Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»

Սեպտեմբեր 14,2007 00:00

Անվստահելի «թրասթը»

Առանձնապես հետաքրքիր են «Հայփոստի» ներկայիս կառավարիչների օգոստոսի 31-ի եւ սեպտեմբերի 3-ի հայտարարություններում նշված այն ձեւակերպումները, թե «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից 2007 թվականին ապօրինի «տպագրվել, թողարկվել եւ վաճառվել են 51 տեսակի նամականիշեր», ինչով «Հայփոստը» շուրջ 300 միլիոն դրամի վնաս է կրել, իսկ կապի եւ տրանսպորտի նախարարությունն էլ օժանդակել է «Նամականիշի» այդ գործունեությունը:

«Ֆիլատելիստական» հարված

Օրերս TV-5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Նամականիշ» ՓԲԸ փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ «Հայփոստի» հավատարմագրային կառավարչի այդ մեղադրանքներին, իր հերթին բացահայտելով հետաքրքիր փաստեր: Նախ, պարզվեց, որ այդ 51 տեսակի նամականիշերը տպագրվել են 2006 թվականին, այն էլ՝ նախքան «Հայփոստը» հոլանդական կառավարչին հանձնելը: Երկրորդ, Հ. Հովհաննիսյանը պնդեց ու ներկայացրեց փաստաթղթեր, որոնք հավաստում են, որ խնդրո առարկա նամականիշերը թողարկվել են օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ, տվյալ պահի դրությամբ լիազոր մարմնի՝ կապի նախարարության հաստատած ծրագրով, ավելին՝ Համաշխարհային փոստային միության կողմից ստացել են համարակալում եւ ունեն սերտիֆիկատ:

Ամենակարեւորը. «Նամականիշ» ՓԲԸ փոխտնօրենը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչ ու նաեւ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը այդ նամականիշերի մասին իմացել է առնվազն անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին, այլ ոչ թե՝ «ներքին հետաքննության արդյունքում», ինչպես հայտարարել էր մեղադրական հայտարարության մեջ: Բանն այն է, որ երբ «Հայփոստը» անցյալ տարվա նոյեմբերի 30-ի պայմանագրով տրվել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթին», ընկերությունն ստացել է նաեւ նամականիշեր տպագրելու արտոնությունը: Սակայն նախքան այդ, հոկտեմբերին արդեն տպագրվել էր նշված 51 տեսակի նամականիշերի խմբաքանակը, որը ներկրվել էր Հայաստան, եւ այդ ամենի համար 36,4 միլիոն դրամ էր ծախսվել: Ի՞նչ էր լինելու ա՛յդ նամականիշերի հետ:

Այդ նպատակով, ինչպես ասում է Հ. Հովհաննիսյանը, խորհրդակցություն է հրավիրվել, որտեղ լուծում է տրվել առկա տարաձայնություններին: Նամականիշերի հարցով այդ խորհրդակցությունը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 4-ին: Խորհրդակցությունը, որքան էլ տարօրինակ է, անց է կացվել ոչ թե «Հայփոստում» կամ կապի նախարարությունում, այլ… Կենտրոնական բանկում: Ավելին, քննարկումը վարողն ու արդյունքներն ի մի բերողը եղել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Բայց դա դեռ մի կողմ:

Ամենից հետաքրքիրն այն է, որ այդ նույն խորհրդակցությանը մասնակցել է «Հայփոստի» ներկայիս ղեկավար Հանս Բոոնն անձամբ, որը մերժել է այդ 51 տեսակ նամականիշերի 300-350 մլն դրամ շուկայական արժեքով խմբաքանակը անվանական արժեքով՝ 36,4 մլն դրամով վերցնելու եւ «Հայփոստի» համակարգով իրացնելու վերաբերյալ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի առաջարկը: Ի վերջո, քննարկումն ամփոփելով, Տիգրան Սարգսյանը նշել է, թե՝ կողմերը հանգեցին համաձայնության, որ խնդրո առարկա նամականիշերի խմբաքանակը մնում է «Նամականիշ» ՓԲԸ-ին, որն իրավունք է ստանում այն իրացնել որպես զուտ ֆիլատելիստական բովանդակության եւ նշանակության նամականիշեր: Բացի այդ, կապի նախարարն էլ հրաման է արձակում, որ տվյալ նամականիշերը փոստային ծառայությունների վճարամիջոց են ու բացառապես ֆիլատելիստական նշանակություն ունեն:

Այնինչ, հիմա «Հայփոստի» կառավարիչներն իրենց հայտարարություններով տպավորություն են ստեղծում, թե իրենք մեծագույն խարդավանք են բացահայտել: Բայցեւ անհասկանալի է, թե որտե՞ղ ու ինչի՞ց են իրենք 300 մլն դրամ վնաս կրել: Առնվազն անկեղծ չեն կառավարիչ պարոնայք, անկեղծ չեն:

Գտնել սեւ կատվին՝ մութ անկյունում

Արժե նշել «Նամականիշի» փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի մեկ-երկու դիտողություն եւս: Նա ընդգծեց, որ փոստային կապի օպերատորն իրավունք չունի ապօրինի ճանաչել եւ շրջանառությունից հանել որեւէ նամականիշ: Օրենսդրորեն դա պետական լիազոր մարմնի իրավասությունն է: «Այդ նամականիշերի ապօրինի լինելու մասին Հանս Բոոնի հայտարարությունը մոտավորապես այն հնչողությունն ունի, որ այսօր բանկերից մեկը հայտարարի, թե Կենտրոնական բանկի թողարկած դրամանիշերից մեկն ապօրինի է»,- նկատեց Հ. Հովհաննիսյանը:

Մի՞թե «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչն ու իր թիմը, ներառյալ իրավաբանները, չգիտեն, որ «Փոստային կապի մասին» օրենքի համաձայն, ինչպես Հ. Հովհաննիսյանն է պնդում, իրենք օրինական նամականիշն ապօրինի հայտարարելու իրավունք չունեն: Ծիծաղելի կլիներ կարծել, որ չգիտեն: Իսկ եթե գիտեն, ավելին, հրաշալի տեղյակ են, թե այդ նամականիշերը երբ են տպագրվել, ինչ ծավալի են ու համաձայնել են, որ դրանք որպես ֆիլատելիստական նյութ իրացվեն «Նամականիշի» կողմից, ինչո՞ւ են հապա այժմ թյուրիմացության մեջ գցում հասարակությանը: Գուցե իրենց պարտավորությունների չկատարման հարցից ուշադրությունը շեղելո՞ւ նպատակով:

Այս ամենի խորապատկերում որքանո՞վ արժանահավատ կարելի է համարել հավատարմագրային կառավարչի մյուս հայտարարությունը, որ 2001 թվականից ի վեր «Հայփոստի» համակարգում ավտոտնտեսության շահագործման եւ վառելիքի մատակարարման ասպարեզում կատարված սիստեմատիկ խախտումներով ընկերությունը մոտ 2 միլիարդ դրամի վնաս է կրել: Չէ, ճիշտ հասկանանք խնդիրը: Տողերիս հեղինակն ամենեւին էլ այն կարծիքին չէ, թե նախկինում կամ հիմա «Հայփոստում» այնպիսի մաքրամաքուր, չարաշահումներից զերծ իրավիճակ է, որ հրեշտակները ձանձրույթից իրենց թեւիկների փետուրներն են ուղղում: Ամենեւին: Պատրանքներ չունենք:

Ուղղակի մեզ հասած լուրերի համաձայն, «Հայփոստի» նախկին ղեկավարներից մեկը, երբ լսել է ընկերության ներկայիս կառավարիչների այդ հայտարարությունը, չափազանց զարմացել է: Ըստ այդ լուրերի, նա մտերիմներին խոստովանել է, որ այդ 5 տարիներին «Հայփոստի» ավտոտնտեսության շահագործման եւ վառելիքի գնման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 650 միլիոն դրամ: Ասել կուզի, եթե «Հայփոստի» ողջ ավտոտնտեսությունը 5 տարի անշարժ մնար, առավելագույնը 650 միլիոն դրամ կարող էին «ուտել» կամ չարաշահել, այլ ոչ թե՝ 2 միլիարդ:

Կերե՞լ են, չե՞ն կերել, որքա՞ն են կերել: Հարցեր են, որոնց պատասխանները կարող են պարզել իրավապահ մարմինները, մանավանդ որ, «Հայփոստի» օրարերկրյա կառավարիչը դիմել է նրանց՝ հետաքննություն իրականացնելու խնդրանքով: Բայց կարծում ենք, իրավապահ մարմինները հետաքննության շրջանակներում պետք է քննեն նաեւ ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության այն աշխատակիցներին, որոնք համապատասխանաբար 2004 եւ 2006 թվականներին ուսումնասիրություններ են իրականացրել «Հայփոստում» եւ ներկայիս կառավարիչների նշած չարաշահումներից ոչ մեկը չեն բացահայտել: Թե՞ բոլորը միասին մութ սենյակում փնտրում են սեւ կատու, որը վաղուց այնտեղ չէ:

Ի դեպ, կարծում ենք, իրավապահները կարող են հետաքրքրվել «Հայփոստ» պետական ընկերության նաեւ ներկայիս ղեկավարության գործունեությամբ, որը կարող է որոշ «խոպանչիների» նախանձը շարժել: Օրինակ, հավատարմագրային կառավարիչը օգոստոսին մեծ շուքով կատարեց Երեւանի թիվ 1 փոստային բաժանմունքի բացումը՝ Թումանյան փողոցում: Միանգամայն տարբեր աղբյուրներից մեր ստացած տեղեկությունների համաձայն, այդ տարածքը «Հայփոստը» վարձակալում է անհատ սեփականատիրոջից, ամիսը՝ 2500 դոլար վարձավճարով: Ըստ որում, սեփականատերը իր տարածքը «Հայփոստին» հանձնել է լիովին վերանորոգված, կազմ-պատրաստ վիճակում: Այնտեղ մնում էր միայն վաճառասեղանները տեղադրել ու փոստային գրասենյակային իրերը: Սակայն «Հայփոստը» վերանորոգում է սկսել… վերանորոգված տարածքում եւ այդ նպատակի համար ընկերության միջոցներից դուրս է գրվել 35 հազար դոլարին (այլ աղբյուրների համաձայն՝ 40 հազար) համարժեք գումար: Ի լրումն, կրկնական վերանորոգման հետեւանքները տեսնելով, տարածքի սեփականատերը բորբոքվել է եւ ետ է ուզել իր տարածքը, բայց նրան եւս 1800 դոլար է տրվել՝ չաղմկելու համար ու որպես վնասի փոխհատուցում:

Իսկ միգուցե շատ ծախս անելը արդյունավետ կառավարման նո՞ր ձեւ է, որը օտարերկրյա կառավարիչների ընկալմամբ հասու չէ «հետամնացներիս»:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել