Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

Սեպտեմբեր 13,2007 00:00

\"\"Ըստ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանի, նրանք իրենց չեն դիմում երեխաներին ռուսական դասարաններում տեղավորելու համար:

Երեւանի 14 դպրոցներում գործում են ռուսերեն ուսուցմամբ դասարաններ, որտեղ, ըստ ԿԳ նախարարության մշակած կարգի, պետք է սովորեն օտարերկրյա քաղաքացիները, ռուս խնամակալ ունեցողները, այն երեխաները, որոնց ծնողներից մեկը ռուս է եւ այլն: «Առավոտի» հետ զրույցում դպրոցների տնօրենները միաբերան հերքեցին, թե ռուսական դասարաններում նախարարության «պարամետրերին» չհամապատասխանող սաներ ունեն, որովհետեւ փաստաթղթերով միշտ էլ կարելի է շատ «մաքուր» ներկայանալ:

Թիվ 132 դպրոցի տնօրեն Լեւոն Դանիելյանը հայտնեց, որ իրենց դպրոցում ռուսերեն ուսուցմամբ միայն մեկ առաջին դասարան է բացվել, ի տարբերություն անցյալ տարվա 2-ի: Հետաքրքրվեցինք՝ պատահե՞լ է, երբ որեւէ աշակերտ ցանկություն հայտնի տեղափոխվել հայկական դասարան: Պրն Դանիելյանը պատասխանեց. «Ցավում եմ, բայց նման դեպքեր չեն գրանցվել: Մեր ծնողները դեռ այդ գիտակցության չեն հասել»: Նաեւ հայտնեց, որ այս ուսումնական տարում Ռուսաստանից տարբեր տարիքի 6 երեխա է տեղափոխվել իրենց դպրոց եւ, ըստ կարգի՝ պայմանականորեն 1 տարով տեղավորվել ռուսական ուսուցմամբ դասարաններում: Թիվ 109 դպրոցի տնօրեն Սամվել Թադեւոսյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենց դպրոցում էլ է այս տարի ռուսերեն ուսուցմամբ մեկ առաջին դասարան ձեւավորվել. «Անցյալ տարի, բացի ավագից, կրտսեր առաջին դասարան չձեւավորվեց: Երեխաները 3-4-ն էին, ֆինանսապես ձեռք չտվեց դասարան բացելը, իրենք էլ չուզեցին հայկական դասարաններում սովորել, ընդունվեցին այլ դպրոցներ»: Նրանից տեղեկացանք, որ այս տարի ռուսերեն սովորելու համար թիվ 109 դպրոց է ընդունվել 70 հոգի, իսկ անցյալ տարի նման ցանկությամբ աշակերտների թիվը 110-ն էր: Պրն Թադեւոսյանը ասաց, որ իրենց դպրոցի ռուսերեն ուսուցմամբ դասարաններում սովորողներից ոմանք հետագայում նախընտրում են տեղափոխվել հայկական դասարաններ՝ գիտակցելով, որ բուհ ընդունվելիս հայոց լեզվի քննություն պետք է հանձնեն: Թիվ 69-ի տնօրեն Հռիփսիմե Բեկնազարյանը նշեց, որ այս տարի ընդամենը մեկ առաջին է ձեւավորվել՝ 17 աշակերտով: Նա հավելեց, որ իրենց դպրոցում էլ քիչ չեն դեպքերը, երբ որոշ աշակերտներ ցանկություն են հայտնում ուսումը շարունակել հայկական դասարաններում: Թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը հայտնեց, որ ունեն ռուսերեն ուսուցմամբ մեկ առաջին դասարան, որտեղ սովորում է 23 աշակերտ, մինչդեռ անցյալ տարի ունեին մեկ ավագ եւ մեկ կրտսեր առաջին դասարան: Վերջինս բաղկացած էր 6 աշակերտից: Պարզեցինք, որ այս ուստարում շուրջ 60 երեխա է ՌԴ-ից տեղափոխվել 8-րդ դպրոցի՝ ռուսերեն ուսուցմամբ դասարաններ: Ի տարբերություն իր մյուս գործընկերների, թիվ 29 դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանը հրաժարվեց պատասխանել «Առավոտի» հարցերին՝ հավանաբար այն մտավախությամբ, որ գուցե որեւէ բան այնպես չի ասի կամ գուցե իրենց դպրոցում ինչ-որ բան կարգի՞ն չէր: Թիվ 35 դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանն էլ փոխանցեց, որ այս տարի ունեն 5 առաջին դասարան, մեկ՝ ռուսերեն ուսուցմամբ: Ռուսաստանից եւ Ուկրաինայից իրենց դպրոցի ռուսերեն ուսուցմամբ դասարաններում տեղավորվել է 41 աշակերտ: Անցյալ ուստարում մեկ աշակերտ միջին դպրոցից ցանկություն էր հայտնել տեղափոխվել հայկական դասարան: «Բայց նման դեպքերը եզակի են»,- փաստեց տնօրենը:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը հավաստիացրեց, որ, ի տարբերություն այլ դեպքերի, ռուսերեն ուսուցման դասարաններում տեղավորելու համար՝ իրենց եւ ծանոթների երեխաների հարցով վարչությանը ազդեցիկ պաշտոնյաներ չեն անհանգստացնում: «Բացառվում է, որ սովորական երեխան սովորի ռուսական դասարանում: Մենք ամիսը մեկ անգամ ուսումնասիրություններ ենք կատարում, եթե նման դեպք գրանցվում է՝ իսկույն տեղափոխում ենք երեխային: Ըստ օրենքի, ռուսական դասարաններում ընդգրկում ենք օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների խնամակալություն ունեցող երեխաների, ազգությամբ ռուսների, բելառուսների, ուկրաինացիների: ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ ասորիներն էլ, եթե կամենում են ռուսական դասարաններում սովորել, թույլատրում ենք: Նույն կերպ ենք վարվում նաեւ այն փախստականների երեխաների հետ, որոնք դեռեւս ՀՀ քաղաքացի չեն… Սեպտեմբերի վերջին նորից ուսումնասիրություններ ենք կատարելու դպրոցներում, կտեսնենք խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց տիկ. Աչոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել