Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չկրկնե՛ք Վիշինսկու անունը

Սեպտեմբեր 14,2007 00:00

Երեկ պատգամավորներին հորդորեց Աղվան Հովսեփյանը, որը կշարունակի իբրեւ գլխավոր դատախազ պաշտոնավարել եւս 6 տարի:

Ի տարբերություն նախորդ օրվա քննարկումների, որոնց ընթացքում Աղվան Հովսեփյանն ԱԺ պատգամավորներին հանգամանալից պարզաբանումներ էր ներկայացնում տարբեր քրեական գործերի վերաբերյալ՝ երեկ նա հրաժարվում էր պատասխանել մանավանդ դատական վարույթներում գտնվող գործերին առնչվող հարցադրումներին: Ասենք, սպանությունների համար մեղադրվող Արարատ Մուրադխանյանի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության հարցադրումներից նյարդայնացած՝ գլխավոր դատախազը հայտարարեց, թե ԱԺ ամբիոնը կոնկրետ քրգործերի քննարկման տեղ չի դարձնելու՝ սա կարող է նաեւ դիտարկվել իբրեւ ճնշում դատարանի նկատմամբ. «Մենք պետք է կարողանանք հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը»: Նույն պատճառաբանությամբ հրաժարվեց անդրադառնալ, ասենք, Ժիրայր Սեֆիլյանի գործին: Սակայն Զարուհի Փոստանջյանի հարցին, թե պատրաստվո՞ւմ է այսօր վերաքննիչ դատարանում Սեֆիլյանի գործով դատավճռի բողոքարկումից առաջ, արդեն իբրեւ անկախ դատախազ՝ հրաժարվել առաջադրված մեղադրանքից՝ Աղվան Հովսեփյանն ասաց, թե նաեւ հենց գլխավոր դատախազից պիտի անկախ լինի յուրաքանչյուր դատախազ. «Իսկ դուք ինձնից պահանջում եք, որ ես գնամ ու ցուցում տամ, որ դատախազը, որն իր կարծիքն ունի դատարանում մեղադրանքը պաշտպանելու ընթացքում՝ ենթարկվի իմ ցուցումին եւ գնա, հրաժարվի մեղադրանքից: Ես դա չեմ անի: Չեմ խաթարի դատախազի անկախությունը»:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու, որ բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի փաստերը հետաքննելու համար ստեղծվելիք անկախ քննչական խումբը չդառնա քաղաքական հակառակորդների հետապնդման գործիք: Գլխավոր դատախազը հարցին ուղիղ պատասխան չտվեց: Միայն առավել պարզաբանեց այդ մարմնի կառուցվածքը, գործառույթները, նշեց, թե այն չի զբաղվելու օպերատիվ-որոնողական աշխատանքներով:

Նախօրեին խոսելով Վանաձորում վկաների նկատմամբ գործադրված բռնությունների մասին՝ Վիկտոր Դալլաքյանն ասել էր, թե գործադրվում են դատախազ Վիշինսկու մեթոդները: «Բարեբախտաբար, այդ ամենն այսօր պատմություն է»՝ Աղվան Հովսեփյանի այս ռեպլիկին անդրադառնալով՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը նկատեց, թե միջազգային իրավապաշտպան կառույցների գնահատմամբ՝ իրավապահ համակարգի ներսում պահպանվել են Վիշինսկու մեթոդները: «Որեւէ միջազգային կառույցի կողմից դատախազական աշխատանքներին բացասական գնահատական չկա,- պնդեց Աղվան Հովսեփյանը:- Եվ ցավում եմ, որ դուք մեր դատախազական համակարգի մասին այդ կարծիքն ունեք, որ այժմ էլ գործում ենք Վիշինսկու մեթոդներով: Դա ինձ համար վիրավորական է՝ որպես գլխավոր դատախազի… Մենք չունե՛նք նման դատախազական համակարգ: Մենք վաղուց ենք մոռացել այդ անունը: Եվ խնդրում եմ՝ այդ անունը չկրկնեք մյուս անգամ, երբ խոսքը վերաբերում է դատախազական աշխատանքներին գնահատական տալուն»: Պատգամավորները, սակայն, պնդեցին այդ գնահատականը ելույթներում՝ հայտարարելով, թե այսօր Հայաստանում կան Վիշինսկու գործի շարունակողներ:

Ամփոփիչ խոսքում Աղվան Հովսեփյանն, այնուամենայնիվ, նշեց. «Որեւէ պատգամավորի հարցադրման, ելույթի մեջ որեւէ չարություն ես չնկատեցի: Բոլոր ելույթներն ու հարցադրումները, ակնհայտ էր, որ միտված էին դատախազական համակարգը փայլուն տեսնելուն: Այս ամենից պարտավորված եմ զգում: Եթե ընտրվեմ՝ գերխնդիր եմ համարելու, որ հասնեմ նրան, որպեսզի յուրաքանչյուր դատախազի կայացրած որոշում բացատրելի լինի հանրության համար: Գերխնդիր եմ համարում հասնենք նրան, որ նվաճենք մեր հանրության վստահությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել