Հակառակ դեպքում ստիպված կլինեք տուն գնալ ոտաբոբիկ. ամսական մոտ 300 միլիոն դրամ շրջանառություն ունեցող «Ջրաշխարհը» իր տարածքում կորած իրերի համար փոխհատուցում չի տալիս:
«Մենք ձեզ ոչնչով չենք կարող օգնել»,- ներողություն խնդրելու փոխարեն այսպես պատասխանեց Պողոս Պողոսյան ներկայացած փոխտնօրենը, երբ մոտեցա նրան եւ հայտնեցի, որ լողավազանի եզրին դրված հողաթափերս գողացել են: Ինչպես հետո պարզվեց, «Պողոս Պողոսյանը», որն այդպես էլ չհայտնեց իր իսկական անունը, «Վալենսիա» ընկերությանը պատկանող «Ջրաշխարհ» հանգստյան գոտու փոխտնօրենն է: Ընդամենը կես ժամվա ընթացքում ես 4-րդ մարդն էի, որի հողաթափը «թռցրել» էին: Բարեբախտաբար, ի տարբերություն իր 70 դոլարանոց ամառային կոշիկները կորցրած եւ ոտաբոբիկ մնացած մյուս երիտասարդի, ես ինձ հետ կոշիկ էլ ունեի: Առանց հողաթափերի մնացած եւս երեք երիտասարդի մասին էլ լսելուց հետո պարոն փոխտնօրենը հայտնելով, որ «օրական 1700-2000 մարդ ա «Ջրաշխարհ» մտնում, կարո՞ղ ա ես գնամ սաղի չստիկներին պահակ կանգնեմ, թե ինչ ա՝ չգողանան», այնուհետեւ հեգնանքով ավելացրեց. «Գնացեք դիմեք քաղմաս, ինձանից ի՞նչ եք ուզում»: Իսկ իրենից ուզում էինք այն, որ 4000 դրամ յուրաքանչյուրից որպես մուտքի տոմս գանձելու, հյութի կամ «բուտերբրոդի» համար նկատելիորեն բարձր գին պահանջելու պարագայում բարի լինեին հանգստի բնականոն պայմաններ ապահովեին եւ ոչ թե, 4000 դրամից բացի, «Պումա» հողաթափերիցս էլ որպես «հավելավճար» զրկվեի:
Երբ փոխտնօրենին հիշեցրինք, որ իրենց տարածքը մասնավոր սեփականություն է, եւ որ ոստիկանները մարդկանց խուզարկելու համար պետք է դատարանի թույլտվություն ունենան, նա ասաց. «Հա, բա ինձանից ի՞նչ եք ուզում, ես էլ դրա իրավունքը չունեմ. չեմ կարա 2000 մարդու ստուգեմ՝ նոր դուրս թողնեմ»: Նրան ասացի, որ դա իմ խնդիրը չէ ու որ վճարելուս դիմաց պահանջում եմ նորմալ ծառայություն: Սա փոխտնօրենին ափերից հանեց. «Մեր ծառայությունն էս ա, չես ուզում՝ մի օգտվի»: Այս «բանակցությունների» ընթացքում մյուս երիտասարդները անհույս փնտրում էին իրենց թանկարժեք հողաթափերը: Ի դեպ, թանկարժեքի առնչությամբ էլ տարածքում շրջող «անվտանգության» աշխատակիցը «պարզաբանեց», թե «ձեզ ով էր խնդրում թանկարժեք հողաթափերով «Ջրաշխարհ» գայիք»: Հարցին էլ, թե «անվտանգության» աշխատակիցներն ինչի՞ համար են, պատասխանեցին. «Ինչ ա, քուրիկ ջան, կարո՞ղ ա ստեղ մեկը ձեր խաթրին կպել ա՝ չենք միջամտել»:
Բայց ինչի՞ հիման վրա են «Ջրաշխարհի» պատասխանատուները համոզված, որ եթե ոտաբոբիկ տուն գնացած երիտասարդի ոտքը մի բան մտնի ու, հեռու իրենից, որեւէ վտանգավոր վարակ անցնի, դա անվտանգության «ոլորտից» չէ: «Ջրաշխարհի» պատասխանատուները աշխատակիցների շապիկներին «անվտանգություն» գրելով (փրկարարներն առանձին են), նկատի ունեն, որ կմիջամտեն միայն վիճաբանությունների ու ծեծկռտուքների ժամանակ, իսկ որ կես ժամվա ընթացքում իրենց տարածքում 4 հաճախորդի թալանում են, դա տնօրինությանն ընդհանրապես չի հետաքրքրում: Հաճախորդներին նման կերպ վերաբերվելը ոչ բիզնեսի, ոչ էլ անվտանգության կանոնների մեջ է տեղավորվում:
Պարզեցինք, որ «Ջրաշխարհում» «կորուստներ» հաճախ են պատահում: Ու բարձրախոսը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ «Ջրաշխարհը» պատասխանատվություն է կրում միայն «զամբյուղ» հանձնված իրերի համար: Նշանակում է, որ նույնիսկ կարող են հյութ ու սնունդ գնելու համար վերցրած գումարն էլ, գլխարկդ կամ նույնիսկ պահի տակ արեւային լոգանք ընդունելու նպատակով հանած լողազգեստի կրծկալն էլ «թռցնել»: Նման դեպքերում ավելի մարդասիրական կլիներ ցուցանակներ փակցնեին. «Գումարը լողազգեստի մեջ խցկած լողացեք, թե չէ՝ սոված կմնաք» կամ «Ջրաշխարհ» բերեք ջրակայուն ֆոտոխցիկներ, հետներդ ջուրը մտցնելու համար, թե չէ՝ հետո ձեր լուսանկարները ուրիշներին հաճելի հիշողություններ կպարգեւեն»: Բացի այդ, ստիպված ես կես ժամ հերթ կանգնել, որպեսզի հետո ամենայն հավանականությամբ հայտնեն, որ հյութերը, սննդի որոշ տեսակներ արդեն վերջացել են: Սնունդը լրացնելու համար հաճախորդների դժգոհություններին ի պատասխան, հայտնեցին, որ «աշխատակիցներին կրճատել են եւ իրենք այդքան հոգով չեն հասցնում սպասարկել»:
Այս ամենին գումարած, մարդու իրավունքներին այդպես ջանասիրաբար հետեւող փոխտնօրեն ունեցող «Ջրաշխարհի» տարածքով շրջում է լուսանկարիչ, որն առանց զգուշացնելու հաճախորդներին տարբեր դիրքերում ու իրավիճակներում՝ «քնած», արեւային լոգանք ընդունելիս, լողավազանում ընկերների կամ պատահականորեն կողքիդ հայտնված ուրիշի ամուսնու «հետ» լողալիս՝ լուսանկարում է: Այնուհետեւ օրվա վերջում բոլորի լուսանկարները փակցվում են վահանակին, եւ քո լուսանկարն ստանալու համար արդեն հայտնի չէ, թե ումից՝ պահանջում են 300 դրամ:
Իսկ հիմա՝ այլ նյութական հարցերի մասին. ինչպես նշեց փոխտնօրենը, «Ջրաշխարհը» օրական 1700-2000 հաճախորդ է ունենում: Միջինը 1900 հաճախորդի օրական վճարած (VIP-ը չհաշված) 4000 դրամը օրվա վերջում կազմում է ավելի քան 7,5 միլիոն դրամ: Հյութերի, սննդի ու այլ ծառայությունների արժեքն էլ հաշված, ամենակոպիտ հաշվարկներով՝ «Ջրաշխարհն» օրական մոտավորապես 10 միլիոն դրամի շրջանառություն ունի:
«Վալենսիա» ընկերությունը միայն իր «Ջրաշխարհով», ամռան սեզոնին ամսական 300 միլիոն դրամ շրջանառություն ունի եւ դրանով հանդերձ 300 խոշոր հարկատուների ցանկում վերջին՝ 300-րդ տեղում է, որովհետեւ ամբողջ 6 ամսվա ընթացքում վճարել է ընդամենը մոտ 91 միլիոն դրամ հարկ: Փաստորեն, «Վալենսիան» ավելի քիչ հարկ է վճարում, քան նույն ցանկում ընդգրկված մի շարք բուհեր:
Եվ այդքանով հանդերձ, ոչ միայն փոխհատուցում չեն տալիս, այլեւ տուժած հաճախորդներից նույնիսկ ներողություն չեն խնդրում: