Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱԺ-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սեպտեմբեր 12,2007 00:00

Երեկ հայտարարություններ անելու հնարավորությունից օգտվեցին գերազանցապես «Ժառանգության», ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները:

Վերջիններս մասնավորապես «ցավ ու հիասթափություն» արտահայտեցին, որ մեծ օրակարգից նախօրեին քվեարկությամբ դուրս մնաց «Թիկնազորային ծառայության մասին» օրինագիծը, որը նախորդ խորհրդարանն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Հրայր Կարապետյանն ու Վահան Հովհաննիսյանը հայտարարեցին, որ այս օրինագիծը դարձյալ են դնելու շրջանառության մեջ։ ԱԺ փոխնախագահն ասաց, թե այս խնդիրը հասունացել է. «Դուրս եկեք Բաղրամյան փողոց եւ մի անգամ նայեք լայնարձակ ջիպերին՝ փողոցի մեջտեղում կանգնած, եւ այնտեղ շարված թիկնապահներին»: Նաեւ նկատեց, որ եթե դարձյալ մերժվի այս օրինագիծը՝ «ստիպված կլինեմ կարծել, թե այն սահմանափակումները, որ մենք դնում ենք այս օրենքում թիկնապահ լինելու համար՝ միգուցե ինչ-որ մարդկանց մտահոգո՞ւմ են, օրինակ, որ դատված, թմրամոլ չպիտի լինեն: Միգուցե ինչ-որ մարդկանց հենց է՞դ տեսակն է պետք, որ իրենց պաշտպանեն: Եթե այդպես է՝ իմանանք»:

Հայտարարություններ անելու համար առավել ակտիվ էին կանայք՝ 27 հերթագրվածից 8-ը կին պատգամավորներ էին: Եվ Լարիսա Ալավերդյանը կոչ արեց պատգամավորներին միանալ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով ՍԴ դիմելու ստորագրահավաքին: Զարուհի Փոստանջյանն առաջարկեց պատգամավորներին երաշխավորագիր ներկայացնել՝ Արման Բաբաջանյանին եւ այլ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակելու պահանջով:

Օրվա ամենաշատ արձագանքները ստացած հայտարարությունը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանինն էր, որը հայտնեց, թե Վահան Տերյանի ծննդավայրի հարեւանությամբ քրեակատարողական հիմնարկ է կառուցվում՝ 4 հազար կալանավորների համար. «Զարհուրելի ծրագիր, որն ապահովում է կատարյալ հայաթափություն»: Եվ առաջարկեց այս հարցը դարձնել օրակարգային հայ-վրացական հարաբերությունների համար: Ե՛վ ՀՅԴ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները պնդեցին, թե Հայաստանի իշխանությունը պիտի կանխի այս վտանգավոր ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել