Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանների «բարությունը» հիմքեր չուներ

Սեպտեմբեր 13,2007 00:00

5 տարեկան երեխայի աչքի առաջ նրա մորը սպանածներին պայմանական վաղաժամկետ ազատել են պատժի կրումից:

ՀՀ գլխավոր դատախազությունը օրեր առաջ դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան եւ բողոքարկել երկու դատապարտյալներին վաղաժամկետ պայմանական ազատելու մասին դատարանի կայացրած որոշումները:

Գավառ քաղաքի բնակիչներ՝ 39-ամյա Արամայիս Միրիբյանը եւ 33-ամյա Վարդան Մուխսիխաչոյանը 1997թ. ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի դատավճռով դատապարտվել են 15 տարվա ազատազրկման: Նրանք, ըստ գլխավոր դատախազության բողոքի, «հանցավոր խմբի անդամներ Կարապետ Ղահրամանյանի, Գագիկ Գեւորգյանի հետ, զինված ԱԿՍ-74 ավտոմատներով, «Նագան» տեսակի ատրճանակով, խլացուցիչով, դանակով, դիմակավորված, նախապես իմանալով, որ Գավառի Հացառատ թաղամասի բնակիչ Փայլակ Միքայելյանը գտնվում է Ռուսաստանում, իսկ տանը, որտեղ բնակվում են նրա մայրը, կինը եւ անչափահաս երեխան, կա գումար, գիշերը, կոտրելով վերջինիս տան դուռը, ներխուժել են բնակարան, սպանելու դիտավորությամբ մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել Փ. Միքայելյանի մոր՝ Թամարա Բախտիկյանի գլխին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք: Ապա կարծելով, որ վերջինս մահացել է, բնակարանում գտնվող գումարի տեղը իմանալու նպատակով դանակով, մետաղյա ձողով եւ օղու շշով հարվածներ հասցրել Փ. Միքայելյանի կնոջը՝ Կարինե Մխիթարյանին, պահանջելով $30.000, ապա, համոզված լինելով, որ հայտնաբերված 50.000 ՌԴ ռուբլուց բացի բնակարանում այլ գումար չկա, հափշտակելով նաեւ ոսկյա զարդերը, առանձին դաժանությամբ,  5-ամյա երեխայի ներկայությամբ սպանել են Կարինե Մխիթարյանին եւ հեռացել դեպքի վայրից»:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավորներ՝ Ս. Մնոյան, Հ. Խաչատրյան) այս տարվա օգոստոսի 27-ի որոշումներով դատապարտյալներ Միրիբյանին եւ Մուխսիխաչոյանին պայմանական վաղաժամկետ ազատել են պատժի կրումից: Դատարանը գտել էր, որ պատիժը կրելու ընթացքում դատապարտյալները ուղղվել են: Ըստ բողոք ներկայացրած դատախազության, դատարանը դատապարտյալներին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս հաշվի չի առել հանցագործների անձը, նրանց կատարած առանձնապես ծանր հանցագործության բնույթը, շարժառիթները, հանցագործության կատարման իրադրությունը:

«Դատարանի որոշումը՝ հանցագործների ուղղված լինելու մասին, անհիմն է, քանի որ պատիժը կրելու ընթացքում դատապարտյալներ Ա. Միրիբյանը եւ Վ. Մուխսիխաչոյանը յուրաքանչյուրը 8 անգամ տույժի են ենթարկվել կարգապահական խախտումներ կատարելու համար, բազմիցս տեղափոխվել են պատժախուց եւ խցիկային տիպի շենք, ինչը հանդիսանում է ամենախիստ տույժի միջոցը, ինչին, սակայն, դատարանն իր որոշումների մեջ չի անդրադարձել»,- ասվում է բողոքում:

Պարզվել էր նաեւ, որ դատապարտյալների կողմից պատճառված վնասը ամբողջությամբ չի վերականգնվել: Դատախազությունը պահանջում է բեկանել Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Վարդան Մուխսիխաչոյանին եւ Արամայիս Միրիբյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդությունները բավարարելու մասին որոշումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել