Միջմշակութային համագործակցությունը՝ ըստ ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
Երեկ ՀՀ նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա հայկական կողմի գլխավոր հանձնակատար Վիգեն Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մամուլի ասուլիս էին հրավիրել: Նրանք խոսեցին Ֆրանսիայում Հայաստանի տարվա առիթով կազմակերպված «Սուրբ Հայաստան» խորագրով ցուցահանդեսների շարքի մասին եւ ներկայացրին այսօր Հայաստանի պատմության թանգարանում անցկացվելիք «Սուրբ Հայաստան՝ վերադարձ տուն» ցուցահանդեսի մանրամասները: «Սեպտեմբերի 11-ը մեզ համար կարեւոր օր է. ամփոփում ենք Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումները»,- նշեց Վ. Սարգսյանը: Նա հավելեց. «Ֆրանսիայի 165 քաղաքներում տեղի ունցավ 850 միջոցառում: Հայաստանից 1600 մարդ մասնակցեց տարվա միջոցառումներին եւ ծրագրերին: Մեր երկրից Ֆրանսիա տեղափոխվեց մոտ 250 տոննա բեռ: Դրանցից յուրաքանչյուրի գրամն անգամ ուներ հսկայական բարոյական եւ նյութական նշանակություն, քանի որ խոսքը վերաբերում է մեր մշակութային ժառանգությանը»: Հիշեցնենք, որ մտավորականների այն մտահոգությանը, թե ինչպես կարելի է նույն ինքնաթիռով հայ ժողովրդի ազգային ինքնությունն ու հավաքական հիշողությունը բյուրեղացնող գանձերը դուրս տանել, Վ. Սարգսյանն ընդամենն արձագանքել էր. «Դրանք ապահովագրված են»: Մեր տեղեկություններով, «Ֆրանսիայում Հայաստանի տարվա» առիթով մի քանի վեբկայքեր էին բացվել ու միջոցառումների ավարտին փակվել: Վ. Սարգսյանը «Առավոտին» հայտնեց, որ նման բան չկա. բացվել էր միայն մեկ կայք՝ www.Armenie-mon-ami.com, որն այսօր էլ գործում է:
«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ պետության ներկայացուցիչները Հանրային հեռուստատեսությամբ ոչ մի անգամ չհիշեցին, որ օրերս կյանքից հեռացած աշխարհահռչակ տենոր Լուչիանո Պավարոտին 1988-ի երկրաշարժից հետո բարեգործական համերգ է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հասույթը փոխանցելով Հայաստանին, ժողովրդի համար կարեւոր շրջանում կարեկից եղել, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արդարացավ. «Ես հեռագիր եմ ուղղել իրենց մշակույթի նախարարին ու ցավակցել այդ առիթով: Մենք պետք է իրենց կողքին լինեինք եւ իրենց հետ սգայինք խաղաղության սիմվոլ այդ անհատի մահը: Հայկական դեսպանատունն էլ այնտեղ մեր անունից սգո պսակ է տարել: Հավանաբար մեղքն իմն է, որ այդ ինֆորմացիան չենք տվել մամուլին… Շատ եմ ափսոսում երգչի մահվան համար»: Իսկ Վ. Սարգսյանը դժվարացավ պատասխանել այդ հարցին. «Գրեթե ոչինչ չեմ կարող ասել… դա մի քիչ սուբյեկտիվ հարց է: Բացի այդ, այս տարիների ընթացքում Պավարոտին Հայաստանի հետ ուղիղ առնչություն չի ունեցել: Եվ հետո գուցե ցավակցական հեռագիրը չե՞ն իմացել՝ ֆորմալ ում ուղարկեն… Համենայնդեպս, նախագահի աշխատակազմում նման քննարկում չի եղել»: