Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ՝ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սեպտեմբեր 11,2007 00:00

\"\"Դատարանը «սպանեց» նկարչին

Տավուշի մարզի Բերդի հիվանդանոցում 2005թ. հոկտեմբերի 1-ին ծննդաբերելիս մահացավ Կարինե Աթոյանը: Բժիշկները չկարողացան փրկել նաեւ նրա 8,5 ամսական ձեւավորված պտուղը: Քրեական գործ հարուցվեց բժիշկների՝ Յուրա Նասիբյանի, Գագիկ Մելիքյանի, Գրետա Մաճկալյանի նկատմամբ: Քրեական գործը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան ուղարկվելուց հետո պարզվեց, որ Յու. Նասիբյանին ինչ-ինչ եղանակով կարողացել են ազատել պատասխանատվությունից, իսկ մնացածին մեղադրել են միայն Կ. Աթոյանի մահվան համար. «փորձագետները» չցանկացան 8,5 ամիս ձեւավորված երեխային ճանաչել ձեւավորված մարդ: Մեղադրեցին անզգայացնողին՝ Գ. Մելիքյանին եւ լաբորանտին՝ Գ. Մաճկալյանին:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Ռաֆիկ Մելիքյանի նախագահությամբ, 2007-ի հունիսի 25-ին գործն ուղարկել է լրացուցիչ նախաքննության: ՀՀ ոստիկանության քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը: Հիշեցնենք, սակայն, որ այս տարվա հունիսի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը լրացուցիչ նախաքննության ինստիտուտի գոյությունը համարել է հակասահմանադրական, դրանով իսկ դատարաններին պարտադրելով չխուսափել դատավճիռ կայացնելուց: Կարինե Աթոյանի 53-ամյա հայրը՝ նկարիչ Ռադիկ Աթոյանը, չդիմանալով դատական անվերջանալի քաշքշուկներին, սրտի կաթվածից հուլիսի 3-ին մահացել է:

Կիրակի օրը Վերնիսաժում՝ «Մայրաքաղաքի ստեղծագործական միության» անդամները դարձյալ ծաղիկներ դրեցին իրենց նկարիչ ընկերոջ այլեւս դատարկ մնացած նկարների տեղում: Նրանք հուզված էին: Մինչ օրս նկարիչներից որեւէ մեկը Ռադիկի տեղը չի զբաղեցնում: «Դատարանը սպանեց մեր ընկերոջը: Նա աղջկան էր կորցրել՝ երեխայով: Անվերջ կուլ էր տալիս իր ցավը: Սիրտը փխրուն էր, չդիմացավ,- ասում է նկարիչ Ռաֆայել Ջավուկցյանը եւ հավելում:- Բնանկարչի ընտանիքը կորցրել է իր գլխավոր կերակրողին: Մեծ նկարիչ էր՝ Վերնիսաժի աղը: Արդարադատությունը ֆիզիկապես ճզմեց նրան: Ամեն շաբաթ նկար էր վաճառում, որպեսզի կարողանա Երեւանից Տավուշի մարզ գնալ՝ աղջկա գործով դատավարություններին մասնակցելու համար»: Մեկ այլ նկարիչ ցույց է տալիս կաղնու ծառը եւ ասում. «Միայնակ, ոնց որ Ռադիկը լինի»: Նկարիչները հուզված պատմում էին, թե ինչպես էր Ռադիկը աղջկա մահվանից հետո 4 ամիս դադարել նկարել, թե ինչպիսի ապրումներ էր ունենում յուրաքանչյուր դատից հետո, թե ինչպես բժիշկները կատարվածի համար չէին զղջացել:

Նկարիչ Գարիկ Եղիազարյանը, որը Աթոյանի մտերիմներից է եւ իրեն համարում էր նրա աշակերտը, տեղեկացրեց, որ Վերնիսաժի նկարիչների անունից նամակներ էին ուղարկել երկրի նախագահին, ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին. «Եղերական մահ է: Սիրտը չդիմացավ: Ցավոք, այն միջավայրում ենք հայտնվել, որ չգիտենք, թե ո՞ր օրենքն է գործում»: Գարիկը պատմեց, որ դատական վերջին նիստից հետո՝ հունիսի 25-ին նկարիչը ցնցված էր: Նկարիչների կողքին էր նաեւ Ռադիկի կինը՝ Սվետա Աթոյանը: Նա էլ «օպտիմալացման» տակ ընկած մանկավարժ է, ունի երկու ուսանող երեխա եւ հիվանդ, տարեց սկեսուր: Առաջին ատյանի դատարանում չի ունեցել փաստաբան, հիմա առավել է դժվարացել նրա վիճակը, քանի որ նյութական հնարավորություն չունի փաստաբան վարձելու: 2 տարի է, ինչ ըստ էության նախաքննություն է իրականացվում, իսկ Աթոյանների վնասի փոխհատուցման հարցը դեռ չի լուծվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել