Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»

Սեպտեմբեր 12,2007 00:00

(շարունակություն)

Անվստահելի «թրասթը»

Այո, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր, «Հայփոստում» գործերի վիճակը լուրջ է: Այնքան լուրջ, որ անցյալ շաբաթավերջին այդ վիճակով հետաքրքրվեց նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հասկանալի է, որ նախագահական ընտրությունների գնացող ցանկացած վարչապետի չի կարող չմտահոգել հավանական դժգոհության որեւէ խոշոր օջախ: Իսկ տվյալ պարագայում իրավիճակը հենց այդպիսին է. ե՛ւ «Հայփոստն» է խոշոր՝ իր 3800 աշխատակիցներով, ե՛ւ այդ աշխատակիցների շրջանում աճող դժգոհությունը:

«Զարգացում»՝ առանց «հիմնական տնտեսական շարժիչի»

Տարածված հաղորդագրության համաձայն, «շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների եւ ԿԲ-ի նախագահի մասնակցությամբ» Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին խորհրդակցություն էր հրավիրել: Քննարկվել են հոլանդական գրանցում ունեցող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության հավատարմագրային կառավարմանը հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի «պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի հետ կապված հարցերն ու ընկերության գործունեության զարգացման ծրագրի իրականացման ընթացքում ծագած խնդիրները»:

Բայց ի՞նչ է թաքնված վերոհիշյալ խորհրդակցության մասին կառավարության պաշտոնական հաղորդագրության դիվանագիտորեն պաճուճապատ այս ձեւակերպումների ետեւում. «Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, իբրեւ շահագրգիռ կողմ, մտահոգ է «Հայփոստի» զարգացման ծրագրի՝ նախանշված ժամկետներում հաջող իրականացման հարցում, որը հնարավոր է հավատարմագրային կառավարչի եւ կառավարման հիմնադրի միջեւ նույնպիսի մտահոգությամբ ու շահագրգռությամբ իրականացվելիք կառուցողական եւ համագործակցված աշխատանքի արդյունքում: Ըստ այդմ, վարչապետը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում աջակցել առկա խնդիրների լուծմանը՝ այդպիսով նպաստելով վերոհիշյալ ծրագրի իրականացմանը»:

Մտահոգվելու բան իսկապես կա: Ու ոչ միայն վարչապետի համար: Մտահոգության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ լրջորեն խախտվել է «Փոստբանկի» ստեղծման ժամկետը, որը սահմանված է հենց այդ ծրագրով: Եվ դա այն դեպքում, երբ նույն այդ փաստաթղթով «Փոստբանկը» առանցքային եւ հիմնարար նշանակություն ունի «Հայփոստի» ակնկալվող զարգացման ծրագրի իրականացման ու հատկապես՝ ֆինանսավորման համար: Եթե առավել ճշգրիտ լինենք, ապա «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» ծրագրի համաձայն՝ «Փոստբանկը» «Հայփոստի» զարգացման հիմնական տնտեսական շարժիչն է»:

Ավելին, հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրով հստակ ժամկետներ են սահմանված այդ առանցքային ֆինանսական ստնտուն ստեղծելու համար: Ասենք, ավելի ճիշտ է ասել՝ սահմանված էին: Ինչո՞ւ «էին»: Շատ պարզ է. ծրագրի համաձայն, 2006թ դեկտեմբերի 15-ին «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչը, որի լիազոր-ներկայացուցիչը Հանս Բոոնն է, պետք է լիցենզիայի պահանջ ներկայացներ Հայաստանի կենտրոնական բանկ, իսկ այս տարվա ապրիլի 1-ին արդեն ստացած լիներ այդ լիցենզիան: Վերջապես, ծրագրում նշված է, որ «Փոստբանկի» իրական գործունեության ապահովումը» պետք է տեղի ունենար 2007 թվականի հունիսի 1-ին: Այսինքն՝ «Փոստբանկն» արդեն 3,5 ամիս պետք է գործելիս լիներ:

Եվ դա միայն ծրագրի ամրագրումը չէ: «Հայփոստը» հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ, անցյալ տարվա նոյեմբերի 30-ին, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, որ դատելով իր իսկ խոսքերից, այս գործարքի ջերմ ջատագովն է, հայտարարել է, թե առաջիկա 7 ամսում Հայաստանում ստեղծվելու է «Փոստբանկ», որի միջոցներով էլ արդիականացվելու են փոստային բաժանմունքները (ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ, 1-ը դեկտեմբերի 2006թ.):

Այժմ 2007թ. սեպտեմբերի կեսն է, բայց ոչ մի «Փոստբանկ» էլ չկա: Ավելին, օգոստոսի 20-ին «Մեդիամաքս» գործակալությանն ու Banks.am պորտալին տված հարցազրույցում անդրադառնալով դիմահար տրված հարցին, թե ե՞րբ է «Փոստբանկը» սկսելու աշխատել Հայաստանի շուկայում, «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչ ու միաժամանակ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը ուղղակի պատասխանում է. «Հույս ունենք, որ աշնանը կհայտարարենք «Փոստբանկի» բացման կոնկրետ ժամկետների մասին: Այսօր աշխատում ենք Հայաստանի կենտրոնական բանկի հետ՝ արտոնագրի ստացման եւ բանկի գրանցման ուղղությամբ: Զուգահեռաբար մենք իրականացնում ենք բոլոր այն բաղադրիչների մանրազնին թեստավորում, որոնցից կազմվելու է «Փոստբանկի» գործունեությունը: Դա անելու ենք այնքան ժամանակ, մինչեւ համոզված չլինենք, որ բացառել ենք նույնիսկ աննշան սխալների հնարավորությունը»:

Շա՜տ հետաքրքիր է: Այսինքն՝ նրանք նույնիսկ լիցենզիան դեռ չեն ստացել, ինչը, ըստ ծրագրի, պիտի արված լիներ այս տարվա դեռ ապրիլի 1-ին: Մյուս կողմից, այդ բազմաչարչար «Փոստբանկի» մանրամասն բիզնես-պլանավորումը դեռ անցյալ տարվա աշնանը պիտի կատարված լիներ, իսկ հավատարմագրային կառավարիչը ասում է, թե հույս ունեն (!), որ աշնանը (!!) կհայտարարեն այդ բանկի բացման… ժամկետների մասին (!!!): Աշունն ավարտվում է նոյեմբերի 30-ին, «Հայփոստը» հոլանդական կառավարչին հանձնելու պայմանագրի 1 տարին, ի դեպ, լրանում է նույն օրը:

Հա, չմոռանանք հիշել, որ նշված պայմանագրի «5.1.» կետով սահմանված է. «Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է վերահսկել ընկերության գործունեության հավատարմագրային կառավարման ծրագիրը (ՀԿԾ), որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը եւ ենթակա է հրապարակման միայն հավատարմագրային կառավարչի համաձայնությամբ»: Թե ի՞նչ պետական ու սարսափելի գաղտնիքներ կան «սույն պայմանագրի անբաժանելի» մաս ծրագրում, որ նման խիստ սահմանափակում է դրվում դրա հրապարակման վրա, դժվար է ասել:

Սակայն «Փոստբանկի» ստեղծման ժամկետների խախտման հարցը կարեւոր է այնքանով, որ դա հավատարմագրային կառավարչի գործունեության առանցքն ու մեխն է: Ահավասիկ. «Հայփոստի» եւ «Փոստբանկի» միջեւ պայմանագրի ներքո, «Հայփոստը», սպասարկելով «Հայփոստբանկին», ձեռք կբերի լրացուցիչ եկամուտների աղբյուր: Առաջին 5 տարիներին այդ եկամտի զուտ ներկա արժեքը գնահատվում է մոտ 15 միլիոն դոլար, որը «Հայփոստի» արդիականացման եւ փոխակերպման ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրն է լինելու» կամ «Հայփոստբանկը» դիտվում է որպես տնտեսական անկյունաքար՝ «Հայփոստի» բարեփոխման գործընթացում»:

Նման ճոխ ձեւակերպումների շատ կարելի է հանդիպել «պայմանագրի անբաժանելի մաս» ծրագրում: Իսկ ըստ էության, ստեղծվելիք նոր բանկը պիտի ստանձներ կենսաթոշակների վճարման, կոմունալ վարձերի գանձման, դրամական փոխանցումների գործառույթները, որոնք ապահովում են «Հայփոստի» ընդհանուր եկամտի ահռելի մասը (մոտ 70 տոկոսը): Ապա այդ հոսքերի սպասարկումից գոյացած հասույթները պիտի ուղղվեին «Հայփոստի» զարգացմանը: Նկատենք, որ «Հայփոստը» ունի 900 բաժանմունք, որոնցից 800-ը՝ մարզերում, անգամ՝ ամենահեռավոր գյուղերում: Դա նորոգման կարիք զգացող, բայց շատ ծանրակշիռ մի այնպիսի ցանց է, ինչպիսին Հայաստանում ոչ մի գործող բանկ չունի ու մոտ ապագայում չի էլ ստեղծի:

Սակայն ստացվում է, որ չկա «Փոստբանկը», ուրեմն՝ չկան նաեւ «Հայփոստի» բարեփոխման անկյունաքարը, զարգացման ֆինանսավորման հիմնական աղբյուրը, այսինքն՝ չկա զարգացում: Գոնե այս 10 ամսում: Հապա էլ ո՞րն էր «Հայփոստը» հավատարմագրային կառավարման հանձնելու իմաստը: Մեկ տարվա ծախսատար տեղապտո՞ւյտը:

Եվ ո՞վ է պատասխան տալու դրա համար. հավատարմագրային կառավարիչ Հանս Բոո՞նը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյա՞նը, պետգույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյա՞նը, թե՞ «Հայփոստը» հոլանդական անհայտ ընկերությանը հանձնած կառավարությունը:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել