Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակ պատկեր»՝ դպրոցներում

Սեպտեմբեր 11,2007 00:00

ԳԹԿ-ն խոստանում է ջրի երես հանել տնօրենների եւ կրթության վարչությունների «մութ» գործերը

PR ասոցիացիան եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սեպտեմբերի 8-9-ին Ծաղկաձորում կազմակերպել էին սեմինար՝ «Կրթական բարեփոխումները Հայաստանում» թեմայով: ԿԳ նախարարության փորձագետները շատ վերացական ու մշուշոտ ներկայացրին կրթության զարգացման տեսլականը, անդրադարձան հանրակրթական, հատուկ դպրոցների, բուհական համակարգի բարեփոխումներին եւ այլնին: Ի տարբերություն մյուս բանախոսների, Գնահատման ու թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կանոնակարգային մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը ոչ թե երկար-բարակ ու հերթապահ բառերով լեցուն զեկույց կարդաց, այլ խոսեց օրինակներով, խոստանալով կոնկրետ անուններ ներկայացնել առաջիկայում:

Պրն Նասիբյանը հիշեցրեց, որ հունիսի 1-ի հայոց լեզու եւ գրականություն առարկայի ավարտական եւ միասնական քննությանը մասնակցել է մոտ 53000 շրջանավարտ, ընդ որում, միասնականին՝ 14679 մարդ, ավարտականին՝ 37326: Միասնական քննությունից բացակայել է 164 աշակերտ, ամենաշատը Երեւանից՝ 55 շրջանավարտ, Արմավիրից՝ 26, Գեղարքունիքից՝ 21: Նա նշեց, որ քննությունների արդյունքների հիման վրա ԳԹԿ-ն ունի Հայաստանի բոլոր դպրոցների պատկերը: «Գիտենք, թե որ դպրոցում ինչ է կատարվել, որ տնօրենն ինչ է արել: Ի դեպ, մարզերում վիճակը համեմատաբար լավ էր, մինչդեռ Երեւանի որոշ դպրոցների տնօրեններ, այսպես ասած, չափն անցել էին: Երեւանում արդյունքները խայտառակ են»,- «Առավոտին» ասաց ԳԹԿ-ի ներկայացուցիչը, հավելելով, որ ամեն ինչ դեռ պետք է քննարկվի ԿԳ նախարարի, հանրակրթության վարչության եւ տեսչության հետ. «Մարզերի որոշ դպրոցներում էլ են խախտումներ եղել, բայց դրանց թիվը մեծ չէ: Եթե ավարտական քննության միջին միավորը Երեւանում կազմել է 16,4, ապա մարզերում՝ 14,7 միավոր: Ավարտականի վերաքննության ժամանակ եւս կրթության վարչության որոշ ղեկավարներ չափն անցել են: Օրինակ՝ չներկայացած, իսկ ավելի ստույգ՝ «անբավարար» ստացած աշակերտը հետո 20 է ստացել: Մեկ այլ դեպքում՝ 2 աշակերտ, որոնք իրենց դպրոցում ստացել էին «անբավարար» եւ համարվում էին վատ սովորողները, մասնակցելով վերաքննությանը, հանկարծ 18 միավոր են ստացել՝ ավելի բարձր, քան դպրոցի լավ սովորողները: Երբ օգոստոսյան խորհրդակցություններից մեկի ժամանակ մարզերից մեկում բարձրացրինք այս հարցը, մարզպետը տվյալ դպրոցի տնօրենին վատ խոսքեր ուղղեց, վերջինս էլ արդարացավ, թե առաջին տարին էր ու իրենք անփորձ էին»: «Առավոտի» մյուս հարցին՝ ԳԹԿ-ում մտավախություն չունե՞ն, որ իրենց «վատ պահած» դպրոցների տնօրենները՝ ունենալով ազդեցիկ հովանավորներ, կխուսափեն պատասխանատվությունից, Կ. Նասիբյանը հայտնեց. «Արդեն պայմանավորվածություն կա ԿԳ նախարարության տեսչության հետ եւ նախարարի հանձնարարականը, որ ստուգումներ անցկացվեն չափից ավելի խախտումներ կատարած դպրոցներում: Օրինակ՝ մի դպրոցում ավարտական քննության 27 մասնակցից 25-ը ստացել է 19-20 միավոր, այն դեպքում, երբ տարվա ընթացքում շատերն անգամ կիսամյակում են երկուսներ ունեցել»: Իսկ չե՞ն վախենում հարաբերությունները փչացնել որոշ կոլեգաների հետ՝ մեր հարցին էլ Նասիբյանը պատասխանեց. «Այդ ծանր բեռի տակ արդեն մտել ենք»: Նաեւ հավելեց, որ որոշ օլիգարխ հայրիկներից իրենց ուղղված սպառնալիքներ են հնչել հայոց լեզու եւ գրականություն առարկայից ցածր ստացած երեխաների գնահատականների պատճառով:

Խոսելով ներկայումս վաճառվող թեստերի խմբաքանակի մասին, պրն Նասիբյանը խորհուրդ տվեց զերծ մնալ դրանք ձեռք բերելուց. «Ստեղծվել է բիզնես անելու հնարավորություն, շրջանառության մեջ են դրվել թեստեր, որոնք գիտականորեն կազմված չեն եւ չեն անցել համապատասխան փորձարկում: Հնարավոր է երեխան դրանք անգիր արած գնա քննության ու հանդիպելով այլ առաջադրանքի՝ փաստի առաջ կանգնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել