Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագրքերի գները տարբեր են

Սեպտեմբեր 14,2007 00:00

\"\"Դպրոցներում դրանք հաճախ կլորացվում են

Հանրակրթական դպրոցներում այժմ եռուն շրջան է ոչ այնքան ուսումնական, այլ ֆինանսական-կազմակերպչական առումով: Պատճառն այն է, որ ծնողներից սկսել են գումարներ հավաքել, այսպես կոչված, արենդայով դասագրքերի ձեռքբերման համար։ Դպրոցները ստացել են պահանջված դասագրքերը, իսկ ծնողները պետք է գրքերի ինքնարժեքի որոշ տոկոսը դպրոցին վճարելով՝ ձեռք բերեն դրանք: «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» տնօրեն Կարինե Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են սահմանվում դասագրքերի գները եւ ինչպե՞ս է որոշվել, թե ծնողից այս կամ այն գրքի համար որքան գումար գանձել: «Դասագրքաստեղծման մրցույթների ժամանակ հրատարակիչները տվյալ գրքի համար նաեւ գին են սահմանում: Եվ ընտրվում է նվազագույնը: Դասագրքերի համար այս տարվա ներդրումային գումարները սահմանված են նախարարի օգոստոսի 16-ի հրամանով: Ծնողները վճարում են գրքի ինքնարժեքի 1/4-րդը»,- պարզաբանեց տիկ. Հարությունյանը: Ըստ նշված հրամանի՝ 5-րդ դասարանի «Մայրենին» արժե 330 դրամ, 8-րդի «Ֆրանսերենը» երեխաները կարող են ձեռք բերել առանց ներդրման եւ այլն: Ինչպես միշտ, այս դեպքում էլ որոշ դպրոցների տնօրեններ գործի են դրել իրենց հնարամտությունը: Նրանցից ոմանք որոշել են «հեշտացնել» ծնողների գործը՝ ի վնաս նրանց կլորացնելով ներդրումային գումարները: Օրինակ՝ 330, 310, 320, 350 դրամի փոխարեն 400 դրամ են հավաքում: Ու ստացվում է, որ, օրինակ՝ Աջափնյակի համայնքի որոշ դպրոցներում 8-րդ դասարանցիներից դասագրքերի համար հավաքվում է 3150 դրամ, իսկ Նորքի զանգվածի դպրոցներից մեկում, նույն դասարաններում՝ 4000 դրամ: Այս փաստը ծնողների դժգոհությունների տեղիք է տալիս, մանավանդ, երբ նրանք տեսնում են, որ լավ հովանավոր ունեցող դպրոցներում ծնողներն ընդհանրապես չեն վճարում դասագրքի համար։ Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանից հետաքրքրվեցինք, թե նմանատիպ խնդիրները կանոնակարգելու համար իրենք ստուգումներ իրականացնու՞մ են: «Մեր աշխատակիցները շրջում են դասարաններով, հարցնում, թե ինչպես է ընթանում դասագրքերի ձեռքբերման գործընթացը։ Մյուս կողմից էլ, օրինակ՝ 4-րդ դասարանցուն այնքան էլ նպատակահարմար չէ ֆինանսական հարցադրումներով ծանրաբեռնել՝ մանրամասն հարցնելով, թե որ գրքի համար որքան գումար է վճարել: Իսկ ձեր նշած խնդիրների մասին դեռ ինֆորմացիա չունենք»,- պատասխանեց կրթության վարչության պետը:

Ծնողների դժգոհությունները տարաբնույթ կերպով մեկնաբանեցին դպրոցների տնօրենները։ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասաց. «Անընդհատ խոսակցություններ եմ լսում, որ որոշ տնօրեններ դասագրքերի համար սահմանված ներդրումային գումարից մի քանի անգամ ավելի են գանձում ծնողներից: Որպեսզի այսպիսի խնդիրներ չառաջանան, կրթության վարչության կողմից ուղարկված՝ դասագրքերի համար սահմանված գնացուցակը փակցրել եմ դպրոցում»: Իսկ գումարներ կլորացնելը տնօրեններից մեկը այսպես մեկնաբանեց. «Երեխաներ կան, որ ի վիճակի չեն մուծել դասագրքերի տրամադրման համար գանձվող գումարները: Նրանց փոխարեն այդ գումարները վճարելու համար էլ դասագրքերի սահմանված ներդրումային գումարները կլորացվում են, այսինքն՝ տվյալ դասարանի մյուս աշակերտներից գանձվում է 10 կամ 20 դրամ ավելի»: Դպրոցներում մտահոգված են, որ իրենք որոշ գրքեր դեռ չեն ստացել: Բայց ավելի անհանգստացած են, որ երբեմն աշակերտներին ստիպված են լինում չափազանց մաշված դասագրքերով դասավանդել: «Այդպիսի վիճակում են, օրինակ՝ մայրենիի, ռուսերենի գրքերը։ Անհարմար ենք զգում այդպիսի գրքերով դասավանդել»,- նեղսրտեց Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը: Ի տարբերություն տնօրենների, Օ. Վաթյանը ուրախալի է համարում այս փաստը. «Եթե գիրքը մաշված է, ուրեմն աշակերտը օգտագործել է այն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել