Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»

Սեպտեմբեր 13,2007 00:00

\"\"Անվստահելի «թրասթը»

Թերեւս արդեն ժամանակն է անդրադառնալ այս շարքի նախորդ հրապարակումներից մեկում առաջադրված այն հարցին, թե որտեղի՞ց են հայտնվել «Հայփոստի» կառավարիչները: Վերստին հիշեցնենք, որ 100 տոկոս պետական բաժնեմասով «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդամենը 2 տարում (2004-2006 թթ. ընթացքում) երկու հավատարմագրային կառավարիչ փոխեց:

Հայկական մոտեցում՝ ֆրանսիական ակցենտով

«Հայփոստի» գործում հայրենի կառավարությունն առաջին «հավատարմագրային» քայլը կատարեց դեռեւս 2004 թվականի դեկտեմբերի 23-ին, կայացնելով 1873-Ա որոշումը: Այդ որոշմամբ Հայաստանի կառավարությունը, «ելնելով «Հայփոստ» ՓԲԸ գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից», որոշեց «Հայփոստը» 5 տարով հանձնել «Կոնվերս Ինվեստ» ընկերության հավատարմագրային կառավարմանը: Ինչպես նշված է նույն կառավարության մեկ այլ՝ 2006թ. հոկտեմբերի 26-ի թիվ 42 արձանագրային որոշման հավելվածում, «Կոնվերս Ինվեստը» հայկական «Կոնվերս բանկի» բաղկացուցիչն է:

Հավելենք, որ «Կոնվերս Ինվեստը» գրանցված էր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Ինչ վերաբերում է «Կոնվերս բանկին», ապա հայտնի է, որ այդ դրամատան գործադիր տնօրենը Սմբատ Նասիբյանն էր, ով էլ, ըստ մեր աղբյուրների, 2005 թվականին ու մինչեւ 2006-ի ամառ ղեկավարել է նաեւ «Հայփոստի» հավատարմագրային կառավարման գործընթացը: Իսկ «Կոնվերս Ինվեստի» կարճատեւ գործունեության մասին շատ բան հայտնի չէ: Բայց մյուս կողմից, միմյանցից անկախ տարբեր աղբյուրների տեղեկությունների համաձայն, «Կոնվերս Ինվեստի» կառավարման շրջանում, կոնկրետ՝ 2005 թվականին, «Հայփոստն» արձանագրել է մոտ 600 միլիոն դրամի շահույթ, ինչը որոշ չափով ավելի է եղել նախորդող տարիների ցուցանիշներից: Իսկ կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի թիվ 42 արձանագրային որոշման հավելվածի (հոլանդական հավատարմագրային կառավարչի ծրագրի) մեջ նշված է, որ «Հայփոստը» 2005-ին ունեցել է մոտ 900 հազար դոլարի զուտ շահույթ:

Ճիշտ է, 2006-ին արդեն «Հայփոստը» մոտ 47 միլիոն դրամի վնաս է կրել: Սակայն նկատենք, որ նախ այդ տարվա սեպտեմբերի 22-ին, կառավարության որոշմամբ փոխվել է հավատարմագրային կառավարիչը, իսկ մինչ այդ էլ, 2006-ի գարնանից, ապագա հոլանդացի կառավարիչը որոշակիորեն վերահսկում էր «Հայփոստի» ղեկավարության գործունեությունը: Ամեն դեպքում, հավատարմագրային կառավարչին փոխելու՝ կառավարության որոշումը հավանաբար կարող էր պայմանավորված լինել «Կոնվերս բանկում» ծագած ինչ-ինչ խնդիրներով: Դա այլ հարց է:

Կարեւոր է այն տեղեկությունը, որ 2005-2006 թվականներին «Կոնվերս Ինվեստը» բանակցություններ էր վարում ֆրանսիական հանրահայտ «Լա փոստի» հետ եւ վերջինիս ներկայացուցիչները արդեն պատրաստակամ էին մոտ 25 միլիոն դոլար ներդնել «Հայփոստում», ստանձնելով Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի զարգացման համալիր ծրագրի իրականացումն ու ընկերության արդիականացումը: Այս հետաքրքիր հանգամանքին դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ…

Հոլանդական մոտեցում՝ հայկական ակցենտով

Ինչպես արդեն նշվեց, կառավարությունը 2006թ. սեպտեմբերի 22-ի թիվ 1379-Ա որոշմամբ «Հայփոստը» հանձնեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության հավատարմագրային կառավարմանը, ուժը կորցրած ճանաչելով 2004թ. դեկտեմբերի 23-ի որոշումը՝ «Կոնվերս Ինվեստի» վերաբերյալ: Նման քայլը, ինչպես նախորդ դեպքում, կառավարությունը որոշման մեջ հիմնավորել է «Հայփոստի» գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Ու՝ վերջ:

Առիթ ունեցել ենք նշելու, որ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը ստեղծվել է Հոլանդիայում՝ «Post Finance International»-ի կողմից, եւ ստեղծվել է հատուկ հենց «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն ստանձնելու նպատակով:

Այս ամենի մեջ ամենից հետաքրքրական պահերից մեկն այն է, որ «Հայփոստ Թրաթս Մենեջմենթի» լիազոր-ներկայացուցչի դերում հանդես է եկել Հանս Բոոնը, ով ներկայումս «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչն ու գլխավոր տնօրենն է միաժամանակ: Իսկ հետաքրքրականն այն է, որ հենց «Հայփոստի» ինտերնետային պաշտոնական կայքէջում զետեղված կենսագրական տվյալների համաձայն, Հանս Բոոնը 1991-ից մինչեւ 2006 թվականը եղել է հոլանդական ING խոշոր կորպորացիայի փոխնախագահներից մեկն ու զբաղվել է փոստբանկերի զարգացման ծրագրերով, փոստային ֆինանսական ծառայությունների խնդիրներով: Ըստ որում, մի շարք գործակալություններ («Առկա», «Ռեգնում») դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, հղում անելով կապի եւ տրանսպորտի նախարարությանը, հաղորդել են, որ «հոլանդական ING ընկերությունը խորհրդատվություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը՝ կապված փոստային եւ փոստային-բանկային ծառայությունների հետ՝ «Հայփոստ» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնումը նախապատրաստելու համար»:

Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ ING-ին Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տվել, թե ինչպես «Հայփոստը» հավատարմագրային կառավարման հանձնի փոստբանկային ոլորտով զբաղվող իր 15 տարվա փոխնախագահ Հանս Բոոնին, ով արագորեն դարձել էր արդեն «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» լիազոր-ներկայացուցիչ: Եվ սա միակ ուշագրավ պահը չէ:

«Հայփոստը» երկրորդ անգամ հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի կառավարության 2006թ. սեպտեմբերի 22-ի թիվ 1379-Ա որոշումն այն տպավորությունն է թողնում, որ ապագա կառավարչի գործունեության ծրագիրը ստեղծվել է դրանից հետո: Բանն այն է, որ տվյալ որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը սահմանում է. «Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի մասին արձանագրային որոշման նախագիծ»: Այդ կարգի նախագիծ կազմելու համար 20 օր ժամկետ սահմանելը կարող է բուն ծրագիրը կազմելու հանգամանքով բացատրվել թերեւս: Եվ այդ ծրագիրն էլ կառավարության որոշման ուժով հավանության է արժանացել 2006թ. հոկտեմբերի 26-ին միայն: Այնինչ, ավելի տրամաբանական կլիներ նախ ապագա հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագիրը քննել եւ հավանության արժանացնել (կամ չարժանացնել) եւ հետո միայն որոշել տա՞լ, թե՞ չտալ «Հայփոստը» տվյալ հավատարմագրային կառավարչին:

Եվ, ամենակարեւորը: Առանձնապես հետաքրքիր է եւ այն, որ «Հայփոստը» ինչպես «Կոնվերս Ինվեստի», այնպես էլ երկրորդ անգամ, արդեն հոլանդական գրանցմամբ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» հավատարմագրային կառավարմանը հանձնվել է առանց մրցույթ անցկացնելու: Առանց մրցույթ անցկացնելու պետական նման խոշոր ընկերության համար հավատարմագրային կառավարիչներ գտնելու՝ կառավարության գործելակերպն ինքնին տարօրինակ է, եթե ավելին չասվի:

Իսկ ավելին ասել արժե՛: Բանն այն է, որ մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, 2005-2006 թվականներին «Հայփոստով» հետաքրքրվել են ինչպես Ֆրանսիայի փոստային կապի ազգային օպերատոր «Լա փոստը», այնպես էլ՝ ռուսական «Սվյազինվեստ բանկը»: Դրանցից «Լա փոստը» պատրաստ է եղել մինչեւ 25 միլիոն դոլարի ներդրում անել «Հայփոստի» կառավարումն ստանձնելու դեպքում: Ռուսական «Սվյազինվեստ բանկը» մինչեւ 20 միլիոն դոլարի ներդրումային մտադրություն է արտահայտել: Իսկ հոլանդական գրանցմամբ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» անհայտ ընկերությունն ընդամենը 12 միլիոն դոլար է պատրաստ ներդնել, այն էլ՝ ստեղծվելիք, բայց դեռ չստեղծված «Փոստբանկի» ստանալիք շահույթների միջոցով:

Ստացվում է, որ իրականում մի անտի-մրցույթ եղել է, եւ հայրենի կառավարությունը «Հայփոստի» կառավարման նախապատվությունը տվել է այն ընկերությանը, որն ամենից քիչ ներդրումային առաջարկ է ներկայացրել: Սա իսկը մերոնց ոճն է, որ հասկանալի է դարձնում, թե ինչու է հայկական համարվում «Գնաց նախրի մեջ էշի ճակատը համբուրեց» ասացվածքը:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել