Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն ընդդեմ ՀՀԿ-ի

Սեպտեմբեր 13,2007 00:00

Մարալիկը սեպտեմբերի 23-ին պատրաստվում է քաղաքապետի ընտրությունների

Այդ պաշտոնի հավակնորդները երկուսն են՝ Մարալիկի ՀՀՇ կառույցի նախագահ Հովհաննես Ուռությանը եւ գործող քաղաքապետ, հանրապետական, 30-ամյա Արտակ Գեւորգյանը, որը հանրապետության ամենաերիտասարդ քաղաքապետն է: Նա մինչեւ պաշտոն զբաղեցնելը եղել է «Շանթ» հեռուստաընկերության սեփական թղթակիցը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Որ երկու թեկնածուների պայքարն այնքան էլ «թեժ» չի լինելու, պարզ էր դառնում թե՛ մարալիկցիների եւ թե՛ թեկնածուների տրամադրվածությունից:

«Առավոտի» հետ զրույցում մարալիկցիները պատմեցին, որ թեկնածուներից ոչ մեկը դեռեւս իր ծրագիրը չի ներկայացրել, բնակիչների հետ ոչ մի հանդիպում չի կազմակերպել, թեեւ, ըստ նրանց, ում էլ ընտրեն, նախեւառաջ արած «գործ» են պահանջելու. «Հերիք է, ինչքան խաբեցին, քաղաքի բնակիչների կեսից ավելին բարձրագույն կրթությամբ նստած է տանը: Կյանքը թե ահելների, թե ջահելների համար անցնում է պատերի տակ նարդի շխկացնելով: Ինչքան զավոդ ունեինք՝ դրին քանդին, քաղաքի դիահերձարանն էլ թալանեցին: Հիմա հարազատները պետք է մեծ ծախս անեն ու իրենց հանգուցյալին Գյումրի տանեն»:

Թե քաղաքապետի թեկնածուներն ի՞նչ ծրագրեր ունեն եւ ինչպե՞ս են պատրաստվում մարալիկցիների համակրանքը շահել՝ փորձեցինք ճշտել հենց իրենցից: ՀՀՇ-ական Հովհաննես Ուռությանը, որը նաեւ ավագանու անդամ է, ասաց, որ ինքն իր թեկնածությունն առաջադրել է «մարալիկցիներին ներկայիս քաղաքապետից փրկելու համար», քանի որ. «Արտակ Գեւորգյանը դրածո է: Իրականում նրա փոխարեն քաղաքը ղեկավարում են նրա մորաքրոջ ամուսինը, որը «Ճանշինի» տնօրենն է, ու քեռին: Ափսոսում եմ, որ իմ կոլխոզի նախագահ եղած տարիներին ուսանող Արտակ Գեւորգյանին օգնել եմ, ընտրություններին էլ սատարել եմ, որ քաղաքապետ դառնա, ճիշտ է, իմ արած լավությունները երեսով չեմ տալիս, բայց ես 2 տարուց ավելի ավագանու անդամ եմ ու տեսնում եմ, որ նա ընդհանրապես չի աշխատում: Մարալիկում թալան է կատարվում, 2 անգամ բյուջեն հաստատելուց, ինձանից վախենալով, ավագանու նիստին չեն հրավիրել: Անցած տարի 3 միլիոն դրամ դուրս են գրել սելավատարների մաքրման համար, բայց գործ չեն կատարել, էս տարի էլ նույն նպատակի համար 5 միլիոն դրամ դուրս գրեցին, բայց էլի ոչինչ չարեցին»: Ըստ Հ. Ուռությանի, Մարալիկի կուլտուրայի տնից միայն տնօրենն է «պահպանվել», երգիչները, մշակույթի այլ գործիչները վերացել են. «Մարալիկի զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւս քաղաքապետարանը չի աջակցում, առաջարկություն է եղել ուսանողներին Գյումրի ձրի տեղափոխել, բայց քաղաքապետը ոչինչ չի նախաձեռնում: Մինչեւ քեռու ու մորաքրոջ ամուսնու հետ չի խորհրդակցում՝ բնակչին տեղեկանք չի տալիս»:

Գործող քաղաքապետ Արտակ Գեւորգյանն էլ՝ ի պատասխան իր հասցեին հնչեցված մեղադրանքների, ասաց. «Համայնքում լավագույն ավագանու նախագծերին, որոնք համայնքին դրական տեղաշարժ կարող են բերել, միշտ Հարություն Ուռությանի կողմից բացասական մոտեցում է ցուցաբերվում, օրինակ, վերջին ավագանու նիստին՝ համայնքին հատկացված սուբվենցիոն գումարներ կան, որոնք պետք է օգտագործվեն համայնքի նպատակների համար, ասենք քամու հետեւանքով վնասի փոխհատուցում, ճանապարհաշինության նշագծման հետ կապված գումարների ներդրում, վերոհիշյալ ավագանու անդամը դեմ քվեարկեց: Ու էդ հարցի պատասխանը ես չեմ կարող գտնել, թե դա ինչո՞վ է պայմանավորված: Իսկ եթե նա ասում է, որ ավագանու նիստերի մասին ինքը չի ծանուցվել, թող իր չգալը չբարդի ոչ քաղաքապետի, ոչ էլ աշխատակազմի վրա, ես հստակ գիտեմ, նա անձնական խնդիրների պատճառով չի ներկայացել: Իսկ ինչ վերաբերում է իմ քեռու ու մորաքրոջ ամուսնու կողմից ինձ իմ աշխատանքը թելադրելուն, կարծում եմ, որ այն անձը, ով իր կյանքի 30 տարիներից 21-ը ներդրել է ուսմանը, կրթվելուն, այդ անձը չի կարող թելադրվել որեւէ մեկի կողմից: Լինելով հանրապետական, այս երեք տարիների ընթացքում ես հանրապետությունով մեկ կապեր եմ ստեղծել ու կարողացել եմ դրանք ծառայեցնել համայնքի հիմնախնդիրների լուծմանը: Համայնքի ճանապարհներով անցնել չէր լինում, գերեզմանոց չկար, հիմա այս խնդիրները լուծված են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել