Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՄ ԴՌՆԵՐԸ ԲՈԼՈՐԻԴ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԵՆ»

Սեպտեմբեր 12,2007 00:00

\"\"ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ պատասխանեց մի քանի լրատվամիջոցների հարցերին

– Արդյոք ձեր կուսակցությունը եւ դուք անձամբ կպաշտպանե՞ք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նաեւ խոսակցություններ են գնում, որ դուք ոչ ֆորմալ պաշտպանում եք Լեւոն Տեր-Պետրոսյանին:

– (Բարձր եւ երկար ծիծաղ) Մեկ-մեկ այնպիսի հարցեր են տալիս, որ ես ինձ վատ եմ զգում, որովհետեւ Ծառուկյանը իր ապրած կյանքում երբեք ոչ մարդ է խաբել, ոչ մարդ է քցել, ոչ խոսք ասել եւ չկատարել: Այսօր տվյալ թեմայով խոսելը ավելորդ է նրանով, որ եթե Ծառուկյանը իր կուսակցությունով հուշագիր է ստորագրել, պարտավորություն է վերցրել, ուրեմն՝ լիարժեք իր աշխատանքը, իր պարտավորությունը կատարելու է: Ես իրականում իմ խոսքը պահող մարդ եմ:

– Այսինքն՝ դուք հուշագրով ձեզ կաշկանդվա՞ծ եք զգում:

– Ես ինձ կաշկանդված չեմ զգում, ես պարտավորված եմ զգում:

– Հնարավո՞ր է՝ դուք պաշտպանեք այնպիսի թեկնածուի, որն ունի ձեզանից ավելի պակաս ժողովրդականություն:

– Ես այդ հարցին պատասխանեցի. մենք ստեղծել ենք կոալիցիա, մենք այդ հարցը լուծելու ենք այնպես, ինչպես խմբակցությունով կորոշենք: Ծառուկյանը նախագահի թեկնածու չի լինելու, Ծառուկյանը իր աշխատանքն է կատարելու, գործարար է, ԱԺ պատգամավոր է, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն է:

– Որտե՞ղ եք տեսնում Ռոբերտ Քոչարյանին պաշտոնից հեռանալուց հետո:

– Ես այսօր չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանը ինչ կորոշի, դա իր անձնական խնդիրն է: Բայց այսօր կարող է՝ մարդը լիարժեք հոգնել է այդ ծանր աշխատանքից, էսքան խոսակցություններ, մանավանդ թերթերը բացում ես՝ տեղին ու անտեղի դնում ու գրում են: Մարդ է, կարող է՝ հոգնել է, բայց իր աշխատանքը, ես կարող եմ հստակ ասել, իր աշխատանքը պետք է մեր երկրին եւ ժողովրդին, ինքը շատ մեծ փորձ ունի, շատ պատրաստված մարդ է, եւ դա օգուտ է երկրին եւ ժողովրդին, անկախ նրանից, թե ինքը ինչ կորոշի:

– Ձեր կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞ նախագահի թեկնածու:

– Այդ թեման շոշափվում է արդեն երկու ամիս, բացի իրենից՝ բոլորը խոսում են, բոլորը ասում են, բայց ինքը չի խոսում, դրա համար մինչեւ ինքը իր կարծիքը չհայտնի, տվյալ թեմայի մասին խոսելը էլի ավելորդ է: Երբ որ ինքը կխոսի, այդ ժամանակ այդ հարցերին կպատասխանեմ: Իմ դռները բոլորիդ համար բաց են, միայն իմ խնդրանքը. ինչ որ հարց կա իմ հետ կապված, իմ կառույցի հետ կապված, կեսբերան մի հատ զանգեք, ասեք՝ պարոն Ծառուկյան, ըսենց բան կա: Մենք ձեզ ճիշտը կասենք:

– Իսկ ընդդիմադիր որեւէ գործչի տեսնո՞ւմ եք որպես այլընտրանք:

– Ձեզ մի բան ասեմ. ամենակարեւորը որ մարդը այդ պաշտոնին ձգտում է, պետք է մտածի ծանրության մասին, մարդը մինչեւ դա պետք է արած գործ ունենա, ծանրություն զգա, թեկուզ մի հատ գյուղ սարքած լինի, գյուղ պահած լինի, որ երկրի մասին խոսեն: Մարդ կա՝ 4 հոգիանոց կոլեկտիվ չունի, երկրի կառավարումից է խոսում, բարգավաճումից է խոսում, այդպիսի բան չի կարող լինել: Ես իրական կյանքից եմ ասում, պրակտիկորեն որ մտածում եմ, իրոք, մարդը պետք է այդ հզորությունը, այդ ծանրությունը փոքրուց տեսած լինի:

– Ճի՞շտ է, որ Հայաստանում ձեր բիզնեսը վաճառում եք:

– Հերյուրանք է: Ով այդպիսի բան կասի՝ դուք ասեք, որ Ծառուկյանը պատրաստ է քո եղած-չեղածը կրկնակի գնով գնել:

– Ինչի՞ց եք վախենում, որ մեծ թիկնազորով եք շրջում:

– (Ծիծաղում է) Ես շատ թույլ տղա եմ, վախենում եմ փողոցում նեղացնեն: Ես 25 հազար աշխատող ունեմ, ամեն մեկը մի հարցով դիմում է:

– Երբ աղոթում եք, ի՞նչ եք խնդրում Աստծուց:

– Աստծուց շնորհակալ եմ, որ ինձ արժանացրել է այս վիճակին, որ ապրեցինք նորմալ, վայելեցինք, հիմա էլ դահլիճի հետ, իմ ընտանիքի հետ, անփորձանք, «Հայր մերն» եմ ասում ու քնում: Առավոտյան նորից ասում եմ. ամեն հայ քրիստոնյա պարտավոր է Աստծուն շնորհակալություն ասել, որ ինքն այդ օրը լավ օր է անցկացրել ու հանգիստ քնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել