Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ԵՐԲԵՔ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐ ՉԵՄ ԵՂԵԼ»

Սեպտեմբեր 13,2007 00:00

\"\"Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց, որ շատ հանդարտ է վերաբերվում առաջիկա նախագահական ընտրություններին:

– Քաղաքական ուժերի մի մասն առաջարկում է Ղարաբաղի անկախության ճանաչում, մի մասը՝ միավորում, ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

– Մշտապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ասել է, որ չի բացառում որեւէ որոշում, այսինքն՝ մենք երբեք չենք բացառում ոչ Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը եւ ոչ էլ Հայաստանի հետ միավորվելը: Ուղղակի մենք, կոնկրետ դեպքում՝ ես այսպիսի քայլը հիմա համարում եմ ժամանակավրեպ եւ մեզ համար վնասակար:

– Ասացիք, որ բյուջեն 2008-ի համար լինելու է 2,5 միլիարդանոց, ի՞նչ միջոցների հաշվին:

– ՀՀ-ում ավանդաբար բոլոր տարիների բյուջեների առյուծի բաժինը մեր եկամուտների հաշվին է՝ հարկային եւ մաքսային եկամուտների: Դուք շատ լավ գիտեք, որ մենք նավթ չունենք, գազ չունենք եւ այլն, եւ այլն. մեր եկամուտների ավելացման հաշվին, ստվերի կրճատման հաշվին, հարկային քաղաքականության բարելավման, խստացման եւ ոչ հարկային բեռի ավելացման հաշվին:

– Այսինքն՝ կարելի՞ էր այս տարիներին լավ հարկեր հավաքել եւ դա չէ՞ր արվում: Եվ արդյո՞ք սա նախընտրական բյուջե չի լինելու:

– Ես այդպիսի բան չեմ ասել, եւ միայն արկածախնդիրները կարող են նախընտրական ինչ-որ շահերից ելնելով վտանգի տակ դնել հանրապետության բնականոն զարգացումը: Իսկ դուք գիտեք, որ ես երբեք արկածախնդիր չեմ եղել, որքան էլ արկածախնդրության մեջ լինեն նաեւ որոշ դրական հատկանիշներ: Ոչ, իմ ասածը չի նշանակում, որ այդքանը եղել է, չեն հավաքել: Իմ ասածը ճիշտ հակառակն է նշանակում: Նշանակում է, որ այս տարիների ընթացքում այնքան հարկ է հավաքվել, որ հիմա էլ մի քիչ ավելացնելով՝ կարող ենք ունենալ այդքանը:

– Այսօր Ռուսաստանում տեղի է ունեցել կառավարության փոփոխություն, ինչպե՞ս եք վերաբերվում այդ խնդրին, եւ վաղը Հայաստան է գալու Լեւիտինը, կգա՞, թե՞ կհետաձգվի այդ այցը:

– Ես հենց հիմա սպասում եմ պարոն Լեւիտինի արձագանքին, որովհետեւ նրա հետ խոսակցություն է եղել, այժմ որոշ հարցեր կճշտվեն, եւ ձեզ կպատասխանեմ:

– Ռուսաստանի կառավարության հրաժարականին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ինչպե՞ս կարող է մի երկրի վարչապետը վերաբերվել մեկ այլ երկրում տեղի ունեցած կառավարության հրաժարականին՝ հանդարտ:

– Դա կազդի՞ մեր երկու երկրների համագործակցության վրա:

– Չեմ կարծում, որովհետեւ Ռուսաստանում քաղաքականություն չի փոխվել, իշխանության փոփոխություն չկա, այլ կա կառավարության փոփոխություն:

– Հիմնական քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, շարքային մարդիկ, գրեթե բոլորը խոսում են ձեր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, սակայն դուք անձամբ դեռ պաշտոնապես եւ կոնկրետ չեք խոսել այդ մասին: Նաեւ խոսվում է այն մասին, որ նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուները լինելու եք դուք եւ, եթե առաջադրվի՝ առաջին նախագահը: Ինչպե՞ս եք տրամադրված եւ ինչպե՞ս եք նայում այդ հեռանկարին:

– Ես հանդարտ եմ վերաբերվում բոլոր այն կանխատեսումներին, որ հնարավոր է, որ ես իմ թեկնածությունն առաջադրեմ, կամ որպեսզի Հանրապետական կուսակցությունն առաջադրի իմ թեկնածությունը: Բայց կարծում եմ, որ դեռեւս վաղ է այս թեմայով խոսել: Իսկ մենք որեւէ փոփոխություն մեր ռազմավարության մեջ, կախված թեկնածուների առատությունից կամ սակավությունից, չենք մտցնելու: Մենք այդպես վարվեցինք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այդպես ենք վարվելու նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Մենք կարեւորագույն խնդիր ունենք, այդ կարեւորագույն խնդիրն է՝ ստանալ մեր ժողովրդի եւ միջազգային կազմակերպությունների՝ առնվազն ԱԺ ընտրություններին հավասար գնահատական նախագահական ընտրությունների վերաբերյալ: Մենք այլ խնդիր առայժմ չենք տեսնում:

– Երեկ խորհրդարանում մտահոգություն հնչեց՝ կապված Ջավախքում վրացական կողմից կալանավայրի կառուցման հետ, կոչ արվեց իշխանությանը համապատասխան քայլեր ձեռնարկել:

– Ես շատ դժվարությամբ եմ պատկերացնում, թե մենք ինչպիսի արձագանք կարող ենք ունենալ, եթե մեր հարեւան երկրներից մեկը դիմի մեզ եւ ասի՝ դուք Սյունիքում կամ այլ տեղ այսպիսի խնդիրներ եք լուծում: Ես շատ ուղիղ եմ ասում եւ միջամտությունը այսպիսի հարցերում Վրաստանի ներքին գործերին համարում եմ անպատեհ: Ես համարում եմ, որ ՀՀ կառավարությունը, մենք բոլորս շատ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի Ջավախքում մեր հայրենակիցները իրենց ապահով զգան, որպեսզի մեր հայրենակիցների կենսամակարդակը բարձր լինի, որպեսզի հայկական դպրոցները ոչնչով չզիջեն մեր դպրոցներին, որպեսզի այնտեղի առողջապահական հիմնարկները լինեն Հայաստանի առողջապահական հիմնարկների մակարդակին, բայց ոչ երբեք մենք պետք է ասենք՝ այստեղ այս արեք, այնտեղ այն արեք: Սա մի քիչ, կարծում եմ, չափն անցկացնել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել