Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՆԴՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»

Սեպտեմբեր 14,2007 00:00

Վստահ են քաղաքապետարանի աշխատակիցները

Իր անցյալով, ներկայով եւ ապագայով, իր առանձնահատկություններով եւ կոլորիտով մայրաքաղաքի Կոնդ թաղամասը ուրույն տեղ ունի քաղաքի կյանքում: Այդ թաղամասը նաեւ տարիներ շարունակ մայրաքաղաքի կնճիռն էր համարվում եւ բազում իշխանություններ պարզապես չէին համարձակվում նախաձեռնել առկա հիմնախնդիրների լուծումը: Դեռ խորհրդային տարիներից կոնդեցիները շարունակ բողոքել են իրենց գույքային իրավունքը ոտնահարելու համար: Սակայն միայն 2005 թվականի հունիսին, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի առաջարկությամբ եւ հանրապետության նախագահի հանձնարարությամբ, ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվեր Կոնդի հիմնախնդիրների ուսումնասիրությամբ ու համապատասխան առաջարկություններ մշակեր: Հանձնաժողովի վեցամսյա ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, նաեւ հաշվի առնելով, որ թաղամասի բնակելի տների գերակշիռ մասը մինչեւ 1950 թվականը ունեցել է ներկայիս բնակիչների կողմից օգտագործվող շենք, շինություններ եւ դրանց կառուցման համար համապատասխան փաստաթղթեր, ՀՀ օրենսդրության համապատասխան, քաղաքապետի 2005թ. նոյեմբերի 9-ի որոշմամբ Կոնդի 416 տների բնակիչներին կամ նրանց ժառանգներին ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքով տրամադրվեց իրենց կողմից զբաղեցրած գույքը, բնակելի տները եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը: Ի դեպ, կային ընտանիքներ, որոնք երկու դարից ավելի ժառանգաբար զբաղեցնում էին այդ տարածքները: Նշված որոշման մեջ, բնականաբար, ընդգրկված չէին այն բնակիչները, ում բնակելի տների իրավական կարգավիճակը ճշտվել է տարբեր տարիների կամ նրանք ստացել են տարատեսակ փոխհատուցումներ:

Կոնդ թաղամասի հիմնախնդիրների նման լուծումն իր նշանակությամբ աննախադեպ էր: Միջգերատեսչական հանձնաժողովի համակարգող, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանի կարծիքով, սա օրինակ էր իշխանության եւ բնակչության համագործակցության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ վերականգնման, ինչը հետագայում մայրաքաղաքի այլ թաղամասերի խնդիրների լուծման ժամանակ եւս կկիրառվի:

Գործընթացն այդպիսով չավարտվեց. գույքի նկատմամբ իրավունք գրանցած ընտանիքներն այժմ 535-ն են: Ընթացքի մեջ է մոտ 100 հողամասերի նկատմամբ վարձակալների սեփականության իրավունքի գրանցման հարցը: Ընդ որում, յուրաքանչյուր դեպքի առիթով ցուցաբերվում է անհատական մոտեցում, եւ գործող օրենսդրության շրջանակներում խնդիրներն ի վերջո լուծում կստանան: Միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար, քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանի կարծիքով, այս գործընթացը կշարունակվի դեռեւս 3-4 ամիս, քանզի մոտ 20 գործով առկա են դատական վեճեր հարեւանների միջեւ: Դատարանի որոշումից հետո միայն հարցերը վերջնական լուծում կստանան: Ի հայտ են գալիս նաեւ նոր դիմումներ: Վարչապետի եւ քաղաքապետի հանձնարարականներով ժամկետային սահմանափակումներ չկան եւ յուրաքանչյուր բնակչի խնդիր լուծում պետք է ստանա:

Կոնդի բնակիչ, միջգերատեսչական հանձնաժողովում բնակիչների շահերը ներկայացնող քաղաքական եւ հասարակական գործիչ Վաչագան Չիբուխչյանը, ում գերդաստանը հարյուրամյակներ շարունակ բնակվել է Կոնդում, տեղացիներին համեմատում է կալանավորների հետ, ովքեր զուրկ էին իրավունքներից եւ տարրական կենցաղային պայմաններից: Ցավով է հիշում, որ արհամարհված էին բոլոր իշխանությունների կողմից, որ ոչ մի քաղաքապետ քայլ չէր անում իրենց հարցերը լուծելու համար. «Շատ քաղաքապետեր եկան-գնացին, ոչ մեկը Կոնդի տեղն այդպես էլ չիմացավ: Երվանդ Զախարյանի օրոք միայն հաջողվեց «սառույցը կոտրել»: Զախարյանը մի քանի անգամ է եկել Կոնդ. նա սկսեց ջրագծերի անցկացումից, ասֆալտապատումից, հետո դրվեց բնակարանների սեփականաշնորհման հարցը: Մենք ամեն Աստծո առավոտ շնորհակալություն ենք հայտնում Զախարյանին, որ խոսք տվեց եւ իր խոստումը կատարեց: Մեծ եւ ծանր աշխատանք կատարվեց: 1000-ից ավելի սեփականաշնորհված բնակարաններ կան: Էս մարդը մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա ու պատվով դուրս եկավ դրա տակից: Մարդիկ այսօր իրենց պապական տների ու հողերի տերերն են: Սեփականաշնորհումն էլ կատարվեց անհատույց, ոչ մեկը մի լումա չի ծախսել: Ճիշտ է, միշտ աշխատողին են քարկոծում, բայց մենք ցավում ենք, որ քաղաքական թերմացքներն են Երվանդ Զախարյանին քարկոծում: Եթե սխալ է, կարելի է սխալի համար քարկոծել, մենք էլ կարող ենք, բայց արածի համա՞ր… քաղաքում էդքան կատարված աշխատանքների համա՞ր քարկոծել: Տրանսպորտն էդքան ծանրաբեռնված է, անցումներ են պետք. ի՞նչ անեն՝ չանե՞ն. է, թող մի քիչ էլ փոշի լինի, բա որ սարքում են՝ փոշի էլ պիտի լինի: Նախ մենք՝ ժողովուրդը, մեզ կարգի պիտի հրավիրենք. ձեռքներիս պատահածը ուր հասնում գցում ենք, ոնց ուզում՝ փողոց ենք անցնում, մեքենա ենք քշում ու դեռ բողոքողն էլ մենք ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել