Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿՎԱԾ ՉԵՄ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

Սեպտեմբեր 13,2007 00:00

\"\"Երեկ ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը

Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանի լիազորություններն ավելացել են եւս մեկով, եւ այժմ ՀՀ գլխավոր դատախազին առաջին անգամ նշանակելու է ԱԺ-ն՝ ՀՀ նախագահի առաջարկությամբ, 6 տարի ժամկետով: Մինչ երեկ ԱԺ նիստը սկսվելը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանում հանդիպեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, որը մասնակցել էր նաեւ ՕԵԿ-ի հետ Աղվան Հովսեփյանի հանդիպմանը: Վերջինիս հետ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն ասել էր, թե իրենց հարցերը չսպառվեցին, եւ մասնավորապես՝ դեռ կան կոռուպցիային վերաբերող հարցեր, որոնց պետք է պատասխանի Աղվան Հովսեփյանը. ի՞նչ ծրագրեր ունի, ինչպե՞ս է դրա դեմ պայքարելու: Այնուամենայնիվ՝ երեկ գլխավոր դատախազին հարցեր ուղղելու համար հերթագրված 22 պատգամավորներից ընդամենը 4-ն էին ՀՅԴ խմբակցության անդամներ, ընդ որում՝ նրանցից մեկը՝ Լիլիթ Գալստյանը հանեց իր հարցը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գագիկ Գեւորգյանին հետաքրքրում էր Գյումրիում մայիսի 20-ին անհետ կորած 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանի մահվան վերաբերյալ հարուցված գործը: Ըստ Աղվան Հովսեփյանի՝ տնակի զննությամբ, ինչպես նաեւ՝ երեխայի դատաբժշկական փորձաքննության արդյունքում հիմնավորվել է. «Մահը վրա է հասել նռնակի պայթյունի հետեւանքով: Նռնակի պայթյունը տեղի է ունեցել հենց տնակում: Տնակում 3-րդ անձի ներկայության փաստը հիմնովին բացառվել է: Եվ քրգործի քննության արդյունքում՝ որոշում է կայացվել կարճելու մասին, քանի որ որեւէ մեկի արարքում որեւէ հանցակազմ չի հիմնավորվել»:

Վիկտոր Դալլաքյանը հարց ուղղեց ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի գործի վերաբերյալ: Եվ այս կապակցությամբ գլխավոր դատախազը դուրս եկավ «գաղտնիության սահմաններից»: Մասնավորապես բացահայտեց, թե քրգործը ԱԱԾ կողմից հարուցվելու համար հիմք է ընդունվել հետեւյալը. «Իրականացվել են գաղտնալսումներ՝ ՀՀ օրենքների եւ դատարանի կողմից տրված թույլտվության հիման վրա: Արդյունքում պարզվել է մի շարք անձանց կապը՝ այստեղ այդ գումարները ստացողների հետ»: Հերքեց տարածված պնդումը, թե նույն կերպ կարելի է գործ հարուցել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, որը բանկից փող է ստանում. «Այդպես չէ: Ես՝ որպես գլխավոր դատախազ, դա թույլ էլ չեմ տա»:

Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Արզումանյանի պես՝ հնարավո՞ր չէ նաեւ Արման Բաբաջանյանին էլ ազատ արձակել, քանի որ լրագրող է: Գլխավոր դատախազը պատճառաբանելով, թե ինչու դա հնարավոր չէ, նաեւ նշեց. «Այս հանցագործությունը կատարվել է այն ժամանակ, երբ Արման Բաբաջանյանի մայրն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում եւ օգտագործել իր դիրքը՝ որպես նախագահականի աշխատակից: Այն ժամանակ Արման Բաբաջանյանը ո՛չ լրագրող էր, ո՛չ էլ խմբագիր»:

Վիկտոր Դալլաքյանի մեկ այլ հարց վերաբերում էր Լոռու մարզի դատախազի սպանությանը հաջորդած իրադարձություններին՝ վկաների նկատմամբ բռնություններով ցուցմունքներ կորզելու փաստերին: Պատգամավորի առաջարկին, թե գլխավոր դատախազը պետք է իրականացնի ծառայողական քննություն եւ պատասխանատվության ենթարկի այն անձանց, ովքեր կորզել են անօրինական ցուցմունքներ՝ Աղվան Հովսեփյանն այսպես արձագանքեց, թե վերջին օրերին Վանաձորում «շոու» են դարձրել նման հարցադրումները. «Այս պատասխանատու ամբիոնից ես, օգտագործելով այդ բառը, պատասխանատվություն եմ ստանձնում»: Նկատեց, թե գործի բացահայտման ընթացքում ձեռնարկված օպերատիվ՝ քննչական գործողությունների հետեւանքով կարող են բացահայտվել այլ հանցագործություններ. «Այ, այդ հանցագործությունները բացահայտվելու առումով կան մարդիկ, որոնք շահագրգռված չեն: Կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ այդ գործի բացահայտումը: Տպավորություն չստացվի, թե այնտեղ քննչական-օպերատիվ խումբը դուրս է գալիս դատախազությունից կամ ոստիկանության, ԱԱԾ-ի շենքից ու համատարա՜ծ, պատահական մարդու բռնում՝ տանում են ու հարցաքննում: Ամենեւին այդպես չէ: Մինչեւ հարցաքննելը բազմիցս ստուգվում է նրանց առնչությունն առաջադրված վարկածներին»:

Նաեւ պատմեց, որ մի քանի օր առաջ ի հայտ է եկել մի աղջիկ, որը ցուցմունք է տվել, թե իր աչքի առջեւ է տեղի ունեցել Լոռու մարզի դատախազի սպանությունը: Եվ 3 օր աշխատանքից հետո է հիմնավորվել, թե այդ աղջիկն ընդհանրապես չի եղել դեպքի վայրում եւ սուտ ցուցմունքներ է տալիս. «Բնականաբար, քննչական խումբը խնդիր ունի պարզելու, թե ո՞վ ներդրեց այդ վկային, ի՞նչ նպատակով»:

Գլխավոր դատախազը նաեւ ասաց, թե վերջին օրերին առկա արձագանքներից հետո դատախազների խումբ է ուղարկել՝ այդ բոլոր հարցերը քննության առարկա դարձնելու համար. «Ես հակված չեմ ամեն ճանապարհով քրեական գործի բացահայտում ապահովելու: Բայց միեւնույն ժամանակ՝ հակված չեմ սպանությունը չբացահայտված թողնելու»:

Հ. Գ. Այսօր Աղվան Հովսեփյանը շարունակելու է պատասխանել պատգամավորների հարցերին: Եվ հետո տեղի կունենա քվեարկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել