Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԿԵՂԾ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔԸ»

Սեպտեմբեր 12,2007 00:00

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը չի թաքցնում, որ իրենց կուսակցությունը պատրաստ է «իշխանության հենարան կուսակցությունների հետ» վերցնել իր բաժին պատասխանատվությունը:

– Վերջին շրջանում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարները իրենց ասուլիսներում ու հրապարակումներում արտահայտեցին մտքեր, որոնք տարբեր քննարկումների տեղիք տվեցին: Մասնավորապես, հնչեց մեկնաբանություն այն մասին, որ «Ազգային միաբանություն» կուսակցության սպասողական դիրքորոշումը տեղավորվում է «ով ավելի»-ի սակարկության շրջանակներում: Այսինքն՝ Գեղամյանը սպասում է եւ տարբեր հասցեներով «մեսիջներ» է ուղարկում. ով ավելի շատ կտա, նրա հետ էլ կլինեմ:

– Լիովին համաձայն եմ ձեզ հետ եւ չթաքցնեմ, որ այն մեզ ոգեւորում է: «Ով ավելի»-ի ակնարկը ինքնին հասկանալի է եւ հնչեցվել է ԺՈՒԿ-ի նախագահ Մանուկ Գասպարյանի կողմից, հետո էլ կրկնել է «Իսկական Իրավունք»-ը, ինչն էլ մեծ ոգեւորությամբ տիրաժավորել են իշխանական բոլոր հեռուստաալիքները: Մեր գործընկերները ճիշտ էլ նկատել են. այո, «Ազգային միաբանություն» կուսակցությունը, գիտակցելով երկրի անվտանգությանը սպառնացող եւ օր օրի ուժգնացող վտանգները, կրավորական կեցվածք չի ընդունում: Մեզ համար անընդունելի է կեղծ արմատական ընդդիմադիր պահվածքը, էլ չասենք՝ դրանով քողարկվող կեղծ հայրենասիրությունը: Մենք պատրաստ ենք հանրապետության համար այս բախտորոշ օրերին ստանձնել մեծ պատասխանատվություն՝ երկիրը դուրս բերելու վտանգավոր զարգացումների այս ծիրից: Իշխանության հենարան հանդիսացող կուսակցությունների հետ մենք պատրաստ ենք մեր բաժին պատասխանատվությունը վերցնել, գործի դնել մեզ վստահված լծակները՝ կյանքի կոչելու Ա. Գեղամյանի հեղինակած հակաճգնաժամային ծրագրի փոխադարձ ընդունելի դրույթները: Սա, եթե խոսքը իշխանություններից «ով ավելի»-ի մեր ակնկալիքների մասին է: Ընդդիմության մասով մեր ելակետը նույնն է: Մենք ձգտում ենք, որպեսզի ձեւավորվի ընդդիմադիր քաղաքական ուժերի հավաքական թիմ, որը պատրաստակամություն հանդես բերի «Ազգային միաբանությանը» լիազորել, վստահել համապատասխան լծակներ, կրկնում եմ՝ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Կարծում եմ՝ թե՛ Մանուկ Գասպարյանը, թե՛ Հովհաննես Գալաջյանը հենց սա են ի նկատի ունեցել, երբ բնութագրել են այսօրվա քաղաքական տակտիկական երանգ ունեցող մեր դիրքորոշումը՝ «Ով ավելի»-ի խորագրի ներքո: Մենք հեռու ենք մեր գործընկերներին կասկածել լուրջ քաղաքական գործընթացները բանսարկության ու բամբասանքի մակարդակին իջեցնելու գայթակղությունից:

– Չե՞ք գտնում, որ Արտաշես Գեղամյանի լռությունը, նրա հանդիպումը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ վերջին շրջանում «Ազգային միաբանության» մյուս ղեկավարների աչքի ընկնող ակտիվությունը առիթ են տալիս մեկնաբանությունների:

– Վերջին շրջանում մամուլում իսկապես եղել են իրարամերժ գնահատականներ առ այն, որ «Ազգային միաբանությունը» իբր արդեն կայացրել է որոշում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ սատարելու այս կամ այն քաղաքական գործչին: Ոմանք դարդ են անում, որ հանկարծ Ա. Գեղամյանի՝ Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո «Ազգային միաբանությունը» չսատարի Լ. Տեր-Պետրոսյանին, ոմանք էլ «հիվանդացնում» են մեզ զանազան «մանկական հիվանդություններով», հիվանդության ախտորոշումն էլ պայմանավորում իբր մեր կողմից Սերժ Սարգսյանին սատարելու պատրաստակամությամբ: Դե, ի՛նչ, կնշանակի, այն խնդիրները, որ «Ազգային միաբանությունը» եւ նրա ղեկավար Արտաշես Գեղամյանը դրել են այս փուլում իրենց առջեւ՝ մեր կուսակցության հոբելյանական կոնֆերանսին ընդառաջ, մասամբ իրագործվում են:

– Այսի՞նքն:

– ԱԺ ընտրություններից հետո ամենեւին էլ պատահական չէր Ա. Գեղամյանի հայտարարությունը, այն է՝ ամառվա ամիսներին մենք պետք է կենտրոնանանք եւ խորությամբ վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների օրը, «ընտրությունների» արդյունքում ի՞նչ փուլում հայտնվեցին մեր երկիրը, հասարակությունը, եւ արդյոք Ազգային ժողովում մեծամասնություն կազմած խորհրդարանական ուժերը դարձա՞ն առանցքը՝ մեր ազգը միաբանելու ճանապարհին: Ահա սրանից ելնելով է, որ մենք դրսեւորեցինք այնպիսի քաղաքականություն, որ պատճառ դարձավ շատ շահագրգիռ քննարկումների: Մենք այս կամ այն քաղաքական գործչի, առավել եւս գործընկերոջ կարծիքը, լինի դա Մ. Գասպարյանի, Դ. Հակոբյանի, Հ. Գալաջյանի, ինչու չէ՝ նաեւ իշխանության մաս կազմող քաղաքական գործիչների, կարեւորում ենք, որովհետեւ յուրաքանչյուր անձի ետեւում տեսնում ենք մեր ժողովրդի որոշակի մի զանգված: Իսկ ժողովրդին միաբանելու դժվարին առաքելությունը ստանձնած քաղաքական ուժը՝ «Ազգային միաբանությունը», իրավունք չունի չարձագանքելու մեր հասցեին արված թե՛ քննադատությանը (ավաղ, շատ հաճախ հանիրավի), թե՛ դրվատանքին:

– Այնուամենայնիվ, առաջիկա նախագահական ընտրություններում ձեր կուսակցությունը հնարավո՞ր է, որ սատարի Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին:

– Այս պահի դրությամբ կարող եմ վստահաբար ասել մի բան, որ մեր կուսակցությունը անվերապահորեն կսատարի Արտաշես Գեղամյանին, եթե, իհարկե, մեզ հաջողվի համոզել նրան առաջադրելու իր թեկնածությունը: Իսկ Ձեր տված հարցի ամենասպառիչ եւ հիմնավոր պատասխանը, համոզված եմ, Ձեր թերթի ընթերցողը եւ մեր հասարակությունը կստանան սեպտեմբերի 29-ին կայանալիք «Ազգային միաբանություն» կուսակցության կոնֆերանսում՝ լսելով Ա. Գեղամյանի, կարծում եմ, բացառիկ հետաքրքիր զեկուցումը:

Հ. Գ. Մենք լուրջ կասկածներ ունենք, որ ԱՄ բոլոր փոխնախագահների հարցազրույցներում նկատելի է կուսակցության նախագահի ձեռագիրը: Կարծես բոլոր ԱՄ-ականները խոսում եւ մտածում են պարոն Գեղամյանի ոճով ու բառապաշարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել