Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Սեպտեմբեր 11,2007 00:00

Նորընտիր Ազգային ժողովի 4-րդ գումարման երկրորդ նստաշրջանի սեպտեմբերի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը:

Սա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Փոփոխված Սահմանադրությամբ գլխավոր դատախազը նշանակվում է ոչ թե հանրապետության նախագահի, ինչպես մինչ այդ էր, այլ Ազգային ժողովի կողմից՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ, 6 տարի ժամկետով, ընդ որում՝ միեւնույն անձը չի կարող երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է գործող դատախազ Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Այլ թեկնածություններ չկան: Երեկ խորհրդարան էր եկել վարչապետ Սերժ Սարգսյանը, ում էլ «Ազատություն» ռադիոկայանը հարցրեց՝ պաշտպանելո՞ւ է արդյոք Հանրապետականը գլխավոր դատախազի պաշտոնում նախագահի առաջադրած թեկնածությունը, վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետը Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցի փոփոխությանը, Սերժ Սարգսյանը արձագանքեց. «Հարցրեք դատավորին կամ դատախազին: Չգիտեմ նույնիսկ, թե ով է որոշումը կայացրել»:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ի պատասխան հարցին՝ հաշվի առնելով, որ երկրում աղմկահարույց բազմաթիվ հանցագործություններ են կատարվում եւ հիմնականում չեն բացահայտվում, ինչո՞վ է ուրեմն պայմանավորված գլխավոր դատախազի պաշտոնում նույն անձի թեկնածությունը ներկայացնելը, ասաց. «Ես կարծում եմ՝ դատախազությունում սկսվել է կարեւոր բարեփոխումների մի շրջան, հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո, եւ համոզված եմ, որ շատ կարեւոր է, որ այդ բարեփոխումները շարունակվեն եւ ունենան արդյունավետ ավարտ: Ինչ վերաբերում է նշած դեպքերին, ապա համոզված եմ՝ խորհրդարանի դահլիճում պարոն Հովսեփյանի թեկնածության քննարկման ժամանակ հարցեր են հնչելու այդ դեպքերի հետ կապված, եւ հուսով եմ, որ պարոն Հովսեփյանը սպառիչ պատասխաններ կտա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել