Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շատ եմ սիրում հայերին»

Սեպտեմբեր 13,2007 00:00

Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենաթե Սթիլեն սիրո խոստովանություն արեց հայ ժողովրդին:

Ժուռնալիստների միության երեկվա հյուրը Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենաթե Սթիլեն էր, ասուլիսի թեման՝ Բրազիլիայի ազգային տոնին նվիրված՝ Հայաստանում բրազիլական մշակութային շաբաթը: Ըստ դեսպանի՝ միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին եւ կտեւեն մինչեւ սեպտեմբերի 20-ը. «Մշակութային շաբաթը առաջնային համարեցինք, որովհետեւ Հայաստանում մարդիկ Բրազիլիայի մասին գրեթե ոչինչ չգիտեն, մինչդեռ մեզ մոտ լրիվ հակառակն է: Դա իր բացատրությունն ունի՝ Բրազիլիայում հայկական մեծ համայնք կա՝ 40-50 հազար հայ է ապրում, իսկ Հայաստանում հազիվ 40-50 բրազիլացի լինի»: Տիկ. Սթիլեն երեկ նշեց, որ բրազիլական մշակութային շաբաթը Հայաստանում առաջին անգամ է կայանալու. «Այն համտեսի պես մի բան կլինի: Բրազիլիայում հայկական օրեր շատ են եղել, օրինակ՝ ցուցադրվել են Էջմիածնի գանձերը, կազմակերպվել բազմաթիվ ցուցահանդեսներ, Նունե Եսայանն է համերգներով հանդես եկել»: Նրա փոխանցմամբ, բրազիլացի ժողովուրդը հայ հասարակությանը շատ բան ունի հրամցնելու. «Այս օրերի ընթացքում հնչելիք տաք երաժշտությունը կմերձեցնի տարբեր լեզուներով խոսող երկու ժողովուրդներին: Ես հայերին շատ եմ սիրում, որովհետեւ ընդհանրություններ եմ տեսնում ձեր ժողովրդի եւ բրազիլացիների միջեւ: Երկուսն էլ հյուրընկալ են, ջերմ, մի բան, որ չեմ նկատել այլ երկրներում: Ինձ գրավել է բիբլիական Արարատը: Սիրում եմ Երեւանի փողոցներն ու գեղեցիկ շենքերը, բայց ամենից շատ Հանրապետության հրապարակը՝ գիշերային լուսավորությամբ»:

Սեպտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ, հանդես կգան բրազիլացի դաշնակահարուհի Մարիա Ժոզե Քառասկեյրան եւ «Պրիմավերա» լարային քառյակը, իսկ ամսի 15-ին «Առագաստ» սրճարանում բրազիլացի երաժիշտների հետ համատեղ՝ հայ երաժիշտներ Կարինե Էդեմը, Արամ Կարապետյանը եւ Նելլի Մանուկյանը: Կհնչի նաեւ բրազիլական ժողովրդական երաժշտություն, հյուրերին կմատուցվեն ազգային կերակուրներ ու խմիչքներ: Տիկ. Սթիլեն հայ եւ բրազիլացի երաժիշտների համատեղ համերգը որակեց երկու երկրների համագործակցության առաջին քայլ:

Սեպտեմբերի 16-ին Կոմիտասի անվան կոնսերվատորիայում կկայանա եւս մեկ միջոցառում, կներկայացվեն սամբա, կոպոեիրա պարերը, հանդիսատեսը հնարավորություն կունենա նույն միջոցառման ընթացքում ծանոթանալ բրազիլացի հայտնի ֆուտբոլիստների հետ: Դեսպանը պատմեց կայանալիք միջոցառման մասին. «Սամբան մեր ազգային պարն է, այն ունի տարբեր տեսակներ: «Կաստանիետ» պարային համույթը կպարի 3 տեսակի սամբա, որոնց պարել սովորեցրել են մեր դեսպանատան աշխատակիցները, իսկ կոպոեիրան բրազիլական պար-մարզանք է՝ սպորտի ու պարի համադրություն: Երբ տեղեկացանք, որ Հայաստանում կոպոեիրան կիրառող խումբ կա, խմբի ղեկավարին վերապատրաստման ուղարկեցինք Բրազիլիա: Այժմ հայերը արվեստի այդ ճյուղը շատ գեղեցիկ են հրամցնում: Ինչ վերաբերում է ֆուտբոլին, այն կներկայացնեն ոչ միայն Բրազիլիայից ժամանած 20 հայտնի, այլեւ այստեղ՝ «Արարատ» եւ «Միկա» թիմերում խաղացող բրազիլացի ֆուտբոլիստները, որոնք բեմում խաղերի միջոցով կցուցադրեն մասնագիտական հնարքներ: Այն հանդիսատեսները, որոնք կհամարձակվեն բարձրանալ բեմ եւ կրկնել հնարքները՝ կստանան նվերներ»:

Սեպտեմբերի 17-ին ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետում կբացվի բրազիլական ամբիոն, նույն օրն էլ Հայաստանում Բրազիլիայի դեսպանատանը կցուցադրվեն Բրազիլիայի մասին պատմող ֆիլմեր: Տիկ. Սթիլեն նշեց, որ Գյումրիում եւ Վանաձորում նույնպես նախատեսված են բրազիլական համերգներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել