Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անիրազեկության հետեւանք»

Սեպտեմբեր 12,2007 00:00

Այսպես է «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը մեկնաբանում ԿԸՀ-ում իրենց ներկայացուցչի որոշ հայտարարությունները:

Սեպտեմբերի 10-ին «Ժառանգություն» խմբակցության նիստի ընթացքում քննարկվել է ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի հարցը: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ավելի վաղ կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը մեզ հայտնել էր, թե քննարկման ընթացքում «կոռեկցիայի կբերվեն գոյություն ունեցող հարաբերությունները: ԿԸՀ-ում մեր ներկայացուցչին կտրվեն այն ցուցումները, որոնք այլեւս չեն հանգեցնի այսպիսի կազուսների»:

Մեր խնդրանքով պարզաբանելով, թե հարցն ինչ ձեւակերպմամբ է քննարկվել՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Նախ, լրատվամիջոցների հետ ավելի ճիշտ աշխատելու խնդիր կա, քանի որ այնպես է ստացվել, որ մենք հարձակումների թիրախ ենք դառնում ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցների կողմից նույն չափով, ինչ չափով որ իշխանական ԶԼՄ-ների կողմից: Եվ ճիշտ չի լինի ասելը, թե սա միայն լրատվամիջոցների խնդիրն է՝ նաեւ մե՛նք խնդիր ունենք: Ուստի հենց մեր ներքին համակարգման խնդիրները քննարկեցինք: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց՝ մենք նախկինում հարգել էինք մեր յուրաքանչյուր ներկայացուցչի շրջահայացությունը եւ կարծիք հայտնելու ազատությունը: Բայց երեւի Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է, եւ կոնկրետ խնդիրների վերաբերյալ շատ ավելի միասնական դիրքորոշում են սպասում լրատվամիջոցները: Եվ որոշում ընդունեցինք, որ նման դեպքերում՝ մինչեւ ԶԼՄ-ներին կարծիք, դիրքորոշում ներկայացնելը, խնդիրները կքննարկվեն, եւ տարբեր կազմակերպություններում մեր ներկայացուցիչները կներկայացնեն կուսակցության դիրքորոշումը: Թեեւ նրանք նաեւ իրավունք ունեն սեփական կարծիք հայտնելու, որը կարող է չհամընկնել հավաքական կարծիքին: Բայց եթե որոշումն ընդունում ենք՝ բնականաբար, կապ չունի, թե ինչ դիրքորոշում ունես՝ պարտավոր ես ընդունել մեծամասնության որդեգրած դիրքորոշումը»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը, սակայն, նկատեց, թե կոնկրետ Զոյա Թադեւոսյանին առնչվող միջադեպը մասամբ պայմանավորված էր ԶԼՄ-ներում նրա ասածների աղավաղմամբ: Նկատեցինք, թե կարիք կա՞ խոսելու աղավաղման մասին, եթե անկախ քաղաքական ուղղվածությունից՝ բոլոր լրատվամիջոցները նույն կերպ էին մեջբերել Զոյա Թադեւոսյանի ասածները Թալինի ընտրությունների վերաբերյալ: «Պատգամավորի գրանցման փաստի առնչությամբ նրա ասածը դրվել է միանգամայն այլ համատեքստի մեջ,- նկատի ունենալով մասնավորապես ԱԼՄ-ի անդրադարձը՝ նշեց Ստեփան Սաֆարյանը:- Եվ ԿԸՀ-ում այդ պահին լուծվել է զուտ տեխնիկական բնույթի խնդիր՝ պատգամավոր ընտրվելու մասին որոշումը կայացվել է թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից»: Այնուամենայնիվ, ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցչի պնդումները, թե ինքն այդ ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնել չի կարող եւ իրավունք չունի գրավոր բողոք ներկայացնելու՝ արդյոք անիրազեկության հետեւա՞նք չէին՝ հարցին էլ պրն Սաֆարյանը պատասխանեց. «Կարծում եմ, անիրազեկության հետեւանք էին»:

ԿԸՀ-ի նախորդ կազմում «Արդարության» ներկայացուցիչը փորձում էր փաստեր վկայակոչելով՝ ընդդիմանալ մեծամասնությանը եւ այլն: Եվ այս նախադեպը հաշվի առնելով է, որ այժմ տարօրինակ է դիտվում «Ժառանգության» ներկայացուցչի պահվածքը, որը մինչ այժմ տեղի ունեցած նիստերում անընդհատ իր քվեարկությամբ միացել է մեծամասնությանը: Մեր հարցին, թե այդպես էլ շարունակվելո՞ւ է՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ոչ: Վստահ եմ, որ մեր լրատվամիջոցները դեռեւս ականատես կլինեն Զոյա Թադեւոսյանի դիրքորոշմանն ու կեցվածքին: Մենք ինքներս գիտենք, թե նա ինչպիսի քաղաքացիական համարձակություն եւ խիզախություն ունի՝ նրա հետ երկար ճանապարհ ենք անցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել