Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասպիրանտների «գլխատում»

Սեպտեմբեր 12,2007 00:00

Ընդունելության համար արտասահմանյան ծրագրերով անցկացված օտար լեզվի քննության պատճառով բուհերը ասպիրանտական շատ տեղեր կորցրին:

Ասպիրանտուրայի ընդունելության քննությունների արդյունքում ԵՊՀ-ն այս տարի վեց ասպիրանտական տեղ է կորցրել: Մայր բուհի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նոր ասպիրանտներ չեն ունեցել քիմիայի ֆակուլտետում՝ «ֆիզիկական քիմիա», «կատալիզ» մասնագիտությունների գծով, պատմության ֆակուլտետում՝ «հայոց պատմության» գծով, բանասիրականում՝ «ընդհանուր եւ կիրառական լեզվաբանության», «հայոց լեզվի», փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում՝ «իրավաբանական հոգեբանություն» մասնագիտության գծով: Մայր բուհը միակը չէ, որ այսպիսի կացության մեջ է հայտնվել: Պատճառը, ըստ որոշ մասնագետների, ասպիրանտական քննություններում «բոլոնիական» նորամուծություններն են. այս տարի ասպիրանտներն օտար լեզվից ընդունելության քննություն հանձնեցին արտասահմանյան ծրագրերի միջոցով: Օրինակ՝ անգլերենի քննությունն անցկացվեց «Թոյֆլ» ծրագրով, ֆրանսերենինը «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպությունն իրականացրեց, գերմաներենինը՝ «Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը» (DAAD): Նշենք, որ ասպիրանտի թեկնածուները քննությունից մի քանի ամիս առաջ տեղեկանալով՝ չէին հասցրել պատրաստվել։ «Ուսումնական պրոցեսում ցանկացած փոփոխության համար առնվազն մեկ տարի է անհրաժեշտ: Մեզ չէին տեղեկացրել, որ օտար լեզվից քննության հանձնման ձեւը պիտի փոխվի: Ուղղակի ասել էին, որ ուղարկենք լավագույն ուսանողներին՝ քննությանը նախապատրաստվելու համար: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ այդ «Թոյֆլ» կոչվածի համար են կանչել»,- վրդովվեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը եւ տեղեկացրեց, որ իրենց ֆակուլտետի երկու ապագա ասպիրանտներն էլ օտար լեզվից 400-ից բարձր միավորներ են հավաքել՝ պահանջվող 500-ի փոխարեն: «Թե ինչու հենց 500 եւ ինչի հիման վրա՝ մեզ համար պարզ չէ….»,- հայտնեց պրն Ավագյանը: «Ափսոս, քննությունը ձախողած ասպիրանտի թեկնածուներից մեկն էլ տղա էր: Ախր այսօր ոչ մի տղա ցանկություն չի հայտնում ուսումը շարունակել լեզվաբանության գծով, գնալ արխիվներում գիտական աշխատանք կատարել: Նրանք հիմնականում նախընտրում են սեղանիկի ետեւում կանգնած առեւտուր անել, քանի որ այդպես ավելի մեծ գումար կարելի է վաստակել»,- կարծում է բանասիրականի դեկանը: Այս ֆակուլտետի համար երկու ասպիրանտական տեղի կորուստը ճակատագրական էր նաեւ այլ պատճառով: «Տարիներ շարունակ հայագիտական մասնագիտությունների գծով ասպիրանտական տեղեր չեն իջեցվել: Այս տարի վերջապես երկուսը հատկացրել էին, այն էլ պատուհաս դարձած «Թոյֆլի» պատճառով կորցրինք: Եթե այսպես շարունակվի՝ հայագիտությունը կմեռնի: Քանի որ այս գծով մեկ ասպիրանտական տեղ էլ լեզվի ինստիտուտում են կորցրել, մյուսը՝ պատմության ֆակուլտետում»,- մտահոգված է Ա. Ավագյանը: Նրա փոխանցմամբ, այս տարին առաջինն էր, երբ բանասիրական ֆակուլտետի՝ ասպիրանտուրայում ուսումը շարունակել ցանկացող ուսանողները կտրվեցին:

Ասպիրանտական տեղի կորուստը բացասաբար է անդրադարձել նաեւ ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի վրա: Դեկան Հրաչիկ Միրզոյանը նշեց. «Մեր ասպիրանտացուն ավարտել էր իրավաբանության ֆակուլտետը, փոխադրվել հոգեբանության գծով մագիստրատուրա եւ իրավաբանական հոգեբանության մասնագետ էր ուզում դառնալ: Այդպիսի մասնագետներ չունենք, քանի որ մինչեւ այժմ իրավաբանական հոգեբանությունը չուսումնասիրված ոլորտ է եղել: Հատկացված ասպիրանտական տեղերը արդեն իսկ փնտրված էին, դրանց չօգտագործումը կադրերի մեծ կորուստ կտա»։ Ըստ պրն Միրզոյանի, քանի որ իրենց ասպիրանտի թեկնածուն չէր հասցրել մայիսի 28-ից շուտ հանձնել օտար լեզվի քննությունը, առանց քննական արդյունքի՝ նրա գործերը չեն ընդունվել. «Անձամբ գնացել եմ ասպիրանտուրայի բաժին, խնդրել, որ նրա գործերն ընդունեն՝ մինչեւ քննության արդյունքը բերի: Բայց մերժեցին՝ ոչ ոք չէր ցանկանում վտանգել իր աշխատանքն ու հեղինակությունը»: Հ. Միրզոյանի տեղեկացմամբ՝ իրենք միայն դեկտեմբերի վերջին են գրություն ստացել, թե նոր կարգով պիտի օտար լեզվից քննություն հանձնվի:

Քիմիայի ֆակուլտետի դեկան Աիդա Ավետիսյանն էլ մեղքը գցեց ասպիրանտի թեկնածուների վրա. «Դասընթացներից բացի, նրանք նախօրոք էլ պիտի պարապած լինեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել