Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ՝ ՈՒՂԵԳՐԵՐ ՆՎԱՃԵԼՆ Է

Սեպտեմբեր 14,2007 00:00

Այսօր ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Երեւան-Մոսկվա-Բանգկոգ-Չանգ Մայ չվերթով մեկնում են Թաիլանդ, որտեղ սեպտեմբերի 16-26-ն անցկացվելու են մարզաձեւի աշխարհի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 19-րդ առաջնությունները:

Ըստ ծանրամարտի աշխարհի առաջնության կանոնակարգի, մարզիկները Չանգ Մայում պետք է լինեն մեկնարկից երեք օր առաջ՝ դոպինգ-ստուգում անցնելու համար: Երեկ «Առավոտը» հարցազրույց անցկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ:

– Հավաքականներն աշխարհի առաջնություն մեկնում են ամբողջակա՞ն կազմերով:

– Այո: Աշխարհի այս առաջնությունն էականորեն տարբերվում է մինչ այժմ անցկացվածներից եւ իր մարզական մակարդակով չի զիջելու անգամ օլիմպիական խաղերին: Միջազգային ֆեդերացիայի որոշմամբ IWF-ի անդամ երկրներին տրվելիք օլիմպիական ուղեգրերի քանակը որոշվելու է անցած տարի Սանտա Դոմինգոյում անցկացված եւ Չանգ Մայում վաստակելիք թիմային միավորների միջին թվաբանականով: Դրա համար էլ անչափ կարեւոր է մեր ամբողջական կազմերով մասնակցելը: Հավաքականների գլխավոր մարզիչները հայտավորել են հետեւյալ ծանրորդներին:

Աղջիկներ. 53 կգ՝ Աննա Գովելյան եւ Թեհմինե Կարապետյան, 58՝ Լիաննա Մանուկյան եւ Հեղինե Եփրեմյան, 63՝ Մելինե Դալուզյան, 69՝ Նազիկ Ավդալյան, 75՝ Հռիփսիմե Խուրշուդյան:

Տղաներ. 69 կգ՝ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան, 77՝ Գեւորգ Դավթյան, 85՝ Տիգրան Վարդանի Մարտիրոսյան եւ Գեւորգ Պողոսյան, 94՝ Սեւակ Սահակյան եւ Էդգար Գեւորգյան, 105 կգ՝ Արթուր Բաբայան, +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան:

– Ցուցակում բացակայում է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանի անունը:

– Արան թեթեւ վնասվածք է ստացել: Բացի դա, նա անձնական վիշտ ունի: Վերջերս մայրը մահացել է: Հոգեբանորեն պատրաստ չէ եւ դրա համար չի մեկնում Չանգ Մայ: Բայց նա կշարունակի նախապատրաստվել եկող տարվա Եվրոպայի առաջնությանը եւ օլիմպիական խաղերին:

– Մարզասերները սովորել են, որ հայաստանցի ծանրորդները ամենաբարձր մակարդակի մրցումներից մեդալների հարուստ ավարով են վերադառնում: Ավանդույթը կպահպանվի՞:

– Մեր գերխնդիրն այս անգամ Չանգ Մայում թիմային առավել շատ ուղեգրեր նվաճելն է: Բայց կպայքարենք նաեւ մեդալների համար: Յուրաքանչյուր ծանրորդից պահանջվելու է ունակություններն ամբողջովին դրսեւորել, երկու մրցաձեւերից ընձեռվող երեքական մոտեցումներում իր ու մարզիչների պատվիրած կիլոգրամները բարձրացնել: Ճիշտ է, Չինաստանը որպես օլիմպիական խաղերի կազմակերպիչ, ՄՕԿ-ից Պեկինում տղամարդկանց եւ կանանց ամբողջական հավաքականներով հանդես գալու իրավունք ունի, այսինքն՝ թիմային պայքարին չի մասնակցում, այդուհանդերձ, միեւնույն է, հեշտ չի լինելու: Մասնակից երկրների թիվը շուրջ 108 է, իսկ ամեն մի քաշային կարգում պայքարելու են մի քանի տասնյակ ծանրորդներ: Բայց հուսանք, որ մենք պարզ երեսով կվերադառնանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել