Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հին ու նոր Բաբկենների «արանքում»

Սեպտեմբեր 12,2007 00:00

\"\"Մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանի հետ խաղացած Վարդուհի Վարդերեսյանը հրաժարվել է երիտասարդ խաղընկեր Բաբկենից:

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 14-ին խաղաշրջանը կբացի իսպանացի դրամատուրգ-փիլիսոփա Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացմամբ: Այն 2004 թ. բեմադրել է ամերիկաբնակ ռեժիսոր Ռաֆիկ Գրիգորյանը, որը շուրջ 15 տարի ապրում ու ստեղծագործում է Լոս Անջելեսում:

«Առավոտը» ժամանակին անդրադարձել է վերոհիշյալ բեմադրությանն ու Ամերիկայում գործունեություն ծավալած ռեժիսորին («Առավոտ», 27.07.2004թ.): Հիշեցնենք, որ Ռ. Գրիգորյանը ժամանակին վիրավորվել ու ԱՄՆ էր մեկնել, քանի որ նրա ձեռքից խլել էին տունը՝ կուսակցական գրասենյակ դարձնելու համար: Այժմ նա Լոս Անջելեսի «Բեմ» մշակութային միության ատենապետն է եւ տեղի «Ֆրունզիկ Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ինչպես 2004թ., այնպես էլ այս խաղաշրջանի բացմանը, գլխավոր դերում հրավիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Պիեսի գլխավոր հերոսներից մեկի՝ Մաուրիսիոյի դերը վստահված է երիտասարդ, արդեն ճանաչված ու սիրված դերասան Խորեն Լեւոնյանին: Նկատենք, որ այս բեմելը դերի մասշտաբային առումով կարելի է համարել առաջինը երիտասարդ արվեստագետի կյանքում, թեեւ 2002թ., Մայր թատրոնում՝ Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապում» Խ. Լեւոնյանը հանդես է եկել իր պապի՝ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանի հետ:

«Ծառերը կանգնած են մահանում» պիեսում 2004-ից այդպես էլ Մաուրիսիոյի դերի համար, փաստորեն, ոչ մեկը չի հաստատվել: Պիեսը մինչ այսօր խաղացվել է շուրջ 5 անգամ, իսկ հիշյալ դերի համար ամերիկաբնակ բեմադրիչը ամեն անգամ ստիպված էր կտրել օվկիանոսն ու գալ Հայաստան՝ Մաուրիսիո խաղալու: Ըստ մեր տեղեկությունների, ժամանակին Մաուրիսիո է փորձել Գյումրիի դրամատիկական թատրոնի արդեն նախկին դերասան Բաբկեն Չոբանյանը, որի հետ հրաժարվել է նույն բեմում խաղալ Վ. Վարդերեսյանը:

Հանդիպեցինք երիտասարդ արվեստագետին, որը հաստատեց մեր տեղեկատվությունը, ասելով. «Երբ 2003թ. բեմադրիչ Ռաֆիկ Գրիգորյանը ինձ առաջարկեց խաղալ Մաուրիսիո, աննկարագրելի ուրախություն ապրեցի, որովհետեւ մեծ պատիվ էր հանդես գալ Վարդուհի Վարդերեսյանի հետ: Ներկայացման փորձերը ձգձգվում էին դերասանուհու առողջական վիճակի պատճառով, իսկ երբ սկսվեցին բեմական փորձերը, Մայր թատրոնի մեծ տիկինը բեմում անընդհատ ինձ կոպտում ու նսեմացնում էր: Որպես կանոն, մեծ արվեստագետների տաղանդին հակառակ համեմատական է նրանց մարդկային որակը: Հանճարեղության գաղտնիքը պիտի պարզությունը լինի, այլ ոչ թե պարզունակությունը: Սկզբում ինձ համար նույնիսկ հաճույք էր նման դերասանուհու քմահաճույքները տանել, բայց հետագայում տիկին Վարդերեսյանը փորձից փորձ մեծանուն արվեստագետին ոչ հարիր արտահայտություններ էր թույլ տալիս բոլորի աչքի առջեւ: Ժամանակ առ ժամանակ էլ հիշում էր Մաուրիսիոյի կերպարում Բաբկեն Ներսիսյանին… Ես դերասանուհու նոստալջին էլ եմ հասկանում: Կընդունեի ցանկացած մասնագիտական խորհուրդ, բայց տիկնոջ վիրավորանքը՝ երբեք»: Հետաքրքրվեցինք՝ իսկ 2007-ի ապրիլին Գյումրու թատրոնից իր հեռանալու պատճառն անձնավորվա՞ծ էր: Բ. Չոբանյանն ասաց. «Ոչ ոք չէր նպաստել, ոչ էլ դրդել էր թատրոնից հեռանալ, մանավանդ «Ծառերը կանգնած են մահանում»-ից հետո էլ ինձ վստահվել են գլխավոր դերեր»: «Առավոտը» կապվեց Վարդուհի Վարդերեսյանի հետ: Վերը շարադրվածի առիթով դերասանուհին ասաց. «Բաբկեն Չոբանյանի հետ փորձեր չենք էլ արել, հետեւաբար չէի կարող իրեն գովել կամ փնովել: Ռեժիսոր Ռաֆիկ Գրիգորյանն է խաղացել Մաուրիսիո, հիմա արդեն տարիքն առել է, այդ պատճառով հրավիրվեց երիտասարդ դերասան Խորեն Լեւոնյանը, որի մեջ շատ հաճելի բաներ եմ տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել