Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՆԸ

Սեպտեմբեր 14,2007 00:00

Երբ առաջին անգամ տեսա տիեզերքից լուսանկարված մեր մոլորակի պատկերը, ապշեցի, թե ինչքան գեղեցիկ է մեր բոլորի տունը՝ անկախ պետությունների սահմանագծերից, անկախ կրոններից, քանի որ այդ ամենը կապույտ, կիսաամպամած ու լուսավոր, թրթռուն կենդանության մեջ չէր երեւում, եւ մեր երկիրը ինձ թվաց անհավատալի ստեղծագործություն՝ անվախճանության կնիքը վրան: Եվ երիցս սխալ են իրապաշտ գիտնականները, թե այդ ամեն ինչը պատահականություն է, այսինքն թե՝ տիեզերական քմահաճույք կամ թյուրիմացություն:

Այնինչ այդպիսի փխրուն, գեղեցկության նման անպաշտպան ստեղծագործությունը անհավատալի հավասարակշռության մեջ է բոլոր մյուս մոլորակների հետ, եւ ինչքան էլ որ երբեմն մեզ թվա, թե ուշանում է, գարունը միշտ էլ ժամանակին է գալիս: Եվ ահա այստեղ է, որ մոլորվում են զգայուն հոգիները, երբ չեն կարողանում թափանցել, առնչվել, հասկանալ Աստծո գաղտնի միտքը եւ արարման նպատակը, եւ պոետի անվստահ ձայնով բարբառում, ձեւակերպում են՝ Մենք բոլորս, բոլորս, մանուկներ ենք որբ: Այնինչ նույն այդ աստվածային ներդաշնակության մեջ միշտ հայտնվում է հակամարդը եւ թելադրում իր կանոնները ներդաշնակության. Աթիլլա, Չինգիզ Խան՝ մինչեւ վերջին ծովը, Անգլիա՝ բոլոր ծովերը, Խորհրդային միություն՝ համաշխարհային հեղափոխություն եւ այլ խաներ ու ամերիկաներ: Երկիր, ուր դերասանուհու ներքնազգեստը հարյուր հազարներով վաճառում են աճուրդներում՝ մոռանալով, որ իրենց մոլորակի բնակիչների գրեթե կեսը կիսասոված է, որոնց երկրների հաշվին են հարստացել իրենք: Եվ հետո զարմանում ու վիրավորվում են, որ աշխարհում հայտնվում է Բեն ահաբեկիչը՝ որպես հակապարտադրանք պարտադրվող ներդաշնակությանը: Եվ եթե շարունակվի բութ ուժի միջոցով պարտադրվել ազգերին ներդաշնակության սեփական պատկերացումը, վաղը նորից կհայտնվեն այլ լադեններ, եւ դա կլինի անվերջ, քանի որ խախտվել է աշխարհի հավասարակշռությունը: Մի բան, որը կարծես թե վաղուց հասկացել է ծերուկ Եվրոպան եւ փորձում է գնալ ներդաշնակության ճանապարհով, քանի որ հակամարդու հայտնությունը ստեղծում է հակաազգեր, իսկ հակաազգերը՝ անվերջանալի պատերազմներ: Այնինչ մենք բոլորս մանուկներ ենք որբ տիեզերական անսահմանության առաջ. ասում եմ ինքս ինձ ու վերադառնում իմ փոքրիկ երկիրը, որտեղ նույնպես խախտված է ներդաշնակությունը, վերադառնում եմ հույսով, որ մեր վաղվա նախագահը, որին պիտի ընտրենք մենք, մեր տաք ու փոքրիկ երկրում կվերականգնի խախտված ներդաշնակությունը, եւ մենք կշարունակենք ընթանալ մեր կապույտ եւ փխրուն մոլորակի բնականոն ծիրով թվացյալ գիտունների եւ հաստատուն անգիտության աշխարհում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել