Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՊՈԼԵՈՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ

Սեպտեմբեր 14,2007 00:00

\"\"Մեծերի վերաբերմունքը մամուլի նկատմամբ միշտ էլ ուշագրավ է եւ կարեւոր. քանզի առաջին հերթին հայելի ընտրելու խնդիր է ներկայացնում իրենից: Եվ ըստ դրա էլ երեւակվում են յուրաքանչյուրի աշխարհայացքը, նրբամտությունն ու խորամտությունը:

Խիստ ուշագրավ է Նապոլեոն Բոնապարտի նոր-նոր տարածում գտնող մամուլի կարեւորության գիտակցումը, որը նա ձեւակերպել է հետեւյալ կերպ. «Թշնամաբար տրամադրված չորս թերթերն ավելի վտանգավոր են, քան 100 հազար սվինը»: Նապոլեոնը իրատեսորեն բարձր էր գնահատում մամուլի՝ որպես քարոզչամիջոցի դերը: Կարեւորելով այն՝ նա երբեք էլ հիացած չէր այդ քարոզչությունը կյանքի կոչողների մտավոր կարողություններով:

Նապոլեոնին հատկապես նյարդայնացնում էր այն փաստը, որ թերթերը, ցանկանալով հաճոյանալ, հաճախ խանգարում էին գործին: Օրինակ՝ կայսրության վերջին շաբաթներին փարիզյան թերթերը, փառաբանելով կայսեր մի հաղթանակը, հիացմունքով գրում էին, որ այն առավել քան փառքի է արժանի, որովհետեւ ֆրանսիացի մի զինվորի դեմ կռվում էին հակառակորդի երեք զինվորներ: «Թերթերը խմբագրվում են առանց հասկացվելու,- զայրույթով գրում է Նապոլեոնը ոստիկանության նախարար Սավարիին:- Վայելո՞ւչ է այս պահին գրել, որ ես քիչ զորք ունեմ, որ ես հաղթեցի անակնկալ հարձակվելով թշնամու վրա, որ մենք կռվում էինք մեկը երեքի դեմ: Պետք է, որ, իրոք, Փարիզում բոլորդ գլուխներդ կորցրած լինեք, որ նման բաներ խոսեք, երբ ես ամենուր ասում եմ, որ 300000 զորք ունեմ, եւ հակառակորդը դրան հավատում է, եւ այդ մասին պետք է խոսել մինչեւ գերհագեցում: Ես ստեղծել եմ թերթերը ղեկավարելու բյուրո, ինչո՞ւ այդ հոդվածները չեն տեսնում: Դուք կարող էիք հասկանալ նաեւ, որ… խոսքը դատարկ փառաբանության մասին չէ, եւ պատերազմի առաջին օրենքը այն է, որ պիտի մեծացնես, այլ ոչ թե փոքրացնես քո ուժերը: Բայց ինչպես դա հասկացնես բանաստեղծներին, որ ջանում են հաճոյանալ ինձ ու ազգային ինքնասիրությունը շոյել՝ գործ անելու փոխարեն: Ինձ թվում է… եթե դուք դրան ուշադրությամբ վերաբերվեիք, նման հոդվածները, որոնց էությունը ոչ միայն տխմարությունն է, այլեւ կործանարար տխմարությունը, երբեք էլ չէին տպագրվի»:

Իսկ 1809 թվականին Նապոլեոնը գրում է. «Կարծում եմ, որ օգտակար կլիներ հրաման տալ գրելու մի քանի լավ հոդվածներ, որոնք կհամեմատեին 1709 թվականին Ֆրանսիան տանջող դժբախտությունը եւ կայսրության ծաղկուն վիճակը 1809 թվականին»: Եվ շարունակում. «Հարցը պետք է դիտարկել տարածքների եւ բնակչության, ներքին հաջողությունների եւ արտաքին փառքի, ֆինանսների տեսակետից»: «Դուք մարդիկ ունեք, որ ի վիճակի են այս շատ կարեւոր թեմայով 5-6 լավ հոդվածներ գրել, որոնք լավ ուղղություն կտան հասարակական կարծիքին»: Հետո նշվում է զուգահեռը՝ Լյուդովիկոս Տասնչորսերորդը կառուցում էր Վերսալը եւ որսորդական տնակներ, իսկ նա՝ Նապոլեոնը, բարելավում ու վերակառուցում է Փարիզը: «Սրանից սկսելով՝ կարելի է խոսել մեր հաստատությունների կատարելագործման մասին», երջանիկ փոփոխությունների, որ տեղի են ունեցել բոլոր բնագավառներում. Լյուդովիկոսը հալածում էր բողոքականներին, Նապոլեոնը հանդուրժողականություն էր հաստատում եւ այլն: «Կարելի է գրել ամեն ամիս մեկ հոդված՝ միեւնույն վերնագրով՝ 1709-1809»:

Նապոլեոնը նաեւ հասկանում էր, որ որքան անթաքույց երեւա ոստիկանության ուղղորդող ձեռքը, այնքան քիչ են հավատալու թերթերի հրապարակումներին. «Քանի որ բանակի մասին թերթերի բոլոր հոդվածները անտակտ են գրված, ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի՝ ընդհանրապես այդ մասին չգրեն: Առավել եւս՝ հայտնի է, որ այդ հոդվածները գրված են ոստիկանության ներգործությամբ: Մեծ սխալ է երեւակայելը, թե Ֆրանսիայում այս ճանապարհով կարելի է գաղափարներ անցկացնել»:

Նոր էր սկսվել Իսպանիայի նվաճումը, երբ, անմիջապես, Մադրիդում գտնվող Մյուրատին Նապոլեոնը ցուցում տվեց. «Ձեր ձեռքը դրեք տպագիր խոսքի վրա: Պետք է հասարակական կարծիքին լավ հասկացնել, որ արքան այլեւս չկա»: «Ձեր իշխանության տակ վերցրեք թերթերը եւ կառավարումը»: Նա հրամայում է հեղեղել Իսպանիան գահընկեց արված դինաստիայի մասին պամֆլետներով եւ նոր կարգերի փառաբանությամբ: Մարշալ Բեսսերը համարում էր, որ դա անօգուտ է եւ անիմաստ: «Դուք ասում եք,- գրում է նա Բեսսերին,- որ պամֆլետները Իսպանիայում ոչ մի բանի չեն ծառայում: Դրանք ասեկոսեներ են: Իսպանացիները, ինչպես մյուս բոլոր ժողովուրդները, առանձնահատուկ դասակարգ չեն: Տարածեք Գալիցիայում այն գրությունները, որ ես ուղարկել եմ ձեզ»:

Նապոլեոնը իրեն ենթակա կառավարություններից պահանջում էր, որ նրանք անհրաժեշտության դեպքում պարզապես ստեն իրենց թերթերում: Բնականաբար, անհրաժեշտությունը որոշում եւ սահմանում էր ինքը: Եվ ոչ միայն անհրաժեշտությունը: Ստի ձեւը, չափը, տեսակը. քանակը եւս ինքն էր որոշում: Նա Մոսկվայից (1812 թվականին) կարգադրում էր Ավստրիայի, Բավարիայի, Վյուրտեմբուրգի արքաներին. «Ես ոչ միայն ցանկանում եմ, որ դուք օգնություն ուղարկեք, ես ցանկանում եմ նաեւ, որ չափազանցվի այդ օգնությունը, որ արքաները ստիպեն իրենց թերթերին, որպեսզի նրանք տեղեկություններ հրապարակեն զորական աջակցության մեծ թվերի մասին՝ կրկնապատկելով դրանց քանակը»:

Ահա այսպես՝ ոչ ավել, ոչ պակաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել