեքենաներ, տրակտորներ, էլեկտրասայլակներ եւ կերաբաշխիչներ»:

Չենք ուրանա, այս նախագծում իրոք կան դրույթներ, որոնք կարեւոր են: Խոսքը մասնավորապես վտանգավոր կերի շուկայից հետկանչման եւ ոչնչացման մասին է. «Եթե վտանգավոր կերը, կերի հետ շփվող վտանգավոր նյութերը եւ վտանգավոր կերային հավելումները իրացվել են սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ կերը»: Բացի այդ՝ «Արգելվում է պիտանելիության ժամկետը լրացած կերի իրացումը, վերամշակումը եւ վերափաթեթավորումը»: Իսկ վտանգավոր կերի թողարկում հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն իրավունք ունի «արգելել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները»:

Բայց այնուամենայնիվ՝ օրինագծում առավել շատ են, խիստ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք տվող դրույթները: Ասենք, ինչո՞ւ են անասնակերի մակնշմանը եւ փաթեթավորմանը ներկայացվող պահանջների մեջ նշել, թե մակնշումը պիտի ներառի նաեւ հետեւյալ տեղեկությունները՝ «օգտագործման ուղղությունները», «պիտակավորման համար պատասխանատու անձի ինքնությունը»: Կներեք, բայց էլ ի՞նչ ուղղությամբ կարող է օգտագործվել անասնակերը, բացի անասունի բերանի ուղղությունից:

Կամ, եթե հասկանալի է, որ պիտակի վրա պիտի նշվի պատասխանատու անձը՝ նրա անուն-ազգանունը, ի՞նչ են նկատի ունեցել հեղինակները՝ պարտադիր համարելով նրա «ինքնության» մասին նշումը՝ հոգեկերտվա՞ծքը, նկարագի՞րը:

Իսկ գուցե մենք այս ամենը չենք հասկանում, քանի որ արհեստավարժ չենք անասնակերին առնչվող հարցերում: Ահա թե որ դեպքում խորհրդարանում խիստ կզգացվի «Կոմբիկերի Վլադ» մականունով հայտնի՝ «Երեւանի համակցված կերերի» ընկերության նախագահ, ՀՀԿ անդամ Գեւորգ Հակոբյանի բացակայությունը: Նախորդ խորհրդարանում նա հիմնականում լռում եւ ուրիշների փոխարեն կոճակ էր սեղմում: Իսկ լիներ նա այս խորհրդարանում՝ հաստատ բոլորին կշշմեցներ այս ոլորտում իր գիտելիքներով ու գործի իմացությամբ:

Հ. Գ. Ի դեպ, օրենքի հիմնավորման մեջ նշված է, որ «Անասնակերի մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006-ի «գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշմամբ եւ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրմանն ուղղված «գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի իրականացման 2006-2009 թթ. ազգային ծրագիրը կազմող փորձագետների առաջարկությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930