Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ առաջին հարցուպատասխանը 2008-ի ՀՀ պետական

Սեպտեմբեր 13,2007 00:00

բյուջեն կլինի 2,5 միլիարդանոց

Երեկ նորընտիր խորհրդարանի առաջին հարցուպատասխանի օրն էր, եւ պատգամավորները՝ թե՛ դիմադիր, թե՛ ընդդիմադիր, առիթն օգտագործեցին իրենց ընտրողների աչքին «գործ անող» երեւալու համար, եւ 32 պատգամավոր ակտիվորեն հերթագրվեց կառավարությանը հարցեր տալու համար:

«Վստահ եղեք, որ հայկական որեւէ պատմամշակութային հուշարձան որեւէ բանակցությունների առարկա չէ եւ չի կարող լինել»,- ի պատասխան Արմեն Աշոտյանի՝ Ջիլիզայի հուշարձաններին վերաբերող հարցին, ասաց Սերժ Սարգսյանը: Վարչապետը ակտիվորեն պատասխանեց նաեւ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանի հարցին: Հարցն այն մասին էր, թե Ադրբեջանի մեծացող ռազմական բյուջեն որքանո՞վ կարող է ազդել Ղարաբաղի հարցի կարգավորման վրա, եւ մեր կառավարությունը ի՞նչ է անում սրա դեմն առնելու համար: Վարչապետ Սերժ Սարգսյանը ի պատասխան հայտարարեց. «ՀՀ կառավարությունը նպատակ ունի ՀՀ Ազգային ժողով բերել 2008-ի համար մոտավորապես 2,5 միլիարդանոց բյուջե, որում պաշտպանության նախարարության ծախսերը լինելու են մոտավորապես այնքան, որքան ՀՀ ողջ բյուջեն էր 98 թվականին: Ես տեղեկություններ ունեմ, որ Ադրբեջանի 2008 թվականի բյուջեն լինելու է 6 կամ 6,5 միլիարդ դոլարի սահմաններում, եւ փորձում են պաշտպանության նախարարությանը հատկացնել 1 միլիարդ դոլարին հավասար գումար: Եթե եզրակացություն անենք, ապա կարող ենք ասել, որ Ադրբեջանի ղեկավարության ցանկությունը՝ ադրբեջանական զինված ուժերի համար ունենալ այնքան բյուջե, որքան ՀՀ ողջ բյուջեն է, չկատարվեց»: Վարչապետը տեղեկացրեց, որ բացի սրանից՝ ձեռնարկված են նաեւ «լրացուցիչ միջոցառումներ՝ տարածաշրջանում զինված հավասարակշռությունը պահպանելու համար»: Սրանից հետո երկխոսություն տեղի ունեցավ Մհեր Շահգելդյանի եւ վարչապետի միջեւ: Մհեր Շահգելդյանը նկատեց, որ հասարակությունը այս տեղեկությունների կարիքն ունի եւ հասարակական մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Սերժ Սարգսյանը «հասարակական հետաքրքրությունների» մասով համաձայն էր, բայց համաձայն չէր, որ «մեր հասարակության բոլոր անդամներին խիստ մտահոգում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որովհետեւ դուք ինձնից շատ լավ գիտեք, որ կան քաղաքական կուսակցություններ, կան անհատներ, որոնց համար այդ խնդիրը մի քոռ կոպեկի արժեք չունի: Ընդհակառակը՝ գուցե ինչ-որ տեղ նրանք կարող են ուրախ լինել, եթե զինված բախում սկսվի, եւ, Աստված մի արասցե, մենք էլ անհաջողություն ունենանք: Բայց ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, այդպիսի բան երբեք չի լինի»: Ավելի ուշ, արդեն լրագրողների հարցերին պատասխանելով, վարչապետը չկոնկրետացրեց, թե ո՞ր քաղաքական ուժերին եւ անհատներին նկատի ունի. «Ոչ, չեմ ասի, դուք ինձնից լավ գիտեք այդ ուժերին»,- լրագրողի խնդրանքին՝ ասել, թե որ ուժերին նկատի ունի, պատասխանեց Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել