Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեզ ստախոս նախագահ պետք չէ»

Սեպտեմբեր 14,2007 00:00

Այս եւ այլ բովանդակությամբ պաստառներով՝ երեկ կառավարության շենքի առաջ կրկին ցույցի էին դուրս եկել հանուն պետական կարիքների վտարված հարյուրավոր բնակիչներ:

«Այսօր լրանում է 5-րդ ամիսը, ինչ վարչապետը մեզ խոստացել է Ազգային ժողովի ընտրություններից հետո մեր հարցը լուծել: Նա մեզ հետ անձամբ հանդիպել է ապրիլի 13-ին ու ասել, որ եւս մեկ անգամ կհանդիպի եւ մեր ոտնահարված իրավունքները կվերականգնի: Մենք էլ դրա փոխարեն նրան խոստացանք ցույցեր չանել: Սակայն այս 5 ամիսների ընթացքում վարչապետը որեւէ քայլ չի ձեռնարկել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում բորբոքված բողոքեցին իրացված գոտու բնակիչները: Նրանց հատկապես վրդովեցրել էր այն, որ նախորդ օրը խորհրդարանի հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին, թե վարչապետը ե՞րբ է կատարելու իրացման գոտու բնակիչներին տված խոստումը, պատասխանել էր, թե ինքն այդպիսի խոստում չի տվել: «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը ոչ մի կերպ չի կարող հավատալ, որ վարչապետը «մեզ խաբել է, նա մեր աչքի առաջ անգամ հանձնարարակսններ տվեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, որը միչեւ հիմա ոչինչ էլ չի արել»:

Ըստ Ս. Բաղդասարյանի. «Կարելի է ենթադրել, որ քաղաքապետը խաղում է վարչապետի պատվի հետ: Գնում ենք քաղաքապետարանի մոտ ցույցի, մեզ ասում են՝ գնացեք դիմեք նրան, ով խոստացել է ձեր հարցը լուծել: Եթե չեն կարողանում մեզ մի տեղ տրամադրել, որ ապրենք, թող պատասխան տան մեր տները խլելու համար: Տղայիս 16 տարին լրացել է՝ չի կարողանում անձնագիր ստանալ, պատճառաբանում են, որ ոչ մի տեղ գրանցված չէ: Ինձ ասում են՝ մի տեղ ժամանակավոր գրանցի՝ անձնագիր կտանք: Ես էլ ասացի, որ ուզում եմ Երվանդ Զախարյանի տան վրա գրանցել, ինձ պատասխանեցին, որ պետք է լինի սեփականատիրոջ համաձայնությունը: Իսկ ինչու մնացած քաղաքացիների տան համար ինձ այդպիսի բան չասացին»:

Եզնիկ Կողբացի փողոցի բնակիչ Լյուդմիլա Նովակը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց թաղամասի բնակիչներին թույլ չեն տալիս ընդհանուր օգտագործման տարածքներից օգտվել. «Մեզ ասում են՝ մեր բակերն ուրիշի սեփականություն են: Մենք տարիներ շարունակ այստեղ ենք ապրել եւ ինչպես հանրակացարաններում, մեզ մոտ էլ զուգարանից ու լոգարանից մի քանի ընտանիք է օգտվել: Փաստորեն, այդ տարածքներն էլ են արդեն վաճառել»:

Նորքի այգիներ 227 շենքում ապրող փախստական Մարինա Սարկիսովային ու իր հետ այս շենքում ապրող եւս 17 ընտանիքի իրենց բնակարաններից վտարում են՝ առանց հաշվի առնելու, որ այդ մարդիկ ունեն սեփականության վկայականներ. «Ամբողջ տարածքը վաճառել են, չնայած որ, կառավարության որոշմամբ, այդ շենքն անհատույց մեզ էին տրամադրել»:

Հանուն պետական կարիքների վտարված բնակիչները պաստառների վրա գրել էին. «Պարո՛ն Սարգսյան, դուք մեզ խաբեցիք»: Նրանք միաձայն գոչում էին. «Վարչապետ, պատասխան»: Կառավարության շենքից ցուցարարների բողոքներին ոչ մի արձագանք չեղավ եւ որեւէ պաշտոնյա նրանց չընդունեց: «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե իրենց հարցը չլուծվի՝ դիմելու են նաեւ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաեւ հայաստանյան կուսակցությունների ղեկավարներին եւ այլ երկրների նախագահներին. «որ տեսնեն մեր երկրում ինչ է կատարվում: Սա նույն բանն է, ինչ թուրքերը մեզ հետ արեցին 1915 թվականին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել