Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՄ»

Սեպտեմբեր 13,2007 00:00

\"\"Չնայած հագեցած գրաֆիկին՝ երիտասարդ ճանաչված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը սիրով է համագործակցում հայաստանցի երաժիշտների հետ:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 19-ին կմեկնարկի Վերադարձի փառատոնը, որի կազմակերպիչներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ՝ Մարիամ Շահինյան, տնօրեն՝ Գարիկ Նազարյան) եւ գերմանական «Վիլս» երաժշտական փառատոնը: Փառատոնային օրերին, որի միջոցառումների մի մասը կանցկացվի Կամերային երաժշտության տանը, ի թիվս հայաստանցի երաժիշտների, հանդես կգան նաեւ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները: Երաժիշտներին կնվագակցի «Նարեկացի» կամերային նվագախումբը՝ Արամ Թալալյանի ղեկավարությամբ եւ հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա ծանոթանալու գերմանաբնակ դիրիժոր Վլադիմիր Խաչատրյանի արվեստին, որը «Վիլսի» հիմնադիրն է: Հրավիրվածների թվում է նաեւ տարիներ շարունակ արեւմտյան հեղինակավոր նվագախմբերի ու համերգասրահների ցանկալի հյուր, գերմանաբնակ երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

«Առավոտը» հանդիպեց հայր եւ որդի Խաչատրյաններին:

Վլադիմիր Խաչատրյանին խնդրեցինք ներկայացնել «Վիլս» փառատոնը: «Շուրջ 5 տարի առաջ Գերմանիայի Էշբորն քաղաքում, որտեղ ապրում ենք, հիմնադրեցի այս փառատոնը: Նպատակս էր՝ հայ երաժիշտների միջոցով Արեւմուտքին ծանոթացնել հայ դասական արվեստի դպրոցին: Առայժմ փառատոնային համերգաշարերին հրավիրել ենք Եվրոպայում բնակվող հայ արվեստագետներին: Ծրագրեր ունենք մոտ ապագայում էլ հրավիրել հայաստանցիներին»,- հայտնեց Վ. Խաչատրյանը: Հետաքրքրությանը, թե Գերմանիայում կազմակերպվող իրենց միջոցառումներին ովքե՞ր են աջակցում, մեր զրուցակիցն ասաց, որ իրենք ունեն հովանավորներ, սակայն առաջին օրվանից «Վիլսին» օգնում է անձամբ Էշբորնի քաղաքապետը, որի բարձր հովանավորությամբ էլ անցնում են համերգները, նա պատասխանեց. «Ուզում եմ հավատալ, որ այսօր Հայաստանում եւս դասական արվեստը շատ աջակիցներ կգտնի: Օրինակ, այս փառատոնն անցկացվում է Հայաստանի առաջին տիկնոջ հովանավորությամբ, «ՎիվաՍելլի» օժանդակությամբ, իր լուման ունի նաեւ մշակույթի նախարարությունը»:

Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես մեծանուն երաժիշտների պարագայում է, արդյո՞ք իր համերգային գրաֆիկն էլ է կազմվում նախօրոք՝ տարիներ առաջ: «Այդ հարցերով զբաղվում է իմ մենեջերը՝ բրիտանացի Մարկ Հիլջրուն, ինչ վերաբերում է գրաֆիկին, եթե չեմ սխալվում, նա արդեն կազմում է 2010-ի ծրագրերը»,- ասաց ջութակահարը: Փաստելով, որ 2000 թվականից նա մասնակցել ու հաղթել է Կրայսլերի, Շպորի, Սիբելիուսի, Գինգոլդի հեղինակավոր մրցույթներում, իսկ 2005թ.՝ թագուհի Էլիզաբեթի անվան մրցույթի առաջին մրցանակը շահել, հետաքրքրվեցինք՝ շա՞տ են տարբերվում իր արտերկրյա հոնորարները հայաստանյանից, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ճիշտ չէ համեմատելն ու զուգահեռներ անցկացնելը, որովհետեւ կյանքը Եվրոպայում այլ է: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել. հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր՝ Տոկիոյի, Ֆրանսիայի, Անգլիայի եւ այլ նվագախմբերի հետ, իսկ այսօր փորձեր անցկացնելով «Նարեկացի» կամերային նվագախմբի հետ, հայ երիտասարդ երաժիշտները վառվում են էնտուզիազմով ու դրանից կարծես էլ ավելի է մեծանում ցանկությունդ՝ նորից ու նորից ժամերով աշխատել հայաստանյան կոլեկտիվի ընկերակցությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել