Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

Սեպտեմբեր 14,2007 00:00

\"\"Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը վստահ է, որ հարկավոր է ունենալ պետության խնդիրներին տիրապետող նախագահ:

– Պրն Հարությունյան, երբ դեռ նախարար չէիք, լրագրողների հայերեն հնչող բոլոր հարցերին պատասխանում էիք միայն ռուսերեն, սակայն նախարար դառնալուց հետո ձեր խոսքը դարձավ բացարձակապես հայերեն, կարծես այնքան էլ սարսափելի չեք խոսում, այսինքն՝ հայերեն գիտեիք, ուրեմն ինչո՞ւ մինչեւ այժմ միայն ռուսերեն էիք խոսում:

– Տարիներն անցնում են, սովորում ենք, սովորում ենք հայերեն, հայերեն խոսում ենք, բայց նորից եմ ասում՝ հարցն այն է, որ երբ ես գլխավոր շտաբի պետ էի, հարցեր կային, զինվորական տերմիններ կային, որ միայն ռուսերեն է հնարավոր ասել, ավելի ճիշտ՝ հայերեն շատ դժվար է, չկան դրանց համարժեքները: Իսկ ես դրանք սովորել էի ռուսերեն եւ խոսում էի ռուսերեն: Հիմա պետք է հայերեն խոսեմ եւ հայերեն եմ խոսում, լավ-վատ՝ խոսում եմ։

– Պաշտպանության նախարար դառնալուց հետո ինչ-որ բաներ փոխվեցի՞ն, այսինքն՝ ձեր անհատականությունը ինչպե՞ս եւ ինչո՞ւմ երեւաց:

– Մի քիչ դժվար է ինձ խոսել իմ մասին, դա կասի ժողովուրդը, զինվորականությունը: Բայց ասեմ հետեւյալը՝ մենք շարունակականությունը ապահովեցինք, մինչեւ հիմա ինչ արվել է նախկին պաշտպանության նախարարի կողմից՝ հիմա շարունակվում է: Ես լավ գիտեմ այն ծրագրերը, որ եղել են, որ մենք պետք է հետագայում կատարելագործենք, եւ դրա համար էլ այդ ծրագրերը շարունակական բնույթ են կրում: Իմանալով հետագա անելիքները՝ կատարում եմ այդ ծրագրերը, եւ ինձ համար այդ հարցերն այնքան դժվար չեն, դժվար չէ որոշումներ ընդունելը եւ աշխատանքը կատարելը: Իսկ ինչ վերաբերում է իմ անձին, ես կարծում եմ, որ այդ պարտականությունները ես վատ չեմ կատարի, եւ մի ոչ պակաս կարեւոր հարց էլ կա, այն է, որ ես զբաղվում եմ բացարձակապես պաշտպանության համակարգին վերաբերող հարցերով:

– Ուզում եք ասել, որ քաղաքականությամբ չե՞ք զբաղվում:

– Ոչ, ինչո՞ւ, քաղաքականությամբ զբաղվում ենք եւ կզբաղվենք, պաշտպանությունը եւս քաղաքականություն է, բայց իմ ժամանակի 90 տոկոսը ես տալիս եմ բանակին:

– Դուք աշխատել եք պաշտպանության նախկին նախարար, այժմ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, նրա առաջին տեղակալն եք եղել, ըստ ամենայնի, դուք նրան պետք է որ շատ լավ ճանաչեք: Հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը հենց նրա թեկնածությունն է առաջադրելու որպես երկրի նախագահ: Ձեր կարծիքով, որքանո՞վ է նա հարմար թեկնածու:

– Կարծում եմ՝ ամենահարմար թեկնածուն է եւ առաջին հերթին այն պատճառով, որ նա լավ տիրապետում է պետության խնդիրներին: Երկրորդը՝ լավ տիրապետում է անվտանգության հարցերին: Հաջորդը՝ լավ տիրապետում է զինված ուժերի կարիքների եւ զարգացման հետ կապված հարցերին: Լավ կապեր ունի արտասահմանյան պետությունների ղեկավարների հետ: Չորրորդը՝ լավ գիտի տնտեսության հարցերը եւ հիմա վարչապետ դառնալով՝ ավելի խորանում է այդ հարցերում: Ես սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ ինքը վարչապետ է՝ ես կառավարության անդամ, այլ որպես մարդ եմ ասում: Ես ինքս այսօրվա դրությամբ ուրիշ թեկնածու չեմ տեսնում: Եթե լինի այդպիսի թեկնածու եւ իր որակական հատկանիշներով տեսնեմ, որ ավելի լավն է, քան Սարգսյանը, ես այդ հարցը կքննարկեմ ինքս ինձ համար, իմ մեջ: Բայց ես այդպիսի մարդ դեռ չեմ տեսնում: Կան լավ քաղաքական գործիչներ, բայց միայն քաղաքական գործիչ լինելը բավական չէ նախագահ դառնալու համար:

– Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, չէ՞ որ նա արդեն մեկ անգամ եղել է նախագահ եւ գիտի՝ ինչ անել, եւ հետո՝ ընդդիմության լիդերները եւս ցանկություն են հայտնել նախագահ դառնալ, այսինքն՝ նախագահի թեկնածուների պակաս չկա, իսկ դուք ասում եք, թե ուրիշին չեք տեսնում:

– Հայաստանի Հանրապետությունում ամեն մեկը իրեն տեսնում է նախագահ: Մեր դժբախտությունը հենց դա է, բայց այսօրվա նախագահը լինելու համար պետք է ունենալ այն հատկանիշները, որոնց մասին ասացի, եւ նախագահը պետք է լինի հենց այդ մարդը, ով ունի այդ հատկանիշները: Լեւոն Տեր-Պետրոսյանին լավ եմ ճանաչում, նա այն ժամանակվա նախագահն է եղել, ես այն ժամանակ ծառայել եմ բանակում, բայց այն հատկանիշները, որ կային 90-ականների սկզբին, արդեն բավարար չեն այսօրվա համար: Կյանքը առաջ է գնում, տնտեսությունն առաջ է գնում, հարաբերությունները առաջ են գնում, եւ մնալ այն բագաժի վրա, որ մենք ունեցել ենք 90-ական թվերին, նշանակում է ամեն ինչում մնալ 90-ական թվերի մակարդակին: Բայց մենք իրավունք չունենք մնալ այդ մակարդակին, դրա համար ես ասում եմ, որ մեր հետագա նախագահը պետք է լինի Սերժ Սարգսյանի նման մարդ, նրա նման պատրաստված մարդ: Ես չգիտեմ՝ դուք իմ ասածները տպելո՞ւ եք, թե՞ չեք տպելու, բայց սա իմ կարծիքն է ե՛ւ որպես առանձին մարդ, ե՛ւ որպես պաշտպանության նախարար: Ավելի պատրաստված մարդ, քան Սերժ Սարգսյանն է, Քոչարյանից հետո, ես չեմ տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել