Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԽԻՍՏ ԿԱՐԻՔԱՎՈ՞Ր ԵՆ

Սեպտեմբեր 13,2007 00:00

\"\"Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը պետության հաշվին իր հարազատ-բարեկամներին նվերներ է մատուցել:

Վերջերս Թալին քաղաքում պետբյուջեի միջոցներով շահագործման է հանձնվել բնակելի շենք, որը նախատեսված է համայնքի խիստ կարիքավոր ընտանիքների համար: Մյասնիկյան 3 հասցեում գտնվող շենքը միջոցների բացակայության պատճառով երկար տարիներ ավարտուն տեսքի չի բերվել եւ միայն վերջերս է ՀՀ կառավարության, Արագածոտնի մարզպետարանի եւ Թալինի քաղաքապետարանի որոշմամբ լիարժեք կառուցվել եւ անհատույց հատկացվել թալինցի 12 ընտանիքի: Անապահով ընտանիքների ցուցակը կազմել է մարզպետարանի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը, որն էլ բնակարանի կարիք ունեցող 30 ընտանիքից ընտրել է 12 ամենակարիքավորներին: Թե այդ ընտանիքներից իրականում քանիսն են խիստ կարիքավոր, պարզեցինք, երբ ցուցակում տեղ գտած ընտանիքների հետքերով գնացինք: Պարզվում է՝ պետբյուջեի միջոցներով կառուցված 100 միլիոն դրամ արժողությամբ այդ շենքի բնակարանների մի մասը բաժին է հասել Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի բարեկամներին: Օրինակ, նշված ցուցակում որպես խիստ կարիքավոր ներկայացվել է քաղաքապետի քույրը՝ Ալվարդ Մնացականյանը, քաղաքապետի կնոջ վարորդի որդին՝ Էդգար Մնոյանը, Գագիկ Խաչատրյանը, որը, թալինցիների հավաստմամբ, Մ. Մնացականյանի բարեկամն է, եւ քաղաքապետարանի ավագանու անդամ, Մ. Մնացականյանի հետ ազգակցական կապ ունեցող Հարություն Հովհաննիսյանը: Ի դեպ, վերջինս եղել է կարիքավոր ընտանիքներին ընտրող հանձնաժողովի անդամ:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Մնացականյանը չհերքեց, որ իր քրոջը եւ Հ. Հովհաննիսյանին բնակարան է հատկացրել, սակայն դա չպայմանավորեց արյունակից լինելու հանգամանքով. «Իմ քույրը նախկինում նույն շենքում բնակարանի տարածք է ունեցել եւ այն զիջել է մի զոհված ազատամարտիկի ընտանիքի: Հանձնաժողովն էլ այս փաստը հաշվի առնելով, նրան այդ շենքում բնակարան է հատկացրել: Որպես իմ քույր՝ որեւէ միջամտություն չեմ արել, բոլոր թալինցիներն էլ ինձ համար հավասար են, պարզապես՝ մի քանի կիսահիվանդ մարդկանց երեւակայությունը շատ ուժեղ է եւ այդ պատճառով էլ բողոքում են»:

Նշենք, որ քաղաքապետի քույրն ամենեւին էլ անտուն չէ: Մենք եղանք Սպանդարյան 12/16 հասցեում, որտեղ Ալվարդ Մնացականյանն իր ամուսնու՝ Գարեգին Ավդալյանի եւ երեխաների հետ բնակվում է 2 սենյականոց սեփական բնակարանում: «Այս բնակարանը պատկանում է ինձ, մորս ու եղբորս, իմ ընտանիքը պարզապես այստեղ ապրել է: Եթե ամոթ չլինի, ասեմ, որ իմ ընտանիքի հետ ազատ չեմ կարողացել ապրել, բնակարանը փոքր է: Իսկ ինչ է, չի՞ կարելի նորմալ պայմաններում ապրել: Եթե քաղաքապետի քույրն է, ուրեմն լավ չպիտի՞ ապրի, իրավունք չունե՞նք մենք էլ մարդավարի ապրելու, նույնիսկ առանձին քնելու սենյակ չունենք»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Գ. Ավդալյանը: Ըստ քաղաքապետի փեսայի՝ «Հարյուր տոկոսով անապահով ենք, մենք էլ ենք մարդ, ո՞ւմ մոտ գնանք, որ մեզ էլ աջակցեն: Այստեղ փախստականներ կային, որ պետությունից մի քանի անգամ բնակարան էին ստացել ու թանկ-թանկ վաճառել ուրիշներին: Ես ապրելու համար եմ տուն ուզում, նույնիսկ հնարավորություն չունեմ, որ կահույքն ամբողջությամբ նոր բնակարան տեղափոխեմ: Բա 2 ուսանող պահելը հե՞շտ է»: Հետո պարզեցինք, որ Գ. Ավդալյանի մայրն ու եղբայրն իր հետ չեն ապրում, այլ բնակվում են նրա՝ նույն քաղաքում գտնվող հայրական տանը:

Հարություն Հովհաննիսյանն էլ մեզ տեսնելով խուճապի մեջ ընկավ ու հրաժարվեց հարցերին պատասխանել, միայն ասաց. «Սա էլ հերթական քաղաքական ինտրիգներից է, էդ ինչո՞ւ մինչ բնակարանների բաժանելը չէիք գալիս: Բաժանեցին-պրծան՝ նոր եկաք: Որպես հանձնաժողովի անդամ՝ կարող եմ փաստել, որ բնակարան ստացածներից բոլորն էլ կարիքավոր են, Հայաստանի 99%-ն է կարիքավոր»: «Խիստ կարիքավոր» ներկայացած ավագանու անդամին (որը կնոջ հետ միասին աշխատում են քաղաքի թիվ 1 դպրոցում՝ մանկավարժ են) երբ մատնացույց արեցինք Թալինում գտնվող սեփական տունը եւ բակում կայանված ավտոմեքենան, արդարացավ. «Մեքենան հայրիկիս անունով է, իսկ տունն էլ կնոջս պապի տունն է ու հիմա էլ նրա մորաքույրները դատի են տվել՝ իրենց տունն են ուզում: Մենք անտուն ենք, օդից ենք կախված»:

Իսկ թե ինչու է բնակարան ստացել Մ. Մնացականյանի տիկնոջ վարորդի որդին, քաղաքապետը պատասխանեց. «Մարդը միանգամից եռյակ որդի է ունեցել ու քաղաքապետարանով որոշել ենք նրան ընդգրկել այդ ցուցակում: Անկախ նրանից, թե նա իմ կնոջ վարորդի որդին է, թե ձեր կնոջ՝ կապ չունի, Թալինի բնակիչ է ու արտառոց երեւույթ է եռյակ ունենալը»: Մեր այցը անակնկալ էր նաեւ այս ընտանիքի համար: Տանտիկին Հայաստան Նազարյանը պատմեց, որ իրենք բնակարանի կարիք շատ ունեն, քանի որ մինչ այդ ապրել են տնակում: «Հազիվ նոր բնակարան ենք տեղափոխվել, ուրախացել ենք: Կարո՞ղ է գան՝ ետ վերցնեն»,- նեղսրտեց Հ. Նազարյանը: Նա նույնպես չկարողացավ ապացուցել, որ Թալինում իրենք ամենակարիքավորներից են:

Պարզվում է, բարեկամների հույսին է ապրել նաեւ քաղաքապետի հեռու բարեկամ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը: Գ. Խաչատրյանի մասով Մ. Մնացականյանն «ուրացավ», որ բարեկամներ են:

«Չնայած 9 տարի այս տանն ենք ապրել ու գրանցված ենք այստեղ, սակայն սա մեր տունը չէ: Հիմա էլ տունը վաճառել են, սպասում ենք գնորդը գա, որ բանալիները հանձնենք ու դուրս գանք»,- նշեց Գ. Խաչատրյանի կինը: Ըստ նրա, 2 երեխա ունեն եւ շուտով երրորդը կունենան. «Մինչեւ բնակարան հատկացնելը, ապրումներից մի երեխայիս կորցրի, տունը խոնավ էր, երեխեքս օրերով հիվանդանոցի դռներից տուն չէին գալիս, հազիվ բախտը մեզ էլ ժպտաց՝ տուն տվեցին, հիմա էլ դա խոսակցությունների առիթ են սարքե՞լ»:

Ընդհանրապես քաղաքապետը նշեց, որ իրենց քաղաքում բնակարանի կարիք ունեցողներ շատ կան եւ նույնիսկ մի կիսակառույց թաղամաս ունեն, ու եթե պետությունը 5-6 հարյուր մլն դրամի ներդրում անի, ապա 100 բնակարանի հարց կլուծվի. «Շենքերի 70%-ն արդեն կառուցված է, եթե դրանք չշահագործվեն՝ անձրեւներից կքայքայվեն»:

Մեզ հետ զրույցում բնակարանների անարդար բաշխումից մի խումբ անապահով թալինցիներ դժգոհություն հայտնեցին: Նրանք պատրաստվում են ընդդեմ Արագածոտնի մարզպետարանի եւ Թալինի քաղաքապետարանի՝ դիմել դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել