Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆԻ ՔՆՆՈՂՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 13,2007 00:00

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կոռուպցիայի փաստերն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:

Երեկ խորհրդարանում պարզաբանելով այս խմբի ստեղծման նպատակները՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հիշեցրեց, որ նախաքննության գործառույթը դատախազությունից փոխանցվել է այլ մարմինների՝ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, հարկային եւ մաքսային ծառայություններին: Եվ ըստ նրա՝ հարց է ծագում. «Իսկ եթե հանկարծ վերոնշյալ մարմիններում քննություն կատարողներն իրենք են հանցագործությունների հեղինակ կամ չարաշահումներ են իրականացնում, ապա ո՞վ պետք է հսկի նրանց»: Ուսումնասիրելով եվրոպական փորձը՝ մշակել են վերոհիշյալ օրենքի նախագիծը. «Շատ երկրներում կա նման մի մեխանիզմ, այսինքն՝ անմիջականորեն գլխավոր դատախազը եւ միայն նրա հսկողության ներքո գործող քննչական մի ապարատ, որը նշանակվում է պետության գլխի կողմից, ինչը եւ ամրագրված է այդ օրինագծի մեջ: Այդ քննչական ապարատը մի շատ փոքր կազմ ունի. նույնիսկ ներքին որոշում է կայացված, որ դա լինելու է 20 հոգուց բաղկացած՝ ոչ միայն օպերատիվ աշխատողներ, այլ նաեւ տեխնիկական, սպասարկող անձնակազմ: Այդ ապարատը կքննի հատկապես այդ կատեգորիայի գործեր՝ կոռուպցիայի եւ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ, ինչպես նաեւ՝ Աստված չանի, պատգամավորների հետ կապված գործեր: Եվ այդ օրենքը մշակելիս մենք ձգտել ենք առավելագույնս անկախ դարձնել այդ մարմնի գործունեությունը: Մարմնի ղեկավարը նշանակվում է գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ հանրապետության նախագահի կողմից»:

Հ. Գ. Գլխավոր դատախազը հայտնեց եւս մի ուշագրավ օրենսդրական նախաձեռնության մասին, որը շուտով կդրվի շրջանառության մեջ: Ըստ այդ օրինագծի՝ ապաքրեականացվում է թմրանյութերի օգտագործումը: Այսպիսով նաեւ նպատակ ունեն խթանել թմրանյութեր իրացնողներին հայտնաբերելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել